Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել. «Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք։ Այսինքն՝ օգոստոսին աճեր եղել են, բայց նույն տարվա նախորդ ամիսներին 1 կամ 2 անգամ ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշ: Այս տարի աննախադեպ է նրանով, որ օգոստոս ամսին բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Օգոստոսին ունեցել ենք 830 417 աշխատատեղ, որը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելի է 307 130-ով: Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017-ի օգոստոսի համեմատ՝ ավելի է 186 մլրդ դրամով կամ 208 տոկոսով։ Այսինքն՝ շուրջ 4 անգամ աշխատավարձային ֆոնդն, ընդհանուր առմամբ, ավելացել է»։
Վարչապետը տեղեկացրել է նաև՝ եկամտային հարկի ցուցանիշները 2026 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել են 32 մլրդ դրամով կամ 144 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել է 161 հազար դրամով կամ 94 տոկոսով:
Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին 9 ամիսների արդյունքներով պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ ավելի է 14,7 տոկոսով։ «2025 թվականին Ազգային ժողովում ընդունված բյուջեի ցուցանիշների համեմատությամբ հավաքագրված ցուցանիշն ավելի է 126 մլրդ դրամով։ Այսինքն՝ 126 մլրդ դրամով 9 ամիսների արդյունքներով մենք նախնական բյուջեից ավելի հավաքագրումներով գնում ենք առաջ։ Իհարկե, սա լավ ցուցանիշ է, և այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պետական այն աշխատողներին, ում աշխատանքի շնորհիվ այս ցուցանիշն արձանագրվում է, այդ թվում՝ ՊԵԿ-ին»,- ասել է վարչապետը։
Կարդացեք նաև
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստվերին և ընդգծել՝ այնուամենայնիվ, դեռ ահռելի ստվեր կա, և բավարարված չէ ստվերի դեմ պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով ու արդյունավետությամբ։
Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ վարչապետը հայտնել է, որ, ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների, 2026 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5,2 տոկոս է. շատ մեծ տեմպով շարունակում է աճել շինարարությունը, անշարժ գույքի շուկայում ևս առկա է մեծ ակտիվություն։
Ըստ վարչապետի՝ 8 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է մնալ բարձր. «7.3% տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, արդյունաբերության ակտիվության աճը՝ 7.4%, շինարարությանը՝ 24%, ծառայությունները՝ 12%։ Արտաքին առևտրաշրջանառությունը 3.2% ակտիվություն է արձանագրել, բայց օգոստոսին նաև արտահանման աճ ունենք որոշակի՝ 1.3%, ինչը շատ լավ է՝ նախորդող շրջանի իրադարձությունները հաշվի առնելով»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բնակարանների վարձակալության վճարների աճին և անշարժ գույքի շուկայում բարձր գներին։ Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի բնակֆոնդին և նշել. «Ըստ էության՝ 90% հնամաշ է։ Ռենովացիայի ծրագիրը հետևյալն է, որ եղած բնակֆոնդի տեղում ներդրումային ծրագրեր են իրականացվում և նոր շենքեր են կառուցվում։ Երևան քաղաքում շատ հրատապ է այս խնդիրը, և դրա մասին մտածում ենք՝ մեր նախընտրական ծրագրում և Կառավարության ծրագրում այդ մասին կա»։
Խոսելով տնտեսական ցուցանիշների քաղաքական կողմի և եզրակացության մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ իր կարծիքով՝ այդ ամենը լավատեսության մասին է. «Այս ցուցանիշները մի բանի մասին են վկայում, որ մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը։ Այս փուլի համար այս հավատը շատ լավ է և կարևոր, բայց մենք մարդկանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք։ Այս փուլում խաղաղություն կա, խաղաղությունը տեղում է, խաղաղություն առկա է, խաղաղություն իրականություն է, բայց խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ, և Կառավարության մեծագույն խնդիրն է՝ մարդկանց սպասումը տանել մինչև վերջ և տեղ հասցնել։
Առաջիկա շրջանում մեր խնդիրը պետք է լինի հետևյալը, որ պետք է շատ հստակ ձևակերպենք մեր խնդիրը՝ հիմնարար գործողություն, որը մենք պետք է անենք՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Մենք այդ սպասումն առաջացրել ենք, մարդիկ արձագանքել, հավատացել են այդ սպասմանը, հիմա մարդիկ պետք է տեսնեն, որ մենք իրենց այս սպասումը՝ որպես քաղաքական կապիտալ, վերցնում ենք և տանում, հասցնում մինչև վերջ։ Եվ սա պետք է լինի մեր ռազմավարական առաջնահերթություններից մեկը, և այստեղից է, որ մեր քաղաքական ռազմավարությունները պետք է քաղենք և մշակենք»։
Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը.Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման նպատակով: Նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,69 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից նախարարությանը հատկացնել նաև 3 մլրդ դրամ (ընդհանուր՝ 4.69 մլրդ. դրամ) և ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Որոշման մեջ ընդգրկված ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 32.7 կմ, որից՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 3.5 կմ, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 9.6 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 19.6 կմ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, մարզային-տեղական նշանակության ճանապարհների զգալի մասն էլ դեպի դպրոց տանող ճանապարհներն են։
