Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներին,
դրանց պատասխանատուներին
Հարգելի գործընկերներ,
Մենք՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված կազմակերպության՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում մեր մտահոգությունը հայտնել վերջին օրերին տեղի ունեցող գործընթացների առնչությամբ։
Կարդացեք նաև
Մասնավորապես, մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները, որոնք իրականացվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ և ուղեկցվում են վերջինիս հետ փոխկապակցված մի շարք կազմակերպությունների գործունեության սահմանափակումներով, ստուգումներով, որոշ դեպքերում նաև տարածքների կապարակնքմամբ կամ այլ վարչական միջոցների կիրառմամբ։ Առնվազն այդ պրոցեսների համաժամանակյա մեկնարկի համընկնումը վերոհիշյալ քրեական վարույթի հետ ինքնին կասկած առաջացնող հանգամանք է։
Անկախ տվյալ գործընթացների իրավական հիմքերից և անհրաժեշտությունից՝ հատկապես կարևոր ենք համարում, որ պետական մարմինների բոլոր գործողություններն իրականացվեն օրենքի գերակայության, քաղաքական չեզոքության, համաչափության, իրավական որոշակիության և տնտեսական գործունեության անընդհատության սկզբունքների պահպանմամբ։ Ցանկացած միջամտություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործող բիզնեսների բնականոն գործունեության, աշխատակիցների աշխատանքի իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների կամ ներդրումային միջավայրի վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն և հավասարակշռված մոտեցում։
ՓՄՁ ասոցիացիան որևէ քաղաքական ուժի կամ դրա ղեկավար կազմի հետ չի ունեցել և չունի համագործակցային կամ այլ բնույթի կապեր։ Ասոցիացիան ապակուսակցական կառույց է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանության, մեր երկրում գործարար միջավայրի բարելավման և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման նպատակով։
Հաշվի առնելով, որ մեր երկրում այդպես էլ չներդրվեց բիզնես շահերի պաշտպանության (բիզնես օմբուդսմեն) անկախ ինստիտուտը, իսկ մեր երկրում գործող Մարդու իրավունքների պաշտպանը իր հուլիսի 8-ի հայտարարությամբ հանդես է եկել վերոհիշյալ ձերբակալության միայն ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության և այլնի մասով, մենք՝ որպես Հայաստանում գործող բիզնես շահերի պաշտպանության մանդատով հանդես եկող միություններից մեկը, կարևորում ենք հրապարակային հանդես գալը բիզնես շահերի պաշտպանության հայտարարությամբ։ Որով, ևս մեկ անգամ կոչ ենք անում, սույն պրոցեսներում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին, որ յուրաքանչյուր գործողություն լինի ոչ միայն իրավաչափ, այլև հանրության համար թափանցիկ, հիմնավորված և վստահություն ներշնչող՝ այդ թվում բիզնես համայնքի համար։
Հույս ենք հայտնում, որ սույն հայտարարությունը կնպաստի պետական և մասնավոր հատվածի միջև կառուցողական երկխոսությանը և կծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ ապահովելու իրավական պետության, արդար մրցակցության, ներդրումների պաշտպանության և տնտեսության կայուն զարգացման սկզբունքների պահպանմանը։
Հակոբ Ավագյան
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ


















































