Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունների վերահսկողության, այլև՝ հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կամավոր ու պատշաճ կատարման խթանման գործիք, ներկայացնում է․
2026 թ․ առաջին կիսամյակում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքները
2026 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Մասնավորապես, 72 ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ՝ ընդհանուր առմամբ առաջադրելով 15․7 մլրդ դրամի հարկային պարտավորություն, իսկ 218 ստուգման 178 դեպքով՝ հարկ վճարողների 81․6 տոկոսը ներկայացրել են ճշտված հարկային հաշվարկներ և բյուջե են հաշվեգրվել 17․6 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։
Նվազել են համալիր հարկային ստուգումների քանակները
Կարդացեք նաև
2025 և 2026 թվականների առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 89-ով կամ 29%-ով, մինչդեռ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, իսկ ճշտված հաշվարկների ներկայացման մասով գումարային 34% աճ։ Կամ, որ նույնն է առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 1/3-ով, մինչդեռ ստուգման ակտերի մասով արձանագրված իրավախախտումներն ավելացել են 1․65 անգամ, ճշտումների մասով՝ 1/3-ով։ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին հայտնաբերված իրավախախտումներով ստուգումների քանակը կազմել է 271, որն իրականացված ստուգումների 88%-ն է, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերված իրավախախտումներով ստուգումների քանակը կազմել է 198 կամ, որ նույնն է ընդհանուր ստուգումների 91%-ը։ Ավելացել է ստուգումներով հայտնաբերումների տեսակարար կշիռը։
Բարելավվել է համալիր հարկային ստուգումների արդյունավետությունը
2026 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով բարելավվել է հարկային մարմնի նախաձեռնած համալիր հարկային ստուգումների արդյունավետությունը՝ դարձնելով դրանք առավել թիրախային։ Տնտեսվարողների ռիսկայնությունը որոշող չափանիշների հիմքով իրականացվել է 121 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 19․1 մլրդ դրամի իրավախախտում, որից 16․2 մլրդ դրամը ճշտված հաշվարկներով վերականգնվել է բյուջե, մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակի տարեկան ծրագրի շրջանակում իրականացված 215 ստուգման արդյունքներով հայտնաբերվել է 13․2 մլրդ դրամի իրավախախտում։ Այսպիսով իրականացված ստուգումների արդյունավետությունն ավելացել է շուրջ 45%-ով՝ վարչարարության 43․7% նվազման պայմաններում։ Արդյունքում մեկ ստուգման միջին արդյունքը կազմված ստուգման ակտերի մասով 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 2025 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 274%-ով կամ 2․7 անգամ ՝ դառնալով 72․3 մլն դրամ, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների մասով՝ 88%-ով՝ դառնալով 80․8 մլն դրամ:
Ավելացել է իրավապահ մարմինների որոշումներով կատարված մեկ ստուգման միջին արդյունքը
2026 թ․ հունվար-հունիս ամիսներին՝ իրավապահ մարմինների կողմից ուղարկված որոշումների հիման վրա, իրականացվել է 97 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 14․8 մլրդ դրամի խախտում, որից՝ 12․8 մլրդ դրամն առաջադրվել է ստուգման ակտով, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում միևնույն հիմքով իրականացված ստուգումներով հայտնաբերվել է 8․2 մլրդ դրամի գումար, որից 4․5 մլրդ դրամը՝ ստուգման ակտով։
Իրականացված ստուգումների արդյունքներն ըստ ոլորտների
Մասնավորապես, առավել խոշոր խախտումներ հայտնաբերվել են հետևյալ ոլորտներում․
- բնակելի և հասարակական շենքերի շինարարության ոլորտում գործող ընկերություններից 16-ի մոտ իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2.5 մլրդ դրամի իրավախախտում, ինչը նախորդ տարի նույն ոլորտում իրականացված հսկողական միջոցառման ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1 մլրդ դրամով, միաժամանակ, հայտնաբերված իրավախախտման գերակշիռ մասը՝ 2․3 մլրդ դրամը, ճշտված հաշվարկներով վերականգնվել է պետական բյուջե։
- Պարենային ապրանքների արտադրության ոլորտում գործող 13 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1․6 մլրդ դրամի խախտում։ Միաժամանակ, մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող ընկերություններում իրականացվել է 102 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 11.1 մլրդ դրամի խախտում։
- Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն իրականացնող 2 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է 7․2 մլրդ դրամի իրավախախտում, որը ճշտված հաշվարկներով ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։
Լուծարային և վերակազմակերպումների համալիր ստուգումների արդյունքները
2026 թվականին իրականացվել է 148 լուծարային և վերակազմակերպումների համալիր ստուգում, որի արդյունքում հայտնաբերված հարկային իրավախախտումները նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել են 185%-ով կամ, որ նույնն է՝ 1․9 անգամ։
Կարևոր է հիշել, որ օրինապահ գործունեությունը յուրաքանչյուր հարկ վճարողի ներդրումն է՝ արդար մրցակցային միջավայրի ձևավորման, ստվերային շրջանառության նվազեցման, ինչպես նաև երկրի տնտեսական կայունության ապահովման գործում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


















































