Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգնազ Մանուկյանին նման խիստ ռեժիմով կալանք տալը հոգեբանական խոշտանգում է, ունի նաեւ շանտաժի տարրեր. Դերենիկ Մալխասյան

Օգոստոս 06,2026 14:42 Share

«Շուրջ մեկ ամիս Արեգնազ Մանուկյանը հնարավորություն չունի շփվելու իր մանկահասակ դստեր, տարեց մոր հետ, փակ են նրա բոլոր տեսակցությունները։ Առաջին ատյանի դատարանի երկամսյա որոշումը բողոքարկվել է փաստաբանական խմբի կողմից, սակայն շուրջ 2 շաբաթ է՝ այդ գործը Վերաքննիչ դատարանում որեւէ դատավոր չի ընդունել իր վարույթ։ ԲԴԽ-ի տիկնայք եւ պարոնայք, ձեզանից ակնկալում ենք ձեր գնահատականը, ձեր պարզաբանումը»,- Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ կայացած ցույցի ժամանակ նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: Նա պահանջեց պարզաբանել, թե ինչու պատշաճ ժամանակահատվածում չի իրականացվում Արեգնազ Մանուկյանի հետ կապված վերաքննիչ բողոքի քննությունը։ Մանուկ Սուքիասյանի ձեւակերպմամբ՝ գործի ձգձգումն ուղիղ կապ ունի քաղաքական պատվերի հետ։

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի խոսքով՝ Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի գործերը դասական քաղաքական հետապնդումներ են, իսկ նրանք՝ քաղաքական բանտարկյալներ։ Նրա ձեւակերպմամբ՝ Արեգնազ Մանուկյանի գործը զավեշտալի է, քանի որ, ըստ փաստաբանի, նրան ձերբակալել են ենթադրության հիման վրա։ Դերենիկ Մալխասյանը նաեւ տարակուսած է դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ կայացված որոշումից. «Ինչքանո՞վ կվնասեր շինծու քրեական գործին Արեգնազ Մանուկյանի շփումն իր 13-ամյա դստեր հետ։ Արեգնազ Մանուկյանին նման խիստ ռեժիմով կալանք տալը կարելի է դիտարկել որպես հոգեբանական խոշտանգում, այստեղ նաեւ շանտաժի տարրեր կան»։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Արեգնազ Մանուկյանի գործը ձգձգվում է, որովհետեւ իրականում գործ գոյություն չունի։ Արեգնազ Մանուկյանի գործը հիմնված է ենթադրության հիման վրա, որ իբր հնարավոր է՝ ինքը ինչ-որ տեղեկություն է փոխանցել Անդրանիկ Թեւանյանին։ Ստեփան Դանիելյանն ընդգծում է, որ Անդրանիկ Թեւանյանի գործը եւս շինծու է, որեւէ գործ իրականում չկա։

Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթեւ Սողոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջապես երեկ երեկոյան գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին. «Ինչու է այսքան երկար տեւել, որովհետեւ առաջին ատյանի ակտը կայացրած դատավորը, ինչպես նախկինում նշել էի, Մանվել Շահվերդյանը, բողոք ստանալուց ընդամենը 8 օր անց է գործը հանձնել գրասենյակ։ Այս ամսի 28-ին գործը հասել է դատական դեպարտամենտի գրասենյակ»։ Նա հավելեց, որ հնարավոր է՝ իր զանգից հետո են նյութերը ստացվել, եւ կայացել է մակագրումը։ Փաստաբանի կարծիքով՝ անձի ազատությունը չպետք է սահմանափակվի եւ ստորադասվի մեր երկրում առկա բյուրոկրատիային, մի բան, որ ընդգծված է Արեգնազ Մանուկյանի պարագայում։

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31