ԵՄ-ն դեպի իրեն է ձգում Հայաստանին, բայց օգնել չի կարող
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ ՍՎՌ-ին ստացվող տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են Հայաստանի համար խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս հայտնվի։
Նշվում է, որ եվրասիական ինտեգրմանը մասնակցությունից ստացվող եկամուտների զրոյացումը թույլ չի տա ԵԱՏՄ անդամների հաշվին ապահովել ԵՄ-ի ուղղությամբ «թիավարող» հայկական իշխանությունների կայունությունը։ Եվրոպական կառույցներում ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությամբ և եվրապաշտոնյաների մոլագար ձգտմամբ՝ աջակցելու Ուկրաինայում պատերազմին, Բրյուսելին թույլ չեն տա Երևանին փոխհատուցել միլիարդավոր կորուստները։
Եվրոպայի բազմաթիվ երկրներ արդեն ազդանշաններ են ուղարկել ԵՄ ղեկավարությանը՝ նշելով, որ պատրաստ չեն իրենց ազգային արտադրողների հաշվին բացել իրենց շուկաները հայկական ապրանքների համար։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, բրյուսելյան բյուրոկրատները շարունակելու են համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում։ ԵՄ պաշտոնյաները կոնկրետ օգնության տրամադրման ձգձգումը մտադիր են բացատրել նրանով, որ ԵՄ-ին անդամակցելը լիովին կախված կլինի Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից արդեն այժմ պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և ճնշել այդ քաղաքականությանը դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին։
Նման ուղղությունը խրախուսելու համար նախատեսվում է օգտագործել հայ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների շահարկումները և «հեռավոր հրաշալի ապագայում» տրված խոստումները՝ Հայաստանը «բարգավաճող խաղաղության խաչմերուկի» վերածելու վերաբերյալ։
Բրյուսելը չպետք է հույսեր փայփայի, թե ԵԱՏՄ երկրները Երևանի քաղաքական անձնակազմին թույլ չեն տա սուզվել, որ կպահեն այն ջրի երեսին և կֆինանսավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակ


















































