Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Եվրամիության անդամ Հայաստանը երբևէ չի կարող դառնալ, դա անհեռանկար քաղաքական ակցիա է»․ Հայկ Ֆարմանյան

Օգոստոս 09,2026 18:03 Share

«Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ»․ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, ապա նաև նիստից հետո ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չնայած հրապարակավ դժգոհություններին՝ վերահաստատելով Երևանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին։ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է՝ ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ինչն իր արտացոլումը կգտնի նաև կառավարության նոր ծրագրում։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավի առանցքում էլ Հայաստանի եվրոպական հեռանկարն էր։

«Ո՞ւմ են խաբում, կամ չեն հասկանում, կամ դրա մեջ դիտավորություն կա, անկեղծ ասած, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել իրենց փոխարեն, փաստն այն է, որ զուտ մասնագիտական տեսանկյունից չեմ կարծում, որ իրենք այդքան բան չէին հասկանում։ Եվրամիությունը ընդհանրապես անգամ սկսում է բանակցություններ երկրների հետ, որոնց արտահանման կառուցվածքի մեջ 40 %-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։ Հայաստանի թիվը 7,8 %-ն է, և այդ ամբողջ կառավարությունում, փոխվարչապետեր կան, նախարար կա և այլն, չեմ կարծում, որ իրենք չիմանային։ Այսինքն՝ իրենք շատ լավ ի սկզբանե գիտեն, կարծում եմ, գիտեին, որ դա հեռանկար չունի։ Այդ տեսանկյունով եմ ասում՝ Եվրամիության անդամ Հայաստանը երբևէ չի կարող դառնալ, դա անհեռանկար քաղաքական ակցիա է։ Գործնական, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, բացարձակապես անհեռանկար քայլեր են և աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ միանշանակ վնասելու են հայ-ռուսական հարաբերություններին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։

Մեր զրուցակիցը նաև մանրամասնում է՝ Հայաստանը ոչ թե ԵԱՏՄ-ի հետ խնդիր ունի, Հայաստանը խնդիր ունի, կոնկրե՛տ Ռուսաստանի հետ, և քանի որ մենք ընդհանուր սահմաններ չունենք ԵԱՏՄ մնացած երկրների հետ, ստացվում է՝ անուղղակիորեն, Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելով՝ վատթարացնում ենք հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, քանի որ Ռուսաստանը արգելել է նաև իր տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ ապրանքների արտահանումը։ Իսկ ՌԴ-ն ԵԱՏՄ լոկոմոտիվ երկիրն է։ Խոսքը վերաբերում է ցամաքային ճանապարհին։

«Իր հակառուսական քայլերի պատճառով այս իշխանությունը խաթարել է ամբողջ տնտեսական խաղաղությունը, ու մարդկանց՝ տնտեսվարողներին, կանգնեցրել են փաստի առաջ։ Ասում են՝ ի՞նչ ենք արել, որ հակառուսական քայլեր ենք արել․ կարող եմ ընդհանուր դրանց մի քանիսը թվարկել՝ 2026 թվականի մայիս ամսին Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ուղիղ ասում է՝ Հայաստանը շանս ունի Ռուսաստանից տարանջատվելու, 2023 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անուղղակիորեն հայտարարում է, որ ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար, ՔՊ-ի ամբողջ նախընտրական քարոզարշավը հակառուսական թեզերի վրա էր կառուցում։ Երբ որ մենք տարբեր հարթակներում ադեկվատ հարցեր ենք բարձրացնում, մեզ ասում են՝ դուք ռուսամետ եք, չգիտեմ, ցուցում եք ստանում Լյուբլյանկայից․․․ Հիմա ուզում եմ հասկանալ՝ երբ Ազգային ժողովի պատգամավորների շուրթերից այդ բառերը հնչում են, իրենք չեն հասկանո՞ւմ, որ սա վնասելու է ռուս-հայկական հարաբերություններին։ Ի՞նչ կապ ունի ռուսամետությունը։ Ռուսամետ չենք, անկախ մարդ ենք, ու ասում ենք՝ այսպիսի խնդիրներ գոյություն ունեն, դուք փչացնում եք հարաբերությունները։ Այսինքն՝ ո՞ւմ համար պարզ չի այս ամենը։ Կամ, ենթադրենք, երբ որ խոսում են ապաշրջափակման մասին, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք պիտի անպայման հարաբերությունները փչացնեն Ռուսաստանի հետ, որ կարողանան ասել՝ մենք ապաշրջափակվում ենք։ Թե ումի՞ց են ապաշրջափակվում, ինչի՞ մասին է խոսքը՝ ես չգիտեմ։ Թվեր գոյություն ունեն․ Ռուսաստանում, ԱՄՆ-ում մինչև 3 միլիոն հայեր են ապրում, Հայաստան փոխանցվող դրամական միջոցները տարեկան կազմում են 3 միլիարդ 800 միլիոն դոլար, մինչև 4 միլիարդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 14 %-ն է կազմում։ Հիմա չգիտակցել, որ հաջորդ հարվածը մենք ստանալու ենք այս ուղղությամբ, չգիտակցել, որ գազի գնի թանկացման ենք գնում․․․ մեղմ ասած տարօրինակ է, հայերեն համարժեք բառը չեմ գտնում, որ այս պահին կարողանամ բնութագրել վիճակը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ երբ եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանին գումար են տրամադրելու հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար իր մոտ հարց է առաջանում՝ Հյուսիսը ո՞րն է․ «Նայում եմ քարտեզին՝ տեսնում եմ՝ հյուսիսում Վրաստանն է, Վրաստանից կարծեք թե մենք սպառնալիք չունենք։ Այսինքն՝ առնվազն հիմարին պիտի պարզ լինի, որ այդ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, և երբ որ Արևմուտքից Հայաստանը փողը ստանում, որ պայքարի Ռուսաստանի դեմ, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիք անվան տակ, իհարկե, պետք է հարաբերությունները փչանային»։

