Թիվ ԵԴ2/4641/02/24 քաղաքացիական գործով անցած Դմիտրի Անդրիասյանը անհատական դիմումով դիմելով Սահմանադրական դատարան՝ գտնում է, որ ՍԴ-ն պետք է օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի այն մեկնաբանությունը, որ «հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հայց հարուցելով», ճանաչի Սահմանադրությանը հակասող և անվավեր։
Նա նշել էր, որ իր կողմից 2019 թ. ապրիլի 22-ի հ.19/34212, 2019 թ. մայիսի 27-ի հ. 19/46490 և 2019 թ. հունիսի 27-ի հ. 19/58321 դիմումներ են ներկայացվել Երևանի քաղաքապետարան անվավեր ճանաչված պայմանագրերով ենթակա գումարը վերադարձնելու պահանջով, որոնք սակայն Երևանի քաղաքապետարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 30-ի հ. 465-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2002 թ. հոկտեմբերի 13-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» հ. 1788-Ն որոշումը:
Ըստ դիմողի՝ Վճռաբեկ դատարանի՝ վկայակոչված իրավական դիրքորոշումից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար Վճռաբեկ դատարանը, չունենալով համապատասխան լիազորություններ և իրականացնելով իրավաստեղծ գործունեություն, «ավելացրել է» նշված պայմանը, այն է՝ հայցը հատկապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հարուցված և դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու փաստը, այդպիսով սահմանափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, հատկապես՝ տնօրինչականության իրավունքը։ Արդյունքում՝ օրենսդրի կողմից օգտագործված՝ «սահմանված կարգով հայցը հարուցելով» արտահայտությունը «մեկնաբանել է» այնպես, որ հայցը պետք է հարուցվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվի դատարանի կողմից։ «Հայցային վաղեմության» ինստիտուտի մաս կազմող համանման իրավահարաբերություններ կարգավորող իրավանորմերը՝ օրենսգրքի 340-րդ և 341-րդ հոդվածները, էապես տարբեր մեկնաբանելը, օրինակ, քրեական հայցն առանց քննության թողնելը հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնելու հիմք է հանդիսանում, իսկ նույն հայցն ըստ էության քննելն ու լուծելը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատելու հիմք չի հանդիսանում- անհամատեղելի է՝ չի բխում քաղաքացիական իրավունքի սկզբունք հանդիսացող տնօրինչականության սկզբունքից, այլ կերպ ասած՝ չի կարող հարուցված և վարույթ ընդունված քրեական (գույքային) հայցն առանց քննության թողնելը իրավաչափորեն համարվել հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնող հանգամանք, սակայն հարուցված, վարույթ ընդունված, ըստ էության քննված և լուծված քրեական (գույքային) հայցի առկայությունը (այն դեպքում, երբ քրեական հայցը չի թողնվել առանց քննության) չհանդիսանա հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատող հանգամանք»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը մերժելով անհատական դիմումով գործի քննությունը, արձանագրել է, որ դիմումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
1.08.2026


















































