Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն ու պատուհան է». Փաշինյանը՝ ԵԱՏՄ սահմանափակումների մասին

Հուլիս 30,2026 12:46 Share

Կառավարությունն այսօրվա նիստում ձկնաբույծներին աջակցելու ծրագիր ընդունեց։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց, որ ծրագրով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արմավիրի ու Արարատի մարզերում գտնվող ձկնաբուծական 135 տնտեսություններին, որոնք միաժամանակ ԱԱՀ վճարող են հանդիսանում։

«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձեւով հետեւյալ բանաձեւով. 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով։ Ընդ որում, մեկ կգ համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Այս աջակցության անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանումների սահմանափակումներով, որպեսզի առաջացած ֆինանսական դժվարությունները մեղմենք»,- ասաց Պապոյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Լավ է, որ մենք այս իրավիճակում մեր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցում ենք։ Բայց ես կարծում եմ, որ այս ողջ պրոցեսը լավ առիթ է, որպեսզի մենք ոլորտների հետ կապված բովանդակային հարցերին նույնպես անդրադառնանք»։

Նա նշեց, որ տնտեսությունում դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել։

«Նույն ձկնաբուծական ոլորտի հետ կապված ինձ հետաքրքիր է, թե ոլորտն ինչքան հարկ էր գեներացրել։ Եվ պարզվեց, որ ձկան արդյունաբերության տարեկան հարկերը 2.5-3 մլրդ դրամի շրջանակում են։ Իսկ եթե հետահայացք նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի՝ արտեզյան ջրավազանի հետ եւ կշեռքի մի նժարին դնենք սա, մյուս նժարին՝ նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում ու սպառում։ Ինչո՞ւ է հարկային եկամուտը տարեկան 2.5-3 մլրդ դրամ, այս հարցերը պետք է պատասխան ստանան։ Կամ այստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այդ ստվերի հետեւից պետք է գնանք»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՌԴ կիրառած սահմանափակումների հետեւանքով ստեղծված իրավիճակին։

«Այսօրվա իրավիճակը՝ կապված ԵԱՏՄ եւ ռուսական շուկայի հետ, շատերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն։ Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն է, սա ճանապարհ է եւ պատուհան է, որը մեր առաջ բացվել է։ Այսինքն՝ չի բացվել, մենք ինքներս ենք բացել այդ պատուհանը մեր առաջ։ Ծխնիները յուղել ենք, բռնակները յուղել ենք եւ հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը, եւ օդափոխությունը պետք է կազմակերպել նորմալ: Պետք է որոշում կայացնել, էլի եմ ասում՝ ավարտվել է այն դարաշրջանը, երբ մենք չունենք այլընտրանք: Մենք ամեն տեղ եւ անընդհատ պետք է ունենանք այլընտրանք և ինչքան շատ, այնքան լավ։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշում կայացնելու»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ ձկնաբուծարանների աշխատակիցների բողոքի ցույցը կառավարության շենքի առջեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել