ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի նախկին ղեկավարի Արսեն Բազիկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 2003 թ. հոկտեմբերի 5-ից 2021 թ. դեկտեմբերի 17-ը օժտված լինելով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու և դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ինչպես նաև ֆինանսական փաստաթղթեր հաստատելու լիազորություններով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի աշխատակից, գործավար-օպերատոր Օ.Աբրահամյանին հրահանգել է գույքահարկի վճարման հարթակում մտցնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև ամբողջությամբ վճարել է իրեն պատկանող «LEXSUS LX 570» մակնիշի 57 LX 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 498.832 ՀՀ դրամ և «VOLKSWAGEN TOUREG 3.6 FSI» մակնիշի 57 PP 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 746.512 ՀՀ դրամ պարտքը:
Բացի այդ, ունենալով իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենա, 2021 թ. Ընթացքում, ըստ ՀՀ Հակակոռուպցիոն քրեական դատարան ներկայացված մեղադրանքի, նա հափշտակել է իրեն վստահված՝ Գոռավանի համայնքապետարանի կարիքների բավարարման նպատակով հատկացված, «Գլոբուս Գրուպ» ՍՊԸ-ի անվամբ լրացված խոշոր չափերի՝ ընդհանուր 1.129.650 ՀՀ դրամ գումարի չափով սեղմված գազ լիցքավորելու համար նախատեսված կտրոնները՝ դրանցով լիցքավորելով սեփականության իրավունքով իրեն պատկանող, անձնական օգտագործման ավտոմեքենան։
Օգոստոսի 21-ին նշանակվել է հերթական դատական նիստը։
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Թիվ 62214922 քրեական գործը հարուցվել էր 2022 թ. ապրիլի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Հ. Մանանդյանի կողմից 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։ 2024 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա. Գևորգյանի կողմից որոշում է կայացվել Ա.Բազիկյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (33 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2025 թ. օգոստոսի 23-ին դատավոր Խաչիկ Ղազարյանի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։
Կարդացեք նաև
Բազիկյանի պաշտպանությունն իրականացնում են փաստաբաններ Վլադիմիր Հովհաննիսյանը, Ռոլանդ Ավոյանը։ Հանրային մեղադրողն է Արսեն Գևորգյանը։
Այս տարի վեց դատական նիստ է կայացել։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2026


















