Վարչապետը ներկայացրել է որոշման շրջանակում ընդգրկված ճանապարհները։ Այսպիսով՝Եղեգնաձոր -Սիսիան ճանապարհահատվածի Անգեղակոթի խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցնող 0.86 կմ ավտոճանապարհի կառուցում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Միխայելովկայի խաչմերուկից մինչև Գոգավանի մաքսատուն տանող 6․8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի – ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի Ախթալա բնակավայրի վարչական տարածքով անցնող շուրջ 200 մ երկարությամբ փլուզված հատվածի վերակառուցում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Գյումրի քաղաքի վերջից դեպի ՀՀ սահման տանող ավտոճանապարհի 0.6 կմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ գյուղատեղի և Ջուջևան տանող ավտոճանապարհի 66.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Կայանից դեպի Այգեպար տանող ավտոճանապարհի 22․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Ջրաշեն բնակավայրից դեպի Երևան համայնքի Նուբարաշեն վարչական շրջան տանող 2․1 կմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Գայից դեպի Ակնաշեն տանող ավտոճանապարհի 2․6 կմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Գայից դեպի Հովտաշատ տանող ավտոճանապարհի 2․7կմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Գավառից դեպի Նորատուս տանող ավտոճանապարհի 2․4 կմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Մեծ Մասրիկից դեպի Կախակն տանող ավտոճանապարհի 6․2կմ հատվածի հիմնանորոգում (դպրոցի ճանապարհ, աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Շենավան-Արևաշող բնակավայրերը Սպիտակ -Գյումրի ավտոճանապարհի հետ կապող 4․9 կմ հատվածի հիմնանորոգում (դպրոցի ճանապարհ, աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Նորաշենից դեպի Արծնի տանող ավտոճանապարհի 2․9 կմ հատվածի հիմնանորոգում (դպրոցի ճանապարհ, աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհից դեպի Քարաձոր տանող 0․7 կմ երկարությամբ, Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհից դեպի Ղուրսալ տանող 4․1կմ երկարությամբ և մինչև Ղուրսալի դպրոց տանող 0․1 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում (դպրոցի ճանապարհ, աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Հրազդան – Հանքավան ավտոճանապարհից դեպի Մարմարիկ տանող 0․2կմ և դեպի Մեղրաձոր տանող 1․1կմ, ինչպես նաև մինչև Մեղրաձորի դպրոց տանող 1.0 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգում (դպրոցի ճանապարհ, աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Գողթից դեպի Գեղարդ տանող 3 կմ և մինչև Գողթի դպրոց տանող 0,3 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգում (դպրոցի ճանապարհ, աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Եղեգնաձոր – Վայք ճանապարհահատվածից դեպի Զեդեա տանող ճանապարհի 6․5 կմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով), Գորիս-Տեղ ավտոճանապարհի 40-րդ կմ-ից դեպի զորամաս (Քարաշեն) տանող 0,6կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով)։
Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվեն
Կառավարության որոշմամբ Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվեն՝ նախատեսված ավելի քան 10 հազար հանդիսատեսի համար։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախագիծը մշակվել է տարբեր գերատեսչությունների ակտիվ ներգրավմամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։
Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետաձգելի համարել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման/վերակառուցման և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման աշխատանքների գնման պահանջը։ Գնումների գործընթացը նախատեսվում է կազմակերպել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Սահմանվում են նաև գնման գործընթացների կազմակերպման, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական փորձաքննության մի շարք առանձնահատկություններ։
«2029 թվականին Հայաստանում և Վրաստանում համատեղ անցկացվելիք ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությամբ, որին կմասնակցի 24 թիմ, անցկացվել է 52 խաղ, որի կեսը՝ Հայաստանում։ Ըստ նախնական ծրագրի՝ Հայաստանում անցկացվելիք հանդիպումները նախատեսվում է կազմակերպել Երևանում, Իջևանում և Վանաձորում։ Առաջնության պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտեր»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունն արդեն ընդունել է մարզադաշտերի նախագծմանն առնչվող համապատասխան որոշումները։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գնման պահանջն անհետաձգելի համարելը պայմանավորված է նաև սահմանված ժամկետներով․ առաջնությունը անցկացվելու է 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և ըստ միջազգային պահանջների՝ մարզադաշտերը պետք է պատրաստ լինեն առնվազն վեց ամիս առաջ։ Նշվել է, որ նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը, վերջնական հաստատումն ու դրան հաջորդող բուն կառուցման և վերակառուցման աշխատանքները ժամանակատար են, ուստի անհրաժեշտություն է առաջացել գնման պահանջը հրատապ համարել և կիրառել մեկ անձից գնման ընթացակարգ։
Նախարարը տեղեկացրել է, որ բանակցություններ են իրականացվել մարզադաշտերի նախագծման աշխատանքներն իրականացնող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, որն ունի նմանատիպ մարզադաշտերի նախագծման միջազգային փորձ․ շինարարական աշխատանքները կիրականացվեն 24 ամսվա ընթացքում, մարզադաշտերը պատրաստ կլինեն 2028 թվականի վերջին։ «Վանաձորում խոսքը գնում է գործող մարզադաշտի վերակառուցման, իսկ Իջևանում՝ նոր մարզադաշտի կառուցման մասին»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ ր այս գործընթացում ՈՒԵՖԱ-ն Հայաստանին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում, ի վերջո, ստեղծվում են ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր, և ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ։ Վարչապետն այս համատեքստում հիշեցրել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում այցելել է «Նոա» ֆուտբոլական ակումբի ակադեմիա, իսկ երեկ բացվել է իտալական «Յուվենտուս» ակումբի հայաստանյան ակադեմիա. «Այն, ինչի մասին այս դահլիճում և տարբեր դահլիճներում խոսում էինք, երբեմն նաև վակուումի մեջ, հիմա այդ ամենը առարկայանում է, որովհետև ֆուտբոլը Հայաստանում սկսում է դառնալ տնտեսության ճյուղ, որովհետև մարդիկ կոնկրետ ներդրում են անում այս տրամաբանության մեջ»։
Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե
Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ըստ այդմ ՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե, և դրանք նախարարության ենթակայությունից փոխանցել ՀՀ Կառավարության ենթակայությանը։
«Մեծ առաջնահերթություններ կան 2026-2031 թթ. Կառավարության ծրագրում՝ ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, բոլոր ուղղություններով՝ խմելու ջուր, ոռոգման ջուր, ջրի մաքրման կայաններ։ Կան նաև գործառույթներ, որոնք այս պահին իրականացնում է Ջրային կոմիտեն, դրանց մի մասն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնավորապես՝ հողերի մշտադիտարկման, արդյունավետ կառավարման հետ կապված հարցեր կան, որոնք Էկոնոմիկայի նախարարության իրավասությունների տիրույթում են»,-ասել է նախարարը։ Ինչ վերաբերում է Պետական ակտիվների կառավարման կոմիտե ստեղծելուն, ապա ըստ Դավիթ Խուդաթյանի, դա հնարավորություն կտա պետական ակտիվների կառավարման կազմակերպական ենթակայությունը համապատասխանեցնել դրա գործառութային ընդգրկմանը և պետական ակտիվների կառավարման միասնական քաղաքականության իրականացման անհրաժեշտությանը։
Քննարկվող հարցին վարչապետն անդրադարձել է այլ տեսանկյունից. «Բացի կառավարումից, կա նաև մի ուրիշ խնդիր։ Գիտեք՝ հող ու ջուր մեր իրականության մեջ ամենաշատ օգտագործվող արտահայտություններից և ամենաշատ խմվող կենացներից մեկն է՝ «հող ու ջրի»։ Շատ կարևոր եմ համարում, որ պետական կառավարման համակարգում մեր գերատեսչությունների բրենդինգի մասին մտածելիս՝ չմոռանանք այն խնդիրը, որ մեր պետական ինստիտուտների հետ մեր քաղաքացիների էմոցիոնալ կապը շատ կարևոր է»։
Վարչապետի դիտարկմամբ՝ «Հողի և ջրի կոմիտե» անունը արտահայտում է նաև այն նոր ընկալումը, թե ինչպիսի անուններ և բրենդինգ պետք է ունենան պետական մարմինները. «Մարդուն պետք է լինի հասկանալի, և այնտեղ, որտեղ հնարավոր է մարդու համար հոգեհարազատ անուն ունենա պետական գերատեսչությունը, մենք պետք է այդ խնդիրը նույնպես լուծենք»։
Անդրադառնալով որոշման բովանդակային հատվածին՝ երկրի ղեկավարն ընդգծել է՝ ի վերջո, օրինակ՝ ոռոգման ջրի վերջնակետը հողն է։ «Հողերի 90%-ի չմշակման պատճառը ուղղակի ջրի բացակայությունն է։ Այսինքն՝ մենք ջրի կառավարման խնդիրը չպետք է տարանջատենք հողի կառավարման խնդրից այս տրամաբանության մեջ։ Ջրի կառավարման ոլորտում մեր հարցը պետք է լինի հետևյալը՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող է լինել տեսականորեն արդյունավետ գյուղատնտեսություն, մենք պետք է այդ տեղերում ջուր հասցնենք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա»։
Հավանության է արժանացել «ՀՀ 2027 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ 2027 թ. համախմբված բյուջեն գնահատվում է՝ եկամուտների գծով` 3,829.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 4,298.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 468.2 մլրդ դրամ։ ՀՀ համայնքների 2027 թ. բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 417.6 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 417.6 մլրդ դրամ:
ՀՀ տնտեսական աճի և, ըստ այդմ, հնարավորությունների ընդլայնումը պայմանավորված է լինելու նաև միջազգային մրցունակության աճով։ 2027 թ.-ին կանխատեսում ենք 5.8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6%՝ Կառավարության ծրագրի թիրախներին համապատասխան։ Մասնավորապես՝ 2027 թ. պետբյուջեի սոցիալ-տնտեսական ուղղվածությունը ձևավորվել է տնտեսական աճի ներուժի ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման, սոցիալական պաշտպանության արդյունավետության բարձրացման և հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարելավման նպատակների համադրմամբ։ Բյուջետային քաղաքականության շրջանակում առաջնահերթություն է տրվել այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորմանը, որոնք ունեն տնտեսական աճը, զբաղվածությունը, արտադրողականությունը և բնակչության եկամուտների աճը խթանող ազդեցություն։ Այս համատեքստում կարևորվել է կապիտալ և ենթակառուցվածքային ծրագրերի, կրթության, առողջապահության, զբաղվածության և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով ծախսերի արդյունավետ իրականացումը։ Ըստ այդմ, կշարունակվեն՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը, անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը, անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը և այլն։
Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրենքի ժամկետը
Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծին։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրեր։ Նախագծով առաջարկվում է մեկ տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը։ Օրինագծով առաջարկվում է՝ բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցում, սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը փոխատուցման տրամադրում, անշարժ գույքի հարկի փոխհատուցում, ականների պայթյունից տուժած անձանց բժշկական օգնություն և դրամական աջակցություն, ականների պայթյունից զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվող աջակցություն։
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը
ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Արդյունքում՝ կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։ Նախկինում ընդունած որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքները ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։ Հաշվի առնելով ձևավորված իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ։
Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։ Ընդ որում, առաջարկվում է որպես որակյալ հանցակազմ սահմանել 12 տարին լրացած, սակայն 16 տարին չլրացած անձի ծառայությունից օգտվելը՝ նախատեսելով ավելի ծանր պատիժ։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է նախատեսել երեխայի նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու արգելք։ Նախագծով նաև շտկվում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ գործուն զղջալուն վերաբերելի կարգավորումներում առկա իրավական որոշ բացերը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատման արգելք երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում (գործող օրենսգրքում նման արգելք է նախատեսված մարդու թրաֆիքինգի, սակայն ոչ՝ երեխայի թրաֆիքինգի համար): Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխայի՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության համար, կբացառվի այս դեպքերում քրեական պատասխանատվությունից ազատելու ձևավորվող պրակտիկան, որը չի բխում երեխայի լավագույն շահերից։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին:
Հավանություն է տրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Օրենսդրական նախաձեռնության նպատակը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է՝ բնագավառի ներկա միջազգային զարգացումներին համարժեք մոտեցումների սահմանման ու մեխանիզմների կիրառման իրավական հիմքեր ստեղծելու միջոցով։ Օրինագծերը մշակվելիս հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Օրինագծերի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հետ կապված հարաբերությունները։ Օրենքի փոփոխությամբ ակնկալվում է ներդնել կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների պետական հավատարմագրման ու վերահսկողության ընթացակարգեր, ներդնել հեղինակային և հարակից իրավունքների ընդլայնված կառավարման իրավական մեխանիզմ, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Այս փոփոխությունները թույլ կտան բարձրացնել ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, սահմանել արդյունավետ պետական վերահսկողություն և ապահովել ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը։
Միջազգային համագործակցություն
Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Բյուջետային աջակցության այս ֆինանսավորումը ԶՖԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից համաֆինանսավորվող նոր եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին ենթածրագիրն է, որը հանդիսանում է հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ նախկինում իրականացված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունը։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը նպաստող պատասխանատու հանրային ֆինանսների կառավարման ապահովումը, արտաքին ֆինանսավորումից ՀՀ կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։ Ծրագրի բարեփոխումների երեք հիմնական ուղղություններ են՝ հարկաբյուջետային կառավարման, հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների մատուցման բարելավում ազգային և ենթաազգային մակարդակներում, ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի, կապակցելիության և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում, կայուն ֆինանսավորման առաջմղում՝ պարտքի կառավարման բարելավման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացման միջոցով։
Սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող անձանց համար կապահովվի սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու հնարավորություն
ՀՀ քաղաքացի համարվող՝ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող անձանց համար սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու հնարավորության ապահովման նպատակով գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու հնարավորության ապահովման համար սահմանել երկու տարբերակ.
1) գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու և հարկային մարմնի կողմից սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարելու տարբերակ,
2) աշխատակիցների կողմից պետական մարմնին համապատասխան դիմում-հայտարարություն ներկայացնելու և պետական մարմնի կողմից սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարելու տարբերակ։ Արդյունքում ակնկալվում է՝ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների մասով սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար ստեղծել համապատասխան ընթացակարգեր։
Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը
Գործադիրը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2027 թ. տարեկան ծրագիրը։ Որոշման նպատակն է` Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կայուն օգտագործմանն ուղղված 2027 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը: Արդյունքում, մասնավորապես ակնկալվում է՝ ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայող օգտագործման ապահովում, կեղտաջրերի մաքրման համակարգերի նախագծման, կառուցման և արդիականացման գործընթացների իրականացում, ջրածածկման ենթակա տարածքներում շինությունների և ենթակառուցվածքների ապամոնտաժման ու թափոնների մաքրման աշխատանքների իրականացում, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, վերարտադրության և համալրման աշխատանքների իրականացում, Սևանա լճի շուրջ անտառվերականգնման աշխատանքների իրականացում։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
«Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 670 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) համար։ Ներկայումս առկա է 15 աշխատատեղ՝ 270 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 17-ի՝ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 32․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․8 մլն դրամ։
«ԲԱՍ սերվիս գրուպ» ՍՊԸ ներմուծվող ավտոբուսներով և միկրոավտոբուսներով նախատեսում է իրականացնել միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ոչ կանոնավոր տրանսֆերային ծառայություններ: Ընկերությունը նախատեսում է իրականացնել 262․6 մլն դրամի ներդրում տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 19 աշխատատեղ՝ 340 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 23-ի՝ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 262․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 26․2 մլն դրամ։
Կապահովվի ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման միասնական, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգ
Գործադիրը սահմանել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը։ Ըստ այդմ՝ հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները։ Արդյունքում՝ կապահովվի ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման միասնական, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգ, ինչպես նաև որակավորման հանձնաժողովի անդամների ընտրության հստակ կարգավորում, ինչը հնարավորություն կտա լիարժեք իրացնել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները։
Այլ որոշումներ
ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Պահլավունյաց փողոցի սկզբնամասում և դրան զուգահեռ ընթացող Մհեր Մկրտչյան փողոցում արձանագրվել է սողանքային պրոցեսների խիստ վտանգավոր ակտիվացում։ Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է անհապաղ իրականացնել՝ սողանքային մարմնի ճշգրիտ քարտեզագրում, լանջի կայունության համալիր հաշվարկ (հաշվի առնելով գրունտների ֆիզիկամեխանիկական հատկանիշները և գրունտային ջրերի ազդեցությունը), հակասողանքային և լանջի ամրացմանն ուղղված ինժեներական միջոցառումների առաջարկությունների ու նախագծերի մշակում։
Կառավարության որոշմամբ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցը կվերանվանվի՝ հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն։ Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4 -րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումն է այլ ուսումնական հաստատություններում սովորող՝ կենտրոնի ուղղվածությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։ Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է երկու բաղադրիչով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների բաղադրիչ և մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման ու տրամադրման բաղադրիչ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































