«Ես շարունակում եմ համոզված մնալ, որ «Ո՛Չ»-ի ճակատը պետք է ձևավորվի ոչ թե որևէ անձի, այլ գաղափարի շուրջ։ Ո՛Չ մեր պետականության հիմքերի թուլացմանը, Ո՛Չ ազգային հիշողության արժեզրկմանը, Ո՛Չ այն գործընթացներին, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ինքնությունը»․ «Առավոտի» զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Թելման Պետրոսյանը:
-Հայ ազգային կոնգրեսը, որի նախընտրական ցուցակում նաեւ Դուք էիք ընդգրկված, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում ստացավ 1699 ձայն կամ 0,21 տոկոս․ իբրեւ քաղաքական հավակնություններ դրսեւորող երիտասարդ, հիասթափեցնո՞ղ էր մեկնարկը։ Տպավորություն չէ, որ այս քաղաքական ուժն իր արդիականությունը կորցրել է, ՀԱԿ-ի անելիքն էլ քաղաքական դաշտում կարծես ավարտվել է։
-Ոչ, հիասթափեցնող չէր։ Հիասթափեցնող կլիներ, եթե ես քաղաքականություն մտնեի միայն այն ժամանակ, երբ դա շահավետ է, կամ միայն այն ուժի կողքին կանգնեի, որն այդ պահին բարձր վարկանիշ ունի։ Ես ՀԱԿ-ում եմ ոչ թե թվերի, այլ գաղափարների պատճառով։ Եթե վաղը այդ գաղափարներին հավատարիմ մնա 100 մարդ, ես նույն համոզմամբ կլինեմ նրանց կողքին, որովհետև սկզբունքները չեն փոխվում ընտրությունների արդյունքներից։
Իսկ այն պնդումը, թե Հայ ազգային կոնգրեսը կորցրել է արդիականությունը, իրականության հետ քիչ կապ ունի։ Արդիականությունը որոշվում է ոչ թե հավաքած ձայներով, այլ ասված խոսքի ճշմարտացիությամբ։ Այսօր էլ Հայաստանը կանգնած է այն նույն խնդիրների առաջ, որոնց մասին ՀԱԿ-ը զգուշացնում էր տարիներ առաջ։
Կարդացեք նաև
Պարզապես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հասարակությունը հաճախ նախընտրում է լսել հաճելի խոսքեր, ոչ թե դժվար ճշմարտություններ։ Բայց քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակը վերջում իր տեղն է դնում ամեն ինչ։ Կան ուժեր, որոնք մեծ աջակցություն են ունենում, բայց հետք չեն թողնում, և կան ուժեր, որոնք տվյալ պահին մնում են փոքրամասնություն, սակայն պահպանում են իրենց արժանապատվությունն ու քաղաքական ճշմարտությունը։
Ուստի ինձ համար 1699-ը կամ որևէ այլ թիվ որոշիչ չէ։ Որոշիչն այն է, որ ես շարունակում եմ հավատալ այն արժեքներին, որոնց համար պայքարել եմ երեկ, պայքարում եմ այսօր և պատրաստ եմ պայքարել վաղը։ Քաղաքականությունը մարաթոն է, ոչ թե մեկ ընտրության արդյունք։
-Սահմանադրական դատարանում ընթացող յոթ կուսակցությունների դիմումների քննությանը՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասով, վստահ եմ՝ հետեւում եք։ Ի՞նչ եզրահանգումներ ունեք։
-Անկեղծ ասած, այս պահին չէի ցանկանա որևէ գնահատական տալ կամ կանխատեսել Սահմանադրական դատարանի որոշումը։ Կարծում եմ՝ պետք է սպասել գործընթացի ավարտին և դատարանի հրապարակային հիմնավորումներին։
–«Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարեց ընդդիմության կոնսոլիդացիայի մասին՝ հանուն իշխանափոխության։ ՀԱԿ-ի եւ «Ուժեղ Հայաստանի» միավորման մի բանակցությունը նախընտրական շրջանում արդյունք չտվեց։ Հիմա կա՞ն քաղաքական կոնսուլտացիաներ այս երկու ուժերի միջեւ։ Գոնե հետընտրական համագործակցությունը հնարավո՞ր է։
-Եթե խոսենք, թե ինչու չկայացավ ՀԱԿ–«Ուժեղ Հայաստան» համագործակցությունը, ապա ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք։ Հայ ազգային կոնգրեսը բանակցություններին մասնակցում էր առանց որևէ կուսակցական նախապայմանի, առանց պաշտոնների, տեղերի կամ այլ քաղաքական պահանջների ակնկալիքի։ ՀԱԿ-ի համար առաջնայինը իշխանափոխության օրակարգի շուրջ հնարավորինս լայն համախմբումն էր, ոչ թե նեղ կուսակցական շահը։ Մենք չէինք փորձում ինչ-որ բան կորզել կամ պարտադրել, որովհետև հասկանում էինք, որ ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը ոչ թե առանձին կուսակցությունների հաջողությունն է, այլ միասնական ճակատի ձևավորումը։ Իմ գնահատմամբ՝ համագործակցությունը չկայացավ, որովհետև որոշ քաղաքական դերակատարներ ավելի շատ հավատացին իրենց հաղթանակի անխուսափելիությանը, քան համախմբման անհրաժեշտությանը։ Իսկ քաղաքականությունը շատ հաճախ պատժում է հենց այդպիսի սխալ հաշվարկները։
