Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղամիջոցների փոխազդեցությունը միմյանց, որոշ մթերքների, հավելումների, ըմպելիքների ու խոտաբույսերի հետ

Սեպտեմբեր 30,2026 09:30 Share

Միևնույն ժամանակահատվածում ընդունվող մի քանի դեղամիջոցները կարող են փոխազդել ոչ միայն միմյանց, այլև որոշ մթերքների, ըմպելիքների և խոտաբույսերի հետ։ Դրանք կարող են ուժեղացնել կամ թուլացնել դեղամիջոցի ազդեցությունը, խանգարել դրա աշխատանքին, մեծացնել կամ նվազեցնել կողմնակի ազդեցությունների հավանականությունը։ Փոխազդեցության հետևանքով կարող են ի հայտ գալ նաև նոր կողմնակի ազդեցություններ։

Նշված օրինակները հենց այդպիսի հնարավոր փոխազդեցությունների մասին են հուշում․

Թուրինջի վտանգները

Թուրինջը կարող է տարբեր բնույթի փոխազդեցությունների մեջ մտնել 50-ից ավելի դեղամիջոցների հետ։ Օրինակ՝ կարող է բարձրացնել որոշ դեղամիջոցների, այդ թվում՝ ստատինների մակարդակն արյան մեջ։ ֆեքսոֆենադինի (երկրորդ սերնդի հակահիստամինային դեղամիջոց է) դեպքում թուրինջն ու թուրինջի հյութը կարող են նվազեցնել ինչպես դեղամիջոցի մակարդակն արյան մեջ, այնպես էլ դրա արդյունավետությունը։

Կաթնամթերք․ կաթը, պանիրը և յոգուրտը կարող են խնդիրներ առաջացնել

Կաթնամթերքը կարող է խանգարել որոշ դեղամիջոցների ազդեցությանը։ Կալցիումը, մագնեզիումը և կազեինը՝ կաթնամթերքում պարունակվող սպիտակուցը, կարող են դանդաղեցնել կամ կանխել որոշ դեղամիջոցների ներծծումը։

Եթե ձեզ հակաբիոտիկներ են նշանակել, հարցրեք բժշկին՝ արդյո՞ք դրանց ընդունման ընթացքում կարող եք կաթնամթերք օգտագործել։

Որոշ դեպքերում պետք է խուսափել շոկոլադից

Շոկոլադը հարուստ է թիրամին կոչվող միացությամբ։ Մոնոամինօքսիդազի ինհիբիտորներ (հակադեպրեսանտներ) ընդունելիս շոկոլադ օգտագործելը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման վտանգավոր բարձրացման։

Սև շոկոլադը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, որը կարող է խանգարել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD) բուժման համար օգտագործվող որոշ դեղամիջոցների, օրինակ՝ մեթիլֆենիդատի ազդեցությանը։

Շոկոլադ օգտագործել խորհուրդ չի տրվում նաև, եթե ընդունում եք հանգստացնող կամ քնաբեր դեղամիջոցներ։

Ուշադիր եղեք երկաթի հավելումներ ընդունելիս

Երկաթի հավելումները կարող են փոխազդել տարբեր հիվանդությունների բուժման համար օգտագործվող բազմաթիվ դեղամիջոցների հետ։

Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցները խանգարում են երկաթի ներծծմանը։ Նույն ազդեցությունն ունեն նաև ստամոքսի թթվայնությունը նվազեցնող որոշ դեղամիջոցներ։

Միևնույն ժամանակ երկաթը կարող է նվազեցնել որոշ դեղամիջոցների ներծծումը, այդ թվում՝ քինոլոնների և տետրացիկլինների խմբի հակաբիոտիկների, ինչպես նաև զարկերակային բարձր ճնշման բուժման համար օգտագործվող ACE ինհիբիտորների։

Երկաթը կարող է նվազեցնել նաև վահանաձև գեղձի հորմոնին փոխարինող լևոթիրոքսինի և Պարկինսոնի հիվանդության բուժման համար օգտագործվող կարբիդոպայի ու լևոդոպայի մակարդակն արյան մեջ։

Հակաբեղմնավորիչ հաբերը կարող են բարձրացնել արյան մեջ երկաթի մակարդակը։

Ստուգեք նաև ձեր ընդունած մուլտիվիտամինների բաղադրությունը․ դրանք կարող են երկաթ պարունակել, որը կարող է փոխազդել այն  դեղամիջոցների հետ, որոնք ընդունում եք։

