ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստանում է պատմական ժամանակահատվածում. այսօր Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը, որը երկրում ընթացող ներկայիս քաղաքական քննարկումների գլխավոր թեման է:
Նա հայտնել է նաև, որ այսօր տրվել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի պաշտոնական մեկնարկը, որը կենսական ու ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի համար։
Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով ինչպես ռազմավարական երկխոսությունը, այնպես էլ ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը։
Կարդացեք նաև
Նիկլաս Վագները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է խորհրդարանական համագործակցության ակտիվացումը՝ մասնավորապես ընդգծելով բարեկամական խմբերի միջև սերտ փոխգործակցության նշանակությունը։
Սարգիս Խանդանյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
ՀՀ Ազգային ժողով



















































