Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա արդեն, երբ ընտրությունները մնացել են անցյալում, իշխանությունը պատրաստվում է առաջիկայում տրանսպորտը թանկացնել». Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ

Սեպտեմբեր 17,2026 16:00 Share

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում խոսելով հանրային տրանսպորտի ուղեվարձի հնարավոր նոր թանկացման մասին՝ ասաց. «Ես ընտրություններից առաջ իմ եթերներից մեկում այդ մասին բարձրաձայնել էի։ Սկզբում 300 դրամ, հետո լայն ճնշման արդյունքում՝ 150 դրամ նախագծի ընդունման ժամանակ իրենք շեշտել էին, որ յուրաքանչյուր տարի առնվազն 10 դրամով թանկանալու հաշվարկով են 150 դրամը բերում։

Առաջին թանկացումը պետք է տեղի ունենար այս տարվա հունվարից։ Բայց քանի որ նախընտրական, ընտրական տարի էր, իրենք չգնացին այդ թանկացմանը։ Հիմա արդեն, երբ ընտրությունները մնացել են անցյալում, իրենք պատրաստվում են առաջիկայում տրանսպորտը թանկացնել։ Եվ դա վաղուց արդեն զարմանքի առարկա չէ։ Այս իշխանությունները «հպարտ քաղաքացի», «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» ասելով անցնող տարիների ընթացքում համատարած ամեն ինչը թանկացրել են։ Բացի այն, որ սպառողական ապրանքներն են խանութներում խելակորույս թափով թանկանում, այդպես էլ պետական ծառայությունները, հարկերը, տեղական տուրքերն են թանկանում։ Քաղաքացու գրպանն են մտել գույքահարկով՝ մարդիկ սկսել են շեշտակի ավելի մեծ գումարներ վճարել։ Կարելի է ասել՝ որոշ դեպքերում ավելի քան կրկնապատկվել է։ Թանկացել են կարմիր կետագծերը։ Ճիշտ է, մենք երկու անգամ դատարանով հաղթեցինք եւ դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, բայց իրենք համառորեն շարունակում են գանձումները թանկացումների տեսքով։

Տրանսպորտի թանկացման մասով մենք բոյկոտ նախաձեռնեցինք։ Բոյկոտը հաջողվեց այն աստիճան, որ հարկադրված էին ԱԺ-ից մարդ բերել, ժողովրդական լեզվով ասած՝ տղա բերել։ ԱԺ-ում օրենքները փոխեցին, որ առաջին հերթին «Մայր Հայաստանը» չկարողանա տեղական հանրաքվե անցկացնել եւ դրանով որոշել տրանսպորտի ուղեվարձը։

Դուք պատկերացրեք հունվարի 1-ից սպասվող խառնաշփոթ իրավիճակը։ Արդեն իսկ ամռանը կայացված է որոշում, որ ակցիզային հարկը թանկանալու է՝ ծխախոտ, վառելիք, խմիչք։ Դրան ենք գումարում նաեւ  տրանսպորտի թանկացումը։ Համատարած թանկացումներ են լինելու, գումարած առողջապահության ապահովագրությունը, որ պարզվեց դա էլ փուչիկ էր։

Առհասարակ մեր ազգը իմպուլսիվ, ոգեւորվող, էմոցիոնալ, չնչին բանից ուրախացող է։ Մարդկանց էմոցիաների հետ խաղացին։ Եվ հիմա թող բոլորը զգան եւ համոզվեն, որ ի հեճուկս ընդդիմությանը ձայն տալն իշխանությանը, ինչ արդյունքների է հանգեցնելու»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել