Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնք» բառը «կ»-ով է գրել, նախագիծը՝ «ց»-ով․ ո՞վ է Ախուրյանի ավագանու ցուցակում ընդգրկված սույն անտառաճանաչը

Հոկտեմբեր 07,2026 19:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեկ համացանցում է հայտնվել Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներից մեկի՝ չլսված ու չտեսնված տառասխալներով դիմումը՝ ուղղված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանին, որի ազգանունը ևս սխալ է գրել։ Այն մեծ տարածում է գտել համացանցում, օգտատերերն ապշահար են եղել, այնպիսի տպավորություն է, որ դիմումատուն հայերեն տառերն առհասարակ չի ճանաչում։

«Սա հաստատ պատգամավոր կդառնա, եթե ուզեց՝ նախարար էլ»,- կատակել էր օգտատերերից մեկը։ Մեկ այլ օգտատեր էլ գրել է․ «Խիստ մի դատեք, ուղիղ 4 բառ ճիշտ է գրել… ստեղնաշարը սպանեց․․․»։

Ավագանու անդամը «համայնքի ղեկավարի» փոխարեն գրել է «համայկի ղեկավար», «սխալմամբ» բառը գրել է «պ» տառով, նախագիծը՝ «ց» տառով, «քվեարկել եմ» բառի փոխարեն գրել է «քվարկել եմ» կամ «քվարել եմ», միտքն ամենևին հասկանալի չէ, կետադրական ոչ մի նշան չկա դրված (տես դիմումը)։

Այն հրապարակել է Ախուրյանի ավագանու անդամ, ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Մարտիկ Մաթոսյանը՝ տեղեկացնելով, որ այս դիմումի հեղինակը Զավեն Մանուկյանի գլխավորած ՔՊ-ի ցուցակի առաջին տասնյակում է։

Մարտիկ Մաթոսյանը նաև իր մտահոգություններ է հայտնել՝ գրելով․ «Ամենօրյա ռեժիմով խոսում ենք կրթության կարևորության մասին։ Խոսում ենք, որ համայնքում պետք է բարձրանա ավագանու ինստիտուտի հեղինակությունը, որ ավագանու անդամը չպետք է լինի պարզապես քվեարկող մարդ, այլ կարողանա կարդալ, հասկանալ և վերլուծել փաստաթղթեր, վերահսկել համայնքի գործադիր իշխանության գործունեությունը և իրականացնել իրեն վերապահված այլ կարևոր գործառույթներ։

Ախր խոսքը գնում է Ախուրյան խոշորացված համայնքի մասին՝ շուրջ 47 հազար բնակչով և մոտ 5 միլիարդ դրամ բյուջեով։

Հավատո՞ւմ եք, որ տվյալ անձնավորությունը կարող է պատշաճ վերահսկողություն իրականացնել։

Եթե քարոզում եք, որ կրթությունն արժեք է, բա քաղաքական ցուցակ կազմելիս ինչո՞ւ եք դրա մասին մոռանում։

Այդ ի՞նչ եք պլանավորել անել Ախուրյանում, որ գրագիտությունն ու վերլուծական միտքը դարձել են խանգարող ու անտանելի»։

Aravot.am-ը դիմեց ԱԽուրյանի ՏԻՄ ընտրություններում մասնակցող միակ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու (նա նաև գործող համայնքապետն է) Զավեն Մանուկյանին՝ հարցնելով՝ ո՞վ է սույն անտառաճանաչը, որը տեղ է գրավել իր գլխավորած ցուցակի առաջին տասնյակում։

Զավեն Մանուկյանն ասաց, որ չգիտի՝ ով է դիմումի հեղինակը, քանի որ ծանոթ չէ դիմումին, միայն հրապարակման բովանդակությունից է ենթադրում, որ գրողն ավագանու անդամ է։
«Ես չգիտեմ՝ ով է այդ դիմումի հեղինակը, որ ասում են, թե ներգրավված է մեր ցուցակում։

Ով որ այս դիմումը գրել է տվել ու հետո հրապարակել, նա ժամանակին եղել է խմբակցության ղեկավարը, հետաքրքիր է՝ ինքն ինչպե՞ս է հանդուժել այդ անգրագիտությունը, ինչո՞ւ ժամանակին չի կանչել ու ասել՝ հարգելիս, հորդորում եմ վայր դիր մանդատը, թե՞ այդ ժամանակ իրենց սրտով է եղել։ Հիմա ինչո՞ւ են մանիպուլացնում, մոլորության մեջ գցում ընտրողներին։

Թող ազնվություն ունենա, մի հարցի պատասխանի, այն ժամանակ, երբ ցուցակը կազմում էին, ես էի գլխավորո՞ւմ ցուցակը, ես էի ընտրո՞ւմ ավագանու թեկնածուներին, ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ մարդկանց ընտրության հետ, ես ցուցակի առաջին համարը չէի, ընդամենը ավագանու անդամ էի, իրենց ձեռքը չէ՞ր, թող ցուցակում նման մարդկանց չընդգրկեին, հիմա ինչու են հանկարծ հիշել այս ամենը։

Նորից եմ կրկնում՝ իրականում ես չգիտեմ՝ ով է հեղինակը, խոսքն ում մասին է, որ պնդում են, թե մեր ցուցակում է»,- ասաց Զավեն Մանուկյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031