Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կարող է պատմել բերանը մարդու առողջության մասին

Օգոստոս 19,2026 09:30 Share

1000-ից ավելի տարի առաջ դեռևս պարսիկ գիտնական Ավիցեննան էր ենթադրում, որ բերանի խոռոչի հիվանդությունները կարող են ախտահարել ողջ օրգանիզմը։ Այսօր ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ ենթադրությունն ամենևին էլ հեռու չէ իրականությունից՝ բացահայտելով, որ մարդու ատամների, լնդերի ու  լեզվի վրա ապրող մանրէները կարող են բանալի դառնալ ողջ օրգանիզմն ախտահարող հիվանդությունների վաղ ախտորոշման ու կանխարգելման համար։

JAMA Oncology ամսագրում վերջերս հրապարակված հետազոտությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչում ապրող 27 տեսակի բակտերիաներն ու սնկերը կապվում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման 3,5 անգամ ավելի բարձր ռիսկի հետ։ Հետազոտողներն ամբողջական գենոմի սեքվենավորման միջոցով հայտնաբերել են, որ բերանի խոռոչում որոշակի միկրոօրգանիզմների առկայության հետքեր ունեցող մարդկանց մոտ զգալիորեն ավելի հաճախ է ախտորոշվել այս հիվանդությունը։

Այս տվյալներն արտացոլում են այն ընդհանուր փոփոխությունը, թե ինչպես են գիտնականներն այսօր վերաբերվում բերանի խոռոչի առողջությանը․ այն այլևս տեղային խնդիր չի համարվում, այլ դիտարկվում է որպես ամբողջ օրգանիզմի առողջության յուրօրինակ ցուցիչ։

Միկրոօրգանիզմների մի ողջ տիեզերք՝ բերանի խոռոչում

Բերանի խոռոչում ապրող միկրոօրգանիզմների համայնքն ամենամեծերից մեկն է օրգանիզմում։ Այն անվանում են բերանի խոռոչի միկրոբիոմ և ներառում է ավելի քան 700 տեսակի մանրէ, ինչպես նաև սնկեր, վիրուսներ և այլ միկրոօրգանիզմներ, որոնք բնակվում են բերանի խոռոչի տարբեր հատվածներում։

Ընդ որում՝ ատամների վրա ապրող բակտերիաները գրեթե ամբողջությամբ տարբերվում են այն բակտերիաներից, որոնք ապրում են լեզվի վրա, իսկ քիմքի և լնդերի վրա արդեն մանրէների այլ խմբեր են գերակշռում։

Բերանի խոռոչի լավ հիգիենա ունեցող մարդկանց մոտ գերակշռում են օգտակար միկրոօրգանիզմները, որոնք օգնում են կարգավորել բորբոքումն ու պայքարել ախտածինների դեմ։ Սակայն այդ հավասարակշռությունը շատ զգայուն է։ Սննդակարգի փոփոխությունները, բերանի խոռոչի հիգիենան ու ընդհանուր առողջական վիճակը կարող են փոփոխել միկրոբիոմի կազմը։

Օրինակ՝ եթե բերանի խոռոչը հաճախ է ենթարկվում մեծ քանակությամբ շաքարի ազդեցությանը, ապա պարզ շաքարներով սնվող և դրանց պայմաններում լավ զարգացող բակտերիաները սկսում են ավելի մեծ քանակությամբ բազմանալ։

Ամենահայտնի «մեղավորներից» մեկը Porphyromonas gingivalis-ն է՝ բակտերիա, որն առավել սերտորեն կապված է պարոդոնտալ, այսինքն՝ լնդերի հիվանդությունների հետ։ Մինչ բակտերիաների մեծ մասը նախընտրում է ածխաջրերը, P. gingivalis-ը սնվում է սպիտակուցներով և բառացիորեն կարող է օգտագործել լնդերի հյուսվածքը որպես սննդի աղբյուր։

JAMA Oncology-ում հրապարակված հետազոտության համաձայն՝  P. gingivalis-ը և պարոդոնտալ հիվանդությունների հարուցիչ ևս երկու մանրէներ՝ E. nodatum-ը և P. micra-ն, ինչպես նաև բերանի խոռոչում տարածված Candida սունկը կապվում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման բարձր վտանգի հետ։

Բերանի խոռոչի և մարմնի կապը

Քրոնիկ բորբոքումը վաղուց հայտնի է որպես սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի դիաբետի, քաղցկեղի որոշ տեսակների և Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկի գործոն։

Պարոդոնտիտ ունեցող մարդկանց մոտ բերանի խոռոչի միկրոբիոմի հետ կապված քաղցկեղի զարգացման հավանականությունը 3-5 անգամ ավելի բարձր է։ Ենթադրվում է, որ նրանց մոտ զարգանում է բորբոքման հիվանդածին տեսակ, այլ ոչ թե առողջ բորբոքային արձագանք։

Լեզվի, այտերի և բերանի խոռոչի այլ հատվածների տակ գտնվող արյունատար անոթները հնարավորություն են տալիս բակտերիաներին տարածվել ամբողջ օրգանիզմով։ Իմունային համակարգը սովորաբար հայտնաբերում և ոչնչացնում է այդ մանրէները, սակայն դրանց մի մասը, այնուամենայնիվ, կարող է հաղթահարել այդ պատնեշը և ներթափանցել օրգանիզմ՝ նպաստելով տարբեր հիվանդությունների զարգացմանը։

Fusobacterium nucleatum-ը, որը սովորաբար հայտնաբերվում է բերանի խոռոչում, նման ախտածին միկրոօրգանիզմի օրինակ է։ Այն կարող է նպաստել ուռուցքների աճին՝ օրգանիզմում տարածվելու միջոցով։

ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտության համաձայն՝ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների կղանքում F. nucleatum բակտերիայի հայտնաբերման հավանականությունը հինգ անգամ ավելի բարձր է եղել, քան առողջ մարդկանց մոտ։

Թուքը ևս մեկ ճանապարհ է, որով բակտերիաները կարող են տեղափոխվել մարսողական համակարգի տարբեր հատվածներ։ 2024 թվականին կենդանիների վրա իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ բերանի խոռոչից տարածված P. gingivalis բակտերիաները կարող են նպաստել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը։

Հետազոտությունները նաև կապ են հայտնաբերել լնդերի հիվանդությունների և սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի և կաթվածի միջև, ինչը, հավանաբար, պայմանավորված է քրոնիկ բորբոքմամբ և արյունատար անոթների վնասմամբ։ Բերանի խոռոչի հիվանդածին միկրոօրգանիզմները կարող են նույնիսկ ազդել ուղեղի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ լնդերի հիվանդությունները կարող են փոխել միկրոգլիալ բջիջների գործունեությունը։ Այդ բջիջները սովորաբար օգնում են հեռացնել ամիլոիդային թիթեղները, որոնք Ալցհայմերի հիվանդության բնորոշ նշաններից են։ Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ այս կապերը դեռևս ուսումնասիրման փուլում են։

Պատճառահետևանքային կապի ապացուցման բարդությունը

Չնայած բերանի խոռոչի միկրոօրգանիզմները համակարգային հիվանդությունների հետ կապող ապացույցների աճող ծավալին՝ հետազոտողները զգուշացնում են, որ պատճառահետևանքային ուղիղ կապի ապացուցումը դեռևս բարդ է։

Հենց այդ պատճառով հետազոտողները նախ փորձում են քարտեզագրել, թե ինչպիսին է բերանի խոռոչի «առողջ» միկրոբիոմը, որպեսզի կարողանան որոշել, թե երբ է այդ հավասարակշռությունը խախտվում և սկսում նպաստել հիվանդության զարգացմանը։

Թուքը, որը կարող է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակի ցուցիչ լինել, դառնում է հզոր ախտորոշիչ գործիք։ Այն հավաքելն ավելի հեշտ է, քան արյան նմուշ վերցնելը, և գիտնականներն ուսումնասիրում են թքի բաղադրությունը՝ հիվանդությունների մասին ազդարարող կենսամարկերներ հայտնաբերելու նպատակով։

Ակնկալվում է, որ հետագայում հենց միկրոօրգանիզմները կարող են դառնալ բուժման միջոց։ Դրանցից որոշները արտադրում են հակաբորբոքային ճարպաթթուներ, որոնց հնարավոր բուժական նշանակությունն այժմ ուսումնասիրվում է։

Մյուս միկրոօրգանիզմները կարող են հիմք դառնալ նոր պատվաստանյութերի ստեղծման համար, քանի որ գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչպես են բերանի խոռոչի միկրոօրգանիզմները փոխազդում իմունային համակարգի հետ։

Ինչպես պահպանել բերանի խոռոչի միկրոբիոմի հավասարակշռությունը

Լավ նորությունն այն է, որ առօրյա սովորությունները կարող են զգալիորեն նպաստել բերանի խոռոչի առողջ միկրոֆլորայի պահպանմանը և, հետևաբար, ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը։

Ամբողջական, չվերամշակված մթերքների, այդ թվում՝ պրեբիոտիկներով և պրոբիոտիկներով հարուստ սննդի օգտագործումը նպաստում է օգտակար միկրոօրգանիզմների զարգացմանը։ Դրանց թվում են ֆերմենտացված կաթնամթերքը, մրգերն ու բանջարեղենը։

Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակվում են սաղմոնի, սարդինայի, ընկույզի, կտավատի սերմերի և չիայի սերմերի մեջ, նույնպես օգնում են վերահսկել դանդաղ ընթացող, ցածր ինտենսիվության բորբոքումը։

Այս գործընթացում կարող են դեր ունենալ նաև բուսական ծագման նիտրատները, որոնք պարունակվում են  կանաչ տերևավոր բանջարեղենի, ճակնդեղի, նեխուրի կազմում։ Rothia-ի նման որոշ բակտերիաներ նիտրատը վերածում են նիտրիտի, որն այնուհետև ստամոքսում փոխակերպվում է ազոտի օքսիդի՝ միացության, որը թուլացնում է արյունատար անոթները և նվազեցնում արյան ճնշումը։

Մյուս կողմից՝ շաքարը խախտում է միկրոբային հավասարակշռությունը։ Քաղցր ըմպելիքները, թխվածքները, հավելումներով քաղցրացված յոգուրտները սնուցում են վնասակար մանրէներին, որոնք կարող են նպաստել բորբոքման զարգացմանն ու շատ ուտելու ցանկություն առաջացնել։

Բերանի խոռոչի հիգիենայի հիմնական կանոնները՝ ատամների կանոնավոր մաքրումը խոզանակով և ատամնաթելով, լեզվի նուրբ մաքրումը և ատամնաբույժին ժամանակին այցելելը շարունակում են չափազանց կարևոր լինել։

Միևնույն ժամանակ, գիտնականները զգուշացնում են՝ պետք չէ ամեն օր մանրէասպան ուժեղ  ազդեցությամբ բերանի ողողման միջոցներ օգտագործել, քանի որ դրանք կարող են վերացնել ոչ միայն վնասակար, այլև օգտակար միկրոօրգանիզմները։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ National Geographic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել