«Հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էական և առանցքային գործոն է նոր որակի պետություն ունենալու, պետության անկախությունը ոչ միայն պաշտպանելու և պահպանելու, այլև զարգացնելու համար։ Հենց հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ՀՀ-ն այսօր հասանելիություն ունի ամբողջ միջազգային շուկային՝ սպառազինությունների և տեխնոլոգիաների»,-իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում խոսելով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին՝ նշեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա լծակներով մի սարք ցույց տվեց, որտեղ բոլոր լծակները հավասար հարթությունների վրա են՝ որպես օրինակ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն արտաքին քաղաքականության ոլորտում գնում է այս ուղղությամբ՝ այդ պատճառով 2022-ից հետո դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել երկրների հետ, որոնց հետ նախկինում հարաբերություններ չենք ունեցել․ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակին հասնելու ենք․ «Եթե մենք Թուրքիայի հետ չունենք հարաբերություններ, այսինքն՝ այդ նժարը դատարկ է, դա նշանակում է, որ ինչ-որ տեղ հարաբերություններն անհամաչափություն ունեն և հավասարակշռությունից դուրս են եկել։ Դա վերականգնելը ոչ թե քմահաճույքի հարց է, այլ մեզ անհրաժեշտ է ունենալ Թուրքիայի, Ադրբեջանի ու ընդհանրապես բոլոր պետությունների հետ հարաբերություններ»։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, դա համարում եմ դրական։ Այո, այս նոր իրադրությամբ պայմանավորված՝ մենք ՌԴ-ի հետ նոր հարաբերություններ ենք հաստատում, և համոզված եմ, որ կհաջողենք։ ՌԴ-ի հետ հարաբերություններում բաց ու անկեղծ ենք, ոչ մի մութ անկյուն այդ հարաբերություններում չենք պահել։
Կարդացեք նաև
ԵԱՏՄ-ում մենք աշխատում ենք և շարունակում ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵՄ և ԵԱՏՄ միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը հանրաքվեով պետք է կայացնի ՀՀ ժողովուրդը։
Որ պահին տեղի կունենա հանրաքվեն, մինչ այն պահը, երբ ՀՀ-ն չի դիմել ԵՄ անդամագրվելու համար, կամ ԵՄ անդամության թեկնածության կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ հիմնավորումը չկա, բալանսը ձևավորված չէ, որ մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել այս, թե մյուս ճանապարհով գնալ։ Այսօր այդ ընտրությունը տեսական է և տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը խելամիտ ու հիմնավորված չէ։ Մենք կշարունակենք առանց նյարդի, վիճաբանությունների աշխատել ԵԱՏՄ-ում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