Հայկ Ֆարմանյանի տպավորությամբ, ՀՀ իշխանությունները վստահություն ունեին, որ Ռուսաստանը չի գնա նման քայլերի, նաև վստահություն ունեին՝ ինչքանով որ ԵԱՏՄ-ն է մեզ պետք, այդքան էլ մենք ենք ԵԱՏՄ-ին պետք, ուստի նման զարգացումներից անակնկալի են եկել․ «Որևէ լավ հեռանկար, ցավոք սրտի, ես չեմ տեսնում։ Այստեղ մի շատ կարևոր ուղերձ էլ կա․ ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահը ասում՝ հանրաքվե արեք։ Այդ ուղերձը ուղղված է մեր ժողովրդին, Ռուսաստանի խնդիրը մեր ժողովրդի հետ չի, դա են ուզում ասել, իրենք ասում են՝ դուք հանրաքվե արեք, ժողովուրդը թող որոշի, իրենք խնդիր ունեն Հայաստանի իշխանությունների հետ․ այս ամբողջը պետք է շատ հստակ արձանագրել»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց որոշակիորեն հարթել ՌԴ իշխանության հետ խնդիրը՝ Հայկ Ֆարմանյանը հակադարձեց՝ ասելով՝ եթե ԵՄ օրակարգ չունի, այդ դեպքում ինչի՞ են օրենք ընդունում, այլ հարց, որ օրենքի տեսք չունի այդ փաստաթուղթը։ Մեր զրուցակիցը կենցաղային օրինակով է բացատրում այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, որպեսզի ավելի պատկերավոր դառնա իրականությունը․ «Ունեք գործընկեր, որի հետ աշխատում եք, գումար եք վաստակում, և այդ գործընկերը ամբողջ պայմաններն ապահովել է՝ համապատասխան արտադրական տարածքներ է հատկացրել, հաստոցներն է հատկացրել և այլն, ու դու հանկարծ մտածում ես դիվերսիֆիկացնել, մի հատ էլ ուրիշ բիզնեսի մեջ մտնել։ Հիմնական գործընկերը զգուշացնում է՝ ում հետ որ դու աշխատելու ես, դա իմ թշնամին է, մենք իրար հետ ունենք խորը հակասություններ, մի արա այդ ամենը, եթե անելու ես, ուրեմն՝ մենք իրար հետ ճանապարհ չունենք անցնելու։ Երբ ասում է՝ խնդիր չկա, լավ, մի նախնական պայմանագիր եմ ընդամենը ստորագրում․․․ Մոտավորապես սրան է նման։ Այսինքն՝ մեզ զգուշացրել են ակնհայտ բանը՝ Ռուսաստանն Արևմուտքի հետ խորը հակասություններ ունի, և Ռուսաստանը շատ զգայուն է այս հարցերով։ Հիմա Հայաստանին ասում է՝ կամ այս կողմ, կամ՝ այն կողմ։ Մենք պետք է գնահատենք մեր շահը։ Եթե մեր արտաքին առևտրի առյուծի բաժինը ընկնում է Ռուսաստանին, ուրեմն, մեր շահը թելադրում է, որ պետք է մենք մնանք այս գծի մեջ, ոչ թե գնանք մյուս գծի մեջ, փչացնենք նախորդ հարաբերությունները, իսկ հեռանկարում պարզ էլ չէ, թե ինչ կունենանք»։

Հետաքրքրվեցինք նաև՝ թվային տվյալներ առկա՞ են, օրինակ, Մարթա Կոսի պահածոյացրած ծիրանի մուրաբան և ջեմը ինչքանո՞վ նպաստեցին Հայաստանից դեպի Եվրոպա արտահանումների աճին։

«Կարո՞ղ եք համարել, որ զրո է, եթե թվային տվյալ եք հարցնում։ Դա մոտավորապես նույն բանն է, որ օվկիանոսից վերցնեմ մի դույլ ջուր, ու դուք ինձ ասեք՝ կա՞ թվային տվյալ, թե օվկիանոսից ինչքան պակասեց»,- պատասխանեց Հայկ Ֆարմանյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել