Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստի» վնասն աճել է 163 տոկոսով, որտե՞ղ է լավ մասնագետ տնօրենի արդյունքը»․ Լիանա Մանուկյանը՝ Հայկ Կոնջորյանի կնոջ մասին

Օգոստոս 04,2026 11:45 Share

«Որպես կանանց համար ոչ ֆորմալ կրթություն կազմակերպող կազմակերպության հիմնադիր և նախկին նախագահ՝ ոչ միայն դեմ չեմ, որ կանայք ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցնեն։ Որպես մեծ բիզնեսից եկած մարդ՝ կողմ եմ, որ մարդիկ անկախ իրենց սեռական պատկանելությունից՝ մասնագիտական աճ գրանցեն բացառապես իրենց մասնագիտական որակների շնորհիվ, այլ ոչ թե հին ու բարի ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ.-խմբ.) սխեմայի։ Այս սխեման հակասում է նաև ձեր ուժի որդեգրած սկզբունքներին և խոսույթին։ Հենց նման արատավոր երևույթների դեմ պայքարելով՝ ձեր ուժն եկավ իշխանության։ Ասածս վերաբերելու է ոչ թե անձին, այլ 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության տնօրենին։ Դիցուք՝ նա լավ մասնագետ է, իսկ որտե՞ղ է լավ վարձատրվող լավ մասնագետի արդյունքը»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։

Նա, անդրադառնալով ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի հետ «Հայփոստի» կառավարման կոնցեսիոն պայմանագիրը չերկարաձգելու փաստին՝ ասաց․ «Եթե Էդուարդո Էռնեկյանն է որոշել դադարեցնել պայմանագիրը, ուրեմն կարելի է հասկանալ՝ ինչ գործընկեր է ՀՀ-ն, որ ՀՀ ազգային հերոսը չի ցանկացել այլևս ներդրումներ անել ՀՀ-ում։ Եթե պայմանագիրը չերկարաձգելու որոշումը ՀՀ կառավարությանն է, այս դեպքում ամեն ինչ պարզ է։ Ոչ մեկի համար նորություն չէ, թե ՀՀ-ն չակերտավոր ինչպիսի «պայմաններ» է ստեղծում խոշոր ներդրողների համար»։

Լիանա Մանուկյանը նշեց՝ կոնցեսիոն կառավարման տարիներին՝ 2006-2020-ին, չնայած ընկերությունը իրականացնում էր խոշոր ներդրումային ծրագրեր, սակայն այդ տարիների՝ նրա հաշվեկշռում կարող ենք արձանագրել կամ փոքրիկ շահույթ կամ կառավարելի վնաս․ «Պետական կառավարման անցնելուց հետո կտրուկ վատթարացել են «Հայփոստի» ֆինանսական ցուցանիշները։ 2020-ի ֆինանսական հաշվետվություններում մենք կտեսնենք, որ 2019-ի համեմատ կուտակված վնասն աճել է 163 տոկոսով, այնինչ սակագինը ամենատարածված երկու ծառայությունների դեպքում մի դեպքում 88 տոկոսով, մյուս դեպքում 124 տոկոսով աճել է։ Այս տարիների ընթացքում թոփ մենեջմենթի գծով ծախսն աճել է 28,6 տոկոսով։ Մասնավոր ընկերությունում, երբ ընկերությունը վնասով է աշխատում, առաջին հերթին կրճատվում են թոփ մենեջմենտի պարգևավճարները և աշխատավարձերը։ Եթե «Հայփոստի»՝ այս տնօրենի պաշտոնավարման ժամանակ ընկերության արձանագրած արդյունքներն այսպիսին են, ապա ուզում եմ տալ հարցը՝ որտե՞ղ է լավ վարձատրվող լավ մասնագետի արդյունքը։ Իսկ եթե չկա արդյունք, և մարդը շարունակում է պաշտոնավարել, ուրեմն կարող ենք ենթադրել, որ այստեղ կա հովանավորչություն»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը եւ նրա կինը՝ «Հայփոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31