Ռուսական մամուլը ակտիվ հետեւում է հայաստանյան հատկապես այն իրադարձություններին, որոնք կապված են երկու երկրների հարաբերությունների խնդիրներին եւ մեր տարածաշրջանում ՌԴ շահերին: Մի շարք հրապարակումներ վերաբերում են Գյումրիում ռուսական ռազմաբազայի խնդրին: Մասնավորապես «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրում է, թե Եվրասիական վերլուծական ակումբի տնօրեն Նիկիտա Մենդկովիչը «ВФокусе Mail»-ին արած մեկնաբանությունում չի բացառել դրա փակումը, եթե շարունակվի Երեւանի եւ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի միջեւ հարաբերությունների խզումը:
Մենդկովիչը նկատել է, թե հաշվի առնելով, որ այս բազան ներկայումս պակաս կարեւոր է, քան 15-20 տարի առաջ, Ռուսաստանը կարող է փակել այդ օբյեկտը՝ առանց պաշտպանական կարողությունների զգալի կորստի, այդպիսով լիովին վերացնելով որեւիցե կախվածություն Երևանից: Նա նշել է, որ Սիրիայում գործող ռուսական ռազմաբազաների եւ Աֆրիկայում Ռուսաստանի ավելի ու ավելի ակտիվ ներկայության պայմաններում Հայաստանը զգալի չափով վերածվում է թիկունքային բազայի՝ առանց ունենալու պաշտպանության եւ ռազմավարական զսպման ամրապնդման առումով ինքնուրույն նշանակություն:
Նույն թեման, ըստ «Նյուզ.ռու» լրատվականի, արծարծվել է նաեւ ՌԴ Պետդումայում: Դումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Գյումրիից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը կարող է խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Նրա խոսքով, Հայաստանի անվտանգությունը փխրուն է չկարգավորված հարցերի (այդ թվում՝ հարեւան Թուրքիայի հետ) պատճառով:
Կոլեսնիկի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի նման քայլերի ռազմավարական ռիսկերը եւ խուսափի պաշտպանական հարցերում քաղաքական մանեւրումից: Նա նաեւ հիշեցրել է, թե ռուսական զորախմբի տեղակայումը կարգավորվում է երկարաժամկետ երկկողմ համաձայնագրով, ուստի վերջնական որոշումը պատկանում է Ռուսաստանի ղեկավարությանը:
Կարդացեք նաև
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































