Նոր կառավարության առաջին նիստն այսօր մեկնարկեց շնորհավորանքով․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ պաշտոնյաներին։
«Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, սակայն ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրի քննարկումների ընթացքում։ Ակնհայտ է, որ մեր աշխատանքի մեծ մասը շարունակական բնույթ է կրելու, բայց նաև ակնհայտ է, որ պետք է որոշ վերանայումներ իրականացնենք, որպեսզի մեր գործունեությունն ավելի արդյունավետ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է մանրամասն վերլուծել եւ այն ուղղությունները, որտեղ ակնկալվող արդյունքները չեն գրանցվել՝ հասկանալ դրանց պատճառները․ «Պետք է անենք անհրաժեշտ հետևություններ, իսկ այն, ինչ ստացվել է, նույնպես վերլուծենք և փորձենք մեր աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել»։
Չզեկուցվող հարցերի ցանկում կառավարությունը մարզպետարաններին կհատկացնի 1 մլրդ 261 մլն 121,7 հազար դրամ՝ 10 համայնքում իրականացվող, սակայն ֆինանսավորման ուշացման պատճառով ձգձգված 17 սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորման համաձայն՝ հատկացվող միջոցները կուղղվեն ծրագրերն իրականացնող շինարարական կազմակերպությունների նկատմամբ պետության ֆինանսական պարտավորությունների կատարմանը։
Ֆինանսավորվող 17 ծրագրերից 1-ը հաստատվել է 2023 թվականին, 4-ը՝ 2024-ին, իսկ 12-ը՝ 2025-ին։ Բոլոր ծրագրերի համար արդեն անցկացվել են պետական գնումների մրցույթները և ամփոփվել դրանց արդյունքները։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































