Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի ազգային թանգարանների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության խթանումը

Հոկտեմբեր 07,2026 18:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։ Նախարարներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման կարևորությունը։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Վրաստանում` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս–Փարիզ–Երևան) խորագրով կոնցեպտուալ հետահայաց ցուցահանդեսի բացումը։

Անդրադառնալով թանգարանային ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու երկրների ազգային թանգարանների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության խթանումը՝ առաջարկելով կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ։

Կողմերը կարևորել են նաև ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը և վերահաստատել են մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը շարունակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը։

Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031