Եթե երկաթի հավելումներ ընդունելու անհրաժեշտություն ունեք և միաժամանակ օգտագործում եք նման դեղամիջոցներ, հարցրեք բժշկին, թե քանի ժամ առաջ կամ հետո պետք է ընդունեք երկաթը։

Ալկոհոլը կարող է վտանգավոր փոխազդեցություններ առաջացնել

Ալկոհոլը կարող է փոխազդել տարբեր հիվանդությունների բուժման համար օգտագործվող բազմաթիվ դեղամիջոցների հետ։ Դեղամիջոցների և ալկոհոլի փոխազդեցությունը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, ուշագնացություն, գլխացավ, գլխապտույտ, վարքագծի փոփոխություններ և զարկերակային ճնշման փոփոխություններ։

Շատ դեղամիջոցների ազդեցությունը կարող է ուժեղանալ ալկոհոլի օգտագործման դեպքում։ Օրինակ՝ նիտրատների հետ համատեղ օգտագործումը կարող է առաջացնել զարկերակային ճնշման վտանգավոր անկում։

Հանգստացնող, հակադեպրեսանտ և հակափսիխոտիկ դեղամիջոցների ազդեցությունը նույնպես կարող է ուժեղանալ ալկոհոլի ազդեցությամբ։

Ացետամինոֆեն կամ այլ ցավազրկողներ ընդունելիս ալկոհոլ օգտագործելը վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել լյարդի վնասման։

Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունելիս ալկոհոլ օգտագործելը մեծացնում է ստամոքսային արյունահոսության վտանգը։

Կարելի՞ է սուրճ խմել

Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը մշակվում է լյարդում նույն ֆերմենտների միջոցով, որոնք մասնակցում են բազմաթիվ դեղամիջոցների նյութափոխանակությանը։ Այդ ֆերմենտները կոչվում են ցիտոքրոմ P450-ի ֆերմենտներ։

Սուրճը կարող է ազդել որոշ դեղամիջոցների ակտիվ բաղադրիչների քայքայման գործընթացի վրա։ Դրա հետևանքով դեղամիջոցի մակարդակն օրգանիզմում կարող է բարձրանալ` որոշ դեպքերում հասնելով վտանգավոր մակարդակի։

Եթե ձեզ նշանակվել են ասթմայի, դեպրեսիայի, վարակների, սրտի ռիթմի խանգարումների, հոգեկան առողջության որոշ խնդիրների կամ մաշկային որոշ հիվանդությունների բուժման դեղամիջոցներ, հարցրեք բժշկին՝ արդյո՞ք կարող եք այդ դեղամիջոցներն ընդունելու ընթացքում շարունակել սուրճ օգտագործել։

Սուրճը կարող է նաև խանգարել օրգանիզմի կողմից երկաթի ներծծմանն ու օգտագործմանը։

Հակաալերգիկ դեղամիջոցներ

Ալերգիայի բուժման համար նշանակվող հակահիստամինային դեղամիջոցները կարող են փոխազդել մի շարք այլ դեղամիջոցների հետ։

Հակահիստամինները կարող են քնկոտություն առաջացնել, իսկ հանգստացնող կամ տրանկվիլիզատոր դեղամիջոցների հետ համատեղ ընդունելու դեպքում այդ ազդեցությունը կարող է ավելի ուժեղանալ։

Հակաալերգիկ դեղամիջոցները կարող են փոխազդել նաև քնկոտություն առաջացնող հակադեպրեսանտների հետ։ Այս համակցված ազդեցությունը կարող է խանգարել մեքենա վարելու և կենտրոնանալու ունակությանը։

Արյան ճնշումը կարգավորող որոշ դեղամիջոցներ որոշ հակահիստամինների հետ համատեղ օգտագործելիս կարող են հանգեցնել զարկերակային ճնշման և սրտի ռիթմի վտանգավոր բարձրացման։

Եթե անհրաժեշտ է ընդունել հակահիստամին պարունակող դեղամիջոց, խոսեք բժշկի հետ՝ համոզվելու համար, որ այն չի փոխազդում ձեր կողմից ընդունվող այլ դեղերի հետ։

Հակացնցումային դեղամիջոցներ

Հակացնցումային դեղամիջոցները կարող են բարձրացնել կամ նվազեցնել այլ դեղամիջոցների մակարդակն արյան մեջ։

