ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը (լուսանկարում) այսօր ինքնաբացարկ հայտնեց՝ հիմնավորելով, որ այս գործով նախկինում եղել է քննչական խմբի կազմում։ Այդ հանգամանքը, ըստ դատավորի, գործի քննության անաչառության և անկողմնակալության տեսանկյունից խնդրահարույց է։
Դատավորն ասաց, որ գործը կհանձնվի վերաբաշխման։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կրկին կալանավորվել էր 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 5-ին՝ Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։
Կարդացեք նաև
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ և զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ, իբրև պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
Գագիկ Խաչատրյանը 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։
Մեղադրանքի համաձայն՝ Աշոտյանի գործողությունների արդյունքում ՀՀ սեփականության ֆոնդից դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 208.908.500 դրամ արժեքով, առանձնապես խոշոր չափերով՝ 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը, և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։
Բացի այդ, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ այն նպատակային նշանակությամբ, այն է՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։
Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում են հիշյալ ժամանակահատվածում համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը և պրոռեկտոր Արթուր Ավագյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































