Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը զրկված էր փաստարկված դատողություն անելու իրական հնարավորությունից

Օգոստոս 03,2026 12:30 Share

Ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 33 դրվագ

2026 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը հրապարակել է թիվ ՀԿԴ/0218/01/25 գործով որոշումը։ Վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննության էր առել մեղադրյալ Արսեն Բազիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2026 թ. հունվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։

Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ «Տվյալ դեպքում, ինչպես երևում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից՝ քրեական գործով դատաքննությունն արդեն գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և հատուկ վերանայման վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, սահմանափակ նյութերի պայմաններում, Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն վարույթն իրականացնող Առաջին ատյանի դատարանի, օբյեկտիվորեն զրկված է մեղադրյալ Ա. Բազիկյանի նկատմամբ խափանման միջոց(ներ)ի կիրառման հիմք(եր)ի՝ ներկա պահին շարունակականության և կոնկրետ խափանման միջոց(ներ)ի պիտանելիության հարցում փաստարկված դատողություն անելու իրական հնարավորությունից, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2026 թ. հունվարի 8-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները»։

Արարատի մարզի Գոռավան համայնքի նախկին ղեկավար Ա. Բազիկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որը համայնքի օրինական շահերին պատճառել է էական վնաս, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ենթադրաբար հանցանքների արդյունքում ձեռք բերված անշարժ գույքերը պաշտոնեական դիրքն օգտագործելով օրինականացնելու համար։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0218/01/25 վարույթով 2025 թ. նոյեմբերի 27-ի «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննության առնելու մասին» որոշմամբ հանրային մեղադրող Ա. Գևորգյանի միջնորդությունը բավարարվել էր մասնակի:

Մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում վերջինի նկատմամբ սահմանվել են որոշակի արգելքներ:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ 2025 թ. դեկտեմբերի 22-ին հատուկ վերանայման բողոք է ներկայացրել մեղադրյալ Արսեն Բազիկյանի պաշտպան Գրիգոր Չապանյանը, ով խնդրել է. «Բավարարել սույն բողոքը, բեկանելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0218/01/25 քրեական վարույթով 2025 թ. նոյեմբերի 27-ի «մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննության առնելու մասին» որոշումը»:

2025 թ. դեկտեմբերի 25-ին վարույթը մակագրվել է դատավոր Ա. Մարտիրոսյանին։
2025 թ. դեկտեմբերի 29-ի Վերաքննիչ դատարանի որոշմամբ ներկայացված հատուկ վերանայման բողոքն ընդունվել է վարույթ, և դատական ակտի կայացման օր է սահմանվել 2026 թ. հունվարի 8-ը:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննության առնելու մասին» որոշման մեջ նշել է. «Դատարանն արձանագրում է, որ 2025 թ. սեպտեմբերի 23-ին՝ «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու, անփոփոխ թողնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին» ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից որոշման կայացման օրվանից հետո ի հայտ է եկել նոր հանգամանք, որը որոշում կայացնելու օրվա դրությամբ դեռևս հայտնի չի եղել դատարանին: Մասնավորապես, 2025 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հրապարակվել է որոշում՝ մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցի վերաբերյալ, որը դատարանի գնահատմամբ հանդիսանում է նոր հանգամանք՝ դատաքննության ընթացքում խափանման միջոցի հարցի վերստին քննության համատեքստում»:

ՀՀ Վճռաբեկ դատարանի 2025 թ. նոյեմբերի 6-ի թիվ ՀԿԴ/0253/06/25 որոշմամբ հայտնած դիրքորոշման համաձայն՝ «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա. Բազիկյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ:

Այսպես, տվյալ դեպքում՝ պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել Ա. Բազիկյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների բնույթը, դրանց հանրային վտանգավորության բարձր աստիճանը: Մասնավորապես, պատշաճ չի գնահատվել այն հանգամանքը, որ մեղադրյալ Ա. Բազիկյանին մեղսագրվում են կոռուպցիոն բնույթի միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ 33 դրվագ, պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ 2 դրվագ, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են պետական ծառայության բնականոն գործունեությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգը։

Վճռաբեկ դատարանը նաև գտնում է, որ դատարանները բավարար չափով գնահատման չեն ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները։ Մասնավորապես, հաշվի չի առնվել մեղադրյալ Ա. Բազիկյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված՝ վերջինիս մոտ ձևավորված կայուն սոցիալական կապերի առկայությունը։ Մասնավորապես՝ պատշաճ չի գնահատվել այն հանգամանքը, որ Ա. Բազիկյանը շուրջ 15 տարի զբաղեցրել է Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, նրա կողմից կատարված ենթադրյալ հանցանքների կատարմանն առերևույթ ներգրավված են եղել նրա մերձավորները, վերջինիս հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձինք, Գոռավան համայնքի բնակիչները։

Ստորադաս դատարանները համակցության մեջ չեն գնահատել քրեական վարույթում առկա փաստական տվյալներն առ այն, որ սույն քրեական վարույթը գտնվել է ապացույցների հավաքման ակտիվ փուլում, որի պայմաններում առկա է բարձր հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Ա. Բազիկյանը, մնալով ազատության մեջ, չի կատարի իր՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունները, այն է՝ կմիջամտի ապացուցողական գործընթացին` անօրինական ազդեցություն գործադրելով վարույթին ներգրավվման ենթակա և արդեն իսկ ներգրավված անձանց վրա»։

Դատարանը փաստել էր, որ Գոռավան համայնքի ղեկավարը տարիների ընթացքում ձևավորել է կայուն սոցիալական կապեր, ինչպես նաև այն, որ ենթադրյալ հանցանքների կատարմանն առերևույթ ներգրավված են եղել նրա մերձավոր ազգականները, վերջինիս հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձինք, Գոռավանի բնակիչները, հարկ է համարում նկատել, որ վերոնշյալ հանգամանքները հավասարապես հանդիսանում են ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Ա. Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածության կապակցությամբ գնահատման ենթակա հանգամանքներ: Մինչդեռ, «երբ նախաքննության ընթացքում վկաներն արդեն հարցաքննվել են, ապացույցներն ամբողջացվել են, նախաքննությունն ավարտվել է, հանրային մեղադրողը գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։ Դատարանը ընդունել է քրեական գործի վարույթը և նշանակել նախնական դատալսումներ, որոշվել է ապացույցների հետազոտման կարգը, դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել իրավիճակի զգալի փոփոխություն և մեղադրյալի կողմից քրեական վարույթին ապօրինի եղանակով խոչընդոտելու հավանականությունը էապես նվազել է»:

Դատարանն ընդգծել էր, որ մեղադրյալը շուրջ 1 տարի գտնվելով ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ և մինչ այս պահն առկա չէ որևէ փաստական հանգամանք առ այն, որ նա խոչընդոտել է քննությանը, ուստի կարելի է եզրահանգել, որ ժամանակի ընթացքում մեղադրյալ Արսեն Բազիկյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը որակական առումով ենթարկվել են այնպիսի փոփոխությունների, որ դատարանին հնարավորություն են տալիս իրավաչափ հետևության հանգելու այլընտրանքային առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Ա. Բազիկյանի օրինական վարքագիծն ապահովելու հարցում։

Դատարանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման լույսի ներքո, գտնում է, որ քրեական գործի քննության սույն փուլում մեղադրյալի կողմից վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականությունն այն աստիճանի բարձր չէ, որ վերջինիս նկատմամբ կիրառվի ամենախիստ խափանման միջոցը և վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի, այն է՝ վարչական հսկողության կիրառմամբ։

Որոշման վիճարկման փուլում նշվել էր մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականության մասին։ Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականությանը, ապա դատարանն արձանագրել է, որ խափանման միջոցի կիրառման նշված հիմքը ևս շարունակում է առկա լինել, քանի որ մեղադրյալը, բացի ՀՀ քաղաքացի լինելուց, հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, և օգտագործելով իր անձնագիրը, կարող է դիմել փախուստի: Դատարանի գնահատմամբ, դա ևս կարող է չեզոքացվել մեղադրյալի ազատության իրավունքի նկատմամբ առավել մեղմ սահմանափակումների կիրառման պայմաններում։ Դատարանն արձանագրել էր, որ «բացակայելու արգելք» խափանման միջոցն ի զորու է չեզոքացնելու մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականությունը։

Բողոքաբեր պաշտպանական կողմը նշել է. «Գտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0218/01/25 քրեական վարույթով 2025 թվականի նոյեմբերի 27-ի «մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննության առնելու մասին» որոշումն օրինական և հիմնավորված չէ»։
Դեռևս 2024 թ. օգոստոսի 21-ին, 2024 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական չորրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Զարգարյանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կրկին մերժվել է։

2025 թվականի սեպտեմբերի 23-ին մերժվել է հանրային մեղադրողի կողմից Ա. Բազիկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Քրեական վարույթի նախաձեռնման օրվանից մինչև պաշտպանի բողոքի ներկայացման օրը որևէ դրվագով չի արձանագրվել ոչ միայն Ա. Բազիկյանի կողմից խափանման միջոցի պայմանների խախտում, այլև իր վրա դրված դատավարական որևէ պարտականության չկատարման դեպք։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
1.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել