Ռեադմիսիոն վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 462 անձի վերաբերյալ։ Հայցերի հիմնական մասը ներկայացվել է Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից՝ համապատասխանաբար 166 և 73 հայց։ Քաղաքացիությունը հաստատվել է 402 անձի դեպքում, իսկ չի հաստատվել՝ 23 անձի դեպքում։
Քաղաքացիությունը հաստատված և չհաստատված անձանց թվի հիման վրա՝ ռեադմիսիոն հայցերի դրական պատասխանների ընդհանուր ցուցանիշը կազմել է 94.6%։
Ապաստան հայցողների վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում
Կարդացեք նաև
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ՝ 32 քաղաքացիության երկրից։ Ապաստան հայցողների գերակշիռ մասը՝ 73%-ը, տղամարդիկ են։ Դիմումների թվով առաջատար են եղել Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիները։ Ընդհանուր թվի շուրջ 28%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին։ Նույն ժամանակահատվածում 94 անձի շնորհվել է փախստականի կարգավիճակ։ Միաժամանակ, 190 դիմումի քննարկման արդյունքում մերժվել է փախստականի կարգավիճակի շնորհումը։
Կարևոր է նշել, որ ապաստան հայցած անձանց և տվյալ ժամանակահատվածում կայացված որոշումների թվերը չեն վերաբերում մինույն դիմումներին. դրանք կարող են վերաբերել նաև ավելի վաղ ներկայացված ապաստանի դիմումներին։
Կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։
8 181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 085-ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։
2 085 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ։ Այստեղ ևս առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1 233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։ 295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։
Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում։
2026 թվականի առաջին կիսամյակում կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59%-ով։
Աճի զգալի մասը պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

















































