Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, տրված պարզաբանումները բավարար չեն Իրանին. Փույա Հոսսեյնի. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2026 10:57 Share

Թեհրանը Թրամփի ուղու կառուցման վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ հայտարարություն է արել` պայմաններ դնելով Նիկոլ Փաշինյանի առաջ։ Իրանի իշխանությունները պահանջել են, որ TRIPP-ի պաշտպանության գործն իրականացնեն կա՛մ բացառապես հայկական զինված ուժերը, կա՛մ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի զինված ուժերը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական զինուժին։ Ըստ news.am-ի, Թեհրանը փորձում է բացառել ամերիկյան զորքերի հայտնվելն իր սահմանին, հակառակ դեպքում՝ իրանցիներն ամերիկյան զինվորներին լեգիտիմ թիրախ են համարելու։

Իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին, մեզ հետ զրույցում անդրադառնալով Իրանի այս ուղերձին, նշեց, որ դեռեւս այն ժամանակ, երբ Զանգեզուրի միջանցքի հարցերն առաջ եկան, Իրանը կարմիր գիծ համարեց Հայաստանի սահմանների անխախտելիությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ «Իրանը միշտ ասել է, որ այդ ճանապարհի վերահսկողությունը միայն ու միայն՝ 100 տոկոսով պետք է հայկական վերահսկողության տակ լինի, հակառակ դեպքում Իրանը կհամարի, որ իր կարմիր գծերը խախտվել են, ու դա, բնականաբար, բոլոր հետեւանքները կունենա` այդ կարմիր գծերը խախտող բոլոր կողմերի համար։

TRIPP-ի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ տրված պարզաբանումները բավարար չեն Իրանին»,- ասաց իրանցի քաղաքական վերլուծաբանը։

Իրանի համար մյուս մտահոգիչ հանգամանքը TRIPP նախագծի ներդրումային փաթեթն է, որի 76 տոկոսը Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո է, իսկ Հայաստանինն ընդամենը 26 տոկոս է։ Կարեւոր է նաեւ, թե ովքեր են ներդրում անում այս նախագծում։ Իրանցի քաղաքական վերլուծաբանը նշում է, որ ի հայտ է եկել մի անձ, որն ազգությամբ հրեա է, եւ պարզ չէ, թե մյուս ներգրավված անձինք ինչ ազգության են, ովքեր են ընդհանրապես, հնարավոր է նաեւ պաշտոնաթող զինվորականներ լինեն, հետախուզության ծառայողներ եւ այլն։

Հարցին, որ եթե հանկարծ TRIPP-ի անվտանգության ապահովման համար ՀՀ տարածքում ամերիկյան կամ միջազգային այլ կազմակերպության ուժեր ներգրավվեն, արդյո՞ք իրանական կողմը դա ընկալելու է որպես ամերիկա-իրանական հակամարտության կողմ դառնալու հանգամանք, իրանցի վերլուծաբանն ասաց, որ նման մտահոգություններ էլ կան: «Աստված չանի, որ Միացյալ Նահանգները փորձի զինվորականներ տեղակայել՝ իբրեւ թե անվտանգությունը պահպանելու համար, եւ մենք տեսել ենք, թե նմանատիպ գործողությունները վերջում ինչի են հանգեցրել։ Էմիրություններում, Պարսից ծոցի արաբական երկրները մեզ վստահեցնում էին, որ իրենց երկրների տարածքներում ամերիկյան ռազմական ներկայացվածությունն Իրանի դեմ չէ, եւ որ թույլ չեն տա իրենց տարածքներն օգտագործել Իրանի դեմ, այնինչ վերջում ԱՄՆ-ն արեց այն, ինչ ուզեց։ Իսկ այդ երկրները ոչ միայն ոչինչ չկարողացան անել, այլեւ ճնշումների պատճառով նույնիսկ սկսեցին համագործակցել Միացյալ Նահանգների հետ` ընդդեմ Իրանի»,- եզրափակեց Փույա Հոսսեյնին։

Հայկա ԱԼՈՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930