«Ես հայ ժողովրդին կշնորհավորեմ, երբ կլինի դատական վճիռը, և Ռոբերտ Քոչարյանը բավական երկար ժամկետով կնստի։ Հուսով եմ՝ այս անգամ Հայաստանի իրավապահ համակարգի մոտ ի վերջո կստացվի կյանքի կոչել արդարությունն ու արդարադատությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայկական խորհուրդ» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ իրավապահների այսօրվա գործողություններին։
Այսօր հայտնի դարձավ, որ նախկին նախագահի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի, մի շարք նախկին այլ պաշտոնյաների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրանք ձերբակալվել են։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեջ։ «2018թ․ հեղափոխությունը եղել էր երևի թե մի պահանջով՝ հայ ժողովուրդը ուզում էր արդարություն»,- հիշեցնում է Արեգ Քոչինյանը՝ հավելելով, որ իշխանությունները մինչև հիմա ձախողել են այդ պահանջի կատարումը։
Վերջինս անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց կսկսեն։ Մինչ այժմ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ դեռ ժամանակը չէ ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու կամ գործընթաց սկսելու համար։ Ինչո՞ւ այդ ժամանակն այսքան շուտ եկավ։ «Դա արձագանք է այն անհաջող փորձերին, որոնցով վերջին մի քանի շաբաթներին հայկական կողմը փորձում էր վերահսկելի դարձնել հայ-ռուսական հարաբերությունների էսկալացիան»,- պատասխանեց Արեգ Քոչինյանը։


















