Ես այդ մասին գրել եմ նաև իմ բաց նամակում։ Եթե քո դեմ աշխատում են վարչական ռեսուրսները, քարոզչական մեքենան և քաղաքական ճնշումները, ապա ուժերը միավորելը դառնում է ոչ թե ցանկալի, այլ պարտադիր պայման։ Ցավոք, այդ գիտակցումը ժամանակին չձևավորվեց, և արդյունքում ընդդիմադիր դաշտը ընտրություններին մասնակցեց մասնատված։ Այսօր մենք արդեն գործ ունենք հետընտրական իրողության հետ, և բնական է, որ շատերը փորձում են խոսել նոր համագործակցությունների մասին։ Սակայն ՀԱԿ-ի և «Ուժեղ Հայաստանի» միջև ընթացող քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ տեղեկություն չունեմ և չեմ ցանկանում ենթադրություններ անել։
Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր դաշտի չկայացած կոնսոլիդացիան ընտրությունների կարևոր դասերից մեկն է։ Եվ եթե կա եզրակացություն, որ պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը, ապա այն է, որ պետական նշանակության հարցերում կուսակցական հաշվարկները պետք է զիջեն համազգային շահին։
Հենց այդ պատճառով էլ ես այսօր կոչ եմ անում բոլոր ուժերին միավորվել «Ո՛Չ»-ի պայքարի շուրջ։ Եթե երեկ չկարողացանք համախմբվել ընտրությունների համար, ապա առնվազն պետք է կարողանանք համախմբվել Հայաստանի պետականության, Անկախության հռչակագրի և մեր սահմանադրական հիմքերի պաշտպանության համար։
-Առհասարակ, ի՞նչ եք մտածում հետընտրական քաղաքական զարգացումների մասին, ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է դրսեւորվեն իշխանափոխություն պահանջող ուժերը, որոնք նաեւ հանրային վստահության բավական մեծ մակարդակ ունեն՝ ըստ ընտրությունների արդյունքների։
-Եթե անկեղծ խոսենք, ապա այն, ինչի ականատեսն ենք այսօր, մեծ մասամբ հետևանքն է այն բանի, որ ընդդիմադիր և իշխանափոխություն պահանջող ուժերը չկարողացան ընտրություններից առաջ ձևավորել միասնական քաղաքական ճակատ։
Ես այդ մասին խոսել եմ նաև նախկինում․ քաղաքական պայքարում միայն հանրահավաքներով, բարձր վարկանիշներով կամ սոցիոլոգիական հարցումներով հաղթանակ չի ապահովվում։ Պետք էր սառը հաշվարկ, քաղաքական հասունություն և կոնսոլիդացիա։ Ցավոք, շատերը կարծում էին, թե արդեն հաղթել են, մինչդեռ իրական քաղաքականությունը հաղթանակը նախապես չի նվիրում ոչ մեկին։
Այսօր արդեն հետադարձ հայացքով բոլորը տեսնում են, որ մասնատված ընդդիմադիր դաշտը բերեց այն արդյունքին, որի պտուղները հիմա քաղում ենք։ Բայց նույնիսկ հիմա ուշ չէ ճիշտ հետևություններ անելու համար։ Ինձ համար այս փուլում ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե որ քաղաքական ուժն է ստացել ավելի շատ կամ ավելի քիչ ձայն, այլ այն, թե արդյոք կա՞ կամք համախմբվելու այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանի պետականությանը, սահմանադրական կարգին և ազգային շահերին։
Այսօր, երբ խոսվում է Անկախության հռչակագրի դերի վերանայման, Սահմանադրության փոփոխությունների և մեր պետականության գաղափարական հիմքերի վերաձևակերպման մասին, քաղաքական ուժերը պարտավոր են մտածել ոչ թե իրենց կուսակցական շահերի, այլ Հայաստանի Հանրապետության շահերի մասին։ Ես շարունակում եմ համոզված մնալ, որ «Ո՛Չ»-ի ճակատը պետք է ձևավորվի ոչ թե որևէ անձի, այլ գաղափարի շուրջ։ Ո՛Չ մեր պետականության հիմքերի թուլացմանը, Ո՛Չ ազգային հիշողության արժեզրկմանը, Ո՛Չ այն գործընթացներին, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ինքնությունը։
Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան այս գիտակցությամբ գործել, եթե կարողանան իրենց քաղաքական ամբիցիաներից վեր կանգնել, ապա դեռ հնարավոր է ձևավորել այն համազգային դիմադրությունը, որի կարիքը երկիրն այսօր ունի։
Քաղաքական ուժերը գալիս ու գնում են, ընտրությունները նույնպես անցնում են, բայց պետականությունը մեկ անգամ է կորցվում։ Հենց այդ պատճառով ես այսօր շատ ավելի կարևոր եմ համարում ոչ թե պաշտոնների կամ մանդատների հարցը, այլ համախմբումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2026


















