Հակացնցումային դեղերի հետ կարող են փոխազդել հակադեպրեսանտները, հակափսիխոտիկները, հակաբիոտիկները, հակավիրուսային և հակասնկային դեղամիջոցները, հակամակաբուծային միջոցները, հակաբեղմնավորիչ հաբերը, արյունը նոսրացնող դեղերը, հակաքաղցկեղային դեղամիջոցները և իմունաճնշիչները։

Հակացնցումային դեղերի միջև հնարավոր փոխազդեցությունները կարող են լինել ինչպես համեմատաբար թեթև, այնպես էլ ծանր՝ սկսած ճանաչողական խանգարումներից մինչև ցնցումների հաճախակիացում։

Վիտամին K-ն ու արյան մակարդուկները (թրոմբ)

Վարֆարինն արյունը նոսրացնող դեղամիջոց է, որն օգտագործվում է արյան մակարդուկների առաջացումը կանխելու համար։

Վարֆարին ընդունելու ընթացքում վտանգավոր է չափազանց մեծ քանակությամբ վիտամին K-ով հարուստ սնունդ օգտագործելը։ Վիտամին K-ի բարձր մակարդակը կարող է նվազեցնել վարֆարինի և այլ հակամակարդիչների արդյունավետությունը և մեծացնել արյան մեջ մակարդուկների առաջացման վտանգը։

Վիտամին K-ով հարուստ մթերքներից են բրյուսելյան կաղամբը, մաղադանոսը, քեյլ կաղամբը, բրոկոլին և սպանախը։

Ժենշենն ու արյան մակարդումը

Ժենշենը խոտաբույս է և սննդային հավելում, որը կարող է նպաստել արյունահոսության առաջացմանը և ուժեղացնել վարֆարինի, հեպարինի և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ազդեցությունը։

Մոնոամինօքսիդազի ինհիբիտորներ ընդունելիս ժենշեն օգտագործելը վտանգավոր է, քանի որ այն կարող է առաջացնել քնի խանգարում, նյարդայնություն, գլխացավ, անհանգստություն և գերակտիվություն։

Ժենշենը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը։ Եթե այն համատեղ օգտագործվում է արյան շաքարը նվազեցնող դեղամիջոցների կամ ինսուլինի հետ, արյան մեջ շաքարի մակարդակը կարող է չափից շատ նվազել։

Արևքուրիկ

Արևքուրիկը կամ սրոհունդը (St. John’s wort) խոտաբույս է, որն օգտագործվում է դեպրեսիայի բուժման համար։

Այն ակտիվացնում է լյարդի որոշ ֆերմենտներ, ինչի հետևանքով կարող է արագացնել որոշ դեղամիջոցների նյութափոխանակությունը և նոսրացնել դրանց խտությունն արյան մեջ։

Այս խոտաբույսի ընդունումը կարող է նվազեցնել խոլեսթերինի մակարդակը նվազեցնող լովաստատինի, էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար օգտագործվող սիլդենաֆիլի և սրտային հիվանդությունների բուժման համար նշանակվող դիգոքսինի մակարդակն արյան մեջ։

Գինկգո բիլոբայի և դեղամիջոցների փոխազդեցությունը

Գինկգո բիլոբան խոտաբույս է, որը նպաստում է արյան շրջանառությանը և կարող է նպաստել հիշողության բարելավմանը։

Գինկգոն կարող է փոխազդել առողջական տարբեր խնդիրների բուժման համար նշանակվող դեղամիջոցների հետ։

Բույսի մեծ չափաբաժինները կարող են նվազեցնել հակացնցումային դեղամիջոցների, օրինակ՝ կարբամազեպինի  և վալպրոյաթթվի  արդյունավետությունը։

Գինկգոն կարող է ուժեղացնել հակադեպրեսանտների, արյունը նոսրացնող դեղամիջոցների և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի կողմնակի ազդեցությունները։

Այն կարող է ուժեղացնել նաև արյան ճնշումը նվազեցնող դեղերի ազդեցությունը՝ հանգեցնելով ճնշման՝ չափից շատ անկման։

Գինկգոն կարող է նվազեցնել հակատագնապային դեղամիջոցների արդյունավետությունը։

Այն կարող է ազդել նաև արյան մեջ գլյուկոզի մակարդակի վրա, ուստի եթե շաքարային դիաբետի դեմ դեղամիջոցներ եք ընդունում, գինկգո բիլոբա օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չունի բուժում նշանակելու նպատակ։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ MedicineNet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել