Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով հանդիպումը Հայաստան–Ֆրանսիա բազմաշերտ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կրթության, մշակույթի և ֆրանկոֆոնիայի ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Կողմերն առանձնակի կարևորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հուշագրերը և դրանցից բխող նոր գաղափարների իրականացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել 2027 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացմանը՝ որպես Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման, երիտասարդության ներգրավման և ֆրանկոֆոն համագործակցության խորացման կարևոր հնարավորություն։ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուան փոխանցել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին խաղերի կազմակերպման հարցում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն ու տարածմանն ուղղած ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանի 250 դպրոցների շուրջ 60 հազար աշակերտներ ուսումնասիրում են ֆրանսերեն: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի դերը՝ որպես ֆրանսերենով կրթության և ֆրանկոֆոն մշակույթի տարածման կարևոր կենտրոն Հայաստանում։
Անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն մասնագետների պատրաստման հարցին՝ շեշտելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) կարևոր դերակատարումը: Նշվել է նաև կրկնակի դիպլոմների (double degrees) և համատեղ կրթական ծրագրերի ընդլայնման կարևորությունը Հայաստանի և Ֆրանսիայի բուհերի միջև։
Ժաննա Անդրեասյանը բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ներկայացնելով աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում քննարկվել է Ֆրանսիայի բուհերի և հետազոտական կենտրոնների հնարավոր ներգրավումը նախագծում և համատեղ գիտահետազոտական կենտրոնների, լաբորատորիաների և ինովացիոն հարթակների ստեղծման հեռանկարը։
Կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի ուսումնական հաստատություններում արհեստական բանականության ներդրմանն ուղղված ծրագրերն ու արձանագրված հաջողությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


















































