Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ, որը միացնում էր բոլորին. 20 տարի անց հիշելով երգչուհի Վարդուհի Վարդանյանին

Հոկտեմբեր 07,2026 18:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 7-ին կկայանա «Բարձրաձայն կարոտ» համերգը՝ նվիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի հիշատակին: Անցել է արդեն 20 տարի, սակայն ժամանակը կարծես անզոր է երգչուհի Վարդուհի Վարդանյանի կերպարն ու ստեղծագործական շունչը հիշողություններից ջնջելու հարցում։ Վարդուհու ընկերներն ու գործընկերները, ինչպես նաև նոր սերնդի ներկայացուցիչները, որոնք հնարավորություն չեն ունեցել անձամբ շփվելու երգչուհու հետ, մինչ օրս լսում են նրա երգերն ու առանձնահատուկ հուզմունքով սպասում դրանց կատարումներին։ Նվագախմբի և Վարդուհու մտերիմների մասնակցությամբ առաջին փորձը լի էր օդում կախված հուզմունքով։ Նրանք երգչուհուն հիշում են նրա վարակիչ ծիծաղով, անսպառ հումորով, տաղանդով ու մարդկային բացառիկ հատկանիշներով։ Անփոխարինելի ընկեր, քույր, մայր ու կին. այսպես են նրան նկարագրում մտերիմները։

Երգչուհի Սիրուշոն, խոսելով Վարդուհու հետ ունեցած անխզելի ընտանեկան ու ընկերական կապի մասին, խոստովանում է. «Դժվար է հաշտվել կորստի հետ… Չնայած անցել է 20 տարի, բայց ամեն ինչ դեռ նույնն է մնացել։ Հենց սկսում ես երգերը լսել, երբ երաժիշտները նվագում են առաջին նոտաները, ամեն ինչ դժվարանում է։ Ինքն ինձնից տարիքով շատ ավելի փոքր էր, քան ես հիմա եմ, ու հիմա տեսնում եմ իր տղային՝ մեծացած, իր թոռնիկին… Նա ապրեց կարճ, բայց նրա երգերը մինչև հիմա էլ հնչում են և դեռ հնչելու են»։

Վարդուհու հետ կապված հիշողությունները Սիրուշոյի համար միահյուսված են անկեղծության, կենսուրախության և վառ խենթությունների հետ. «Մեր բոլոր պահերը շատ գիժ պահեր են։ Չնայած մեր միջև տարիքային տարբերությանը՝ շատ խենթություններ ենք արել տարբեր հյուրախաղերի ժամանակ… Ես ու Վարդուհին շատ ուշացող էինք։ Ուշացանք անգամ հրապարակում տեղի ունեցող համերգից, չնայած խոստացել էինք, որ հաստատ կհասցնենք։ Բայց մենք հասանք հրապարակ այն պահին, երբ արդեն վերջն էր, և սալյուտներն էին։ Ու երկուսով սիրուն սալյուտներին էինք նայում ու հասկանում, որ բաց ենք թողել համերգը»։

«Վարդուհին իմ այն եզակի ընկերներից էր, ով իսկապես ուրախանում էր իմ հաջողություններով»,- ասում է Անդրեն։ – «Հիշում եմ մեր «խենթերի եռյակի»՝ Վարդուհու, Սիրուշոյի ու իմ արկածները։

Ամենահամբերատարը Սյուզան Մարգարյանն էր՝ ով միշտ փորձում էր մեզ հավաքել։ Ասենք՝ կարող էինք Կրեմլի ետնաբեմում բռնոցի խաղալ, բայց համերգին միանգամից հավաքվեինք ու լավ ելույթ ունենայինք»։

Այս համերգը բոլորիս համար ոչ միայն հիշատակի երեկո է, այլև յուրօրինակ կամուրջ՝ անցյալի և ներկայի միջև։ «Երբ մենք թերթում էինք նրա աշխատանքները՝ դեռ առաջին շրջանում կատարվող միջոցառումների համար, հասկացանք, որ իր 30 տարում նա ահռելի աշխատանք է կատարել և մեծ ժառանգություն թողել։ Եվ պատահական չէ, որ այսօր նրա երգերը մեծ սիրով լսում ու կատարում են երիտասարդ կատարողները… 20 տարի է անցել, ու կարծես թե այս տարիները մեզ չեն բաժանել։ Մինչև հիմա իմ ականջներում է նրա զրնգուն քրքիջը»,- ասում է Սյուզան Մարգարյանը։

Ալլա Լևոնյանի խոսքերով՝ Վարդուհին այն բացառիկ կենտրոնն էր, որը միշտ կապել է բոլորին միմյանց. «Մեր բոլորին միացնողն էր։ Տպավորություն չլինի, թե քանի որ այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, մենք նրան ուղղակի գովեստի խոսքեր ենք ասում։ Իսկապես, նա մեզ բոլորիս կապում էր միմյանց, և այսօր նրա պակասը շատ է զգացվում, հատկապես այս դժվար օրերին»։

Արման Աղաջանյանն անկեղծանում է, որ այս տարիներին միշտ զրուցել է երգչուհու հետ և, որքան էլ զարմանալի է, ստացել է իր հարցերի պատասխանները։ Արսեն Սաֆարյանն էլ հավելում է, որ կարելի է ունենալ մեծ ձայն, բայց այն չհուզի, մինչդեռ Վարդուհու ձայնն այնպիսին էր, որ կարող էր իրար հետևից անգամ «Ադաջիո» երգել։ «Այսօրվա այս ԱԲ-ները ու տեխնոլոգիաները երևի մի պահ կխառնվեին իրար՝ լսելով այդ կատարումը»,-նշում է նա։

Երեկոյի ամենախորհրդանշական և ջերմ պահերից մեկը լինելու է այն, որ բեմում և փորձերին ներկա է երգչուհու թոռնիկը՝ փոքրիկ Վարդուհին։ Երգչուհու որդին՝ Ռուբեն Ավոյանը, նշում է, որ այս համերգի գաղափարը վաղուց էր հասունացել ընտանիքի և ընկերների սրտերում։ «Բարձրաձայն կարոտ» խորագրով համերգին հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում՝ փոքրիկ Վարդուհու հուզիչ կատարումը՝ տատիկի երգերից։

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել