ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Անձի կենսաչափական տվյալների մշակման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է սահմանել անձի կենսաչափական տվյալների՝ լուսանկարի, ստորագրության և աջ ու ձախ ձեռքերի մատնադրոշմների մշակման կանոնները, այդ թվում՝ լիազոր մարմնի և մասնավոր գործընկերոջ կողմից դրանց մշակման հնարավորությունը։
Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման նոր համակարգի ներդրման գործընթացում անձնական տվյալների պաշտպանությունը առանձնահատուկ կարևորություն ունի։ Կենսաչափական տվյալներն իրենց բնույթով պահանջում են պաշտպանության առավել բարձր մակարդակ, ուստի դրանց հավաքման, պահպանման, փոխանցման և օգտագործման յուրաքանչյուր փուլ պետք է ուղեկցվի հստակ իրավական կարգավորումներով և տվյալների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներով։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախագծի վերաբերյալ ներկայացրել է կարծիք՝ արձանագրելով, որ առաջարկվող կարգավորումներով բավարար չափով հստակեցված չեն կենսաչափական տվյալների հավաքման, պահպանման, փոխանցման և օգտագործման կոնկրետ ընթացակարգերն ու պայմանները։ Հստակեցված չեն նաև մասնավոր գործընկերոջ կողմից կենսաչափական տվյալների մշակման սահմանները, տվյալներին հասանելիության շրջանակը, դրանց պահպանման և փոխանցման պայմանները և տվյալների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքները։
Կարդացեք նաև
Կազմակերպությունը ընդգծել է, որ կենսաչափական տվյալների բնույթով պայմանավորված՝ դրանց մշակումը պահանջում է անձնական տվյալների պաշտպանության առավել բարձր մակարդակ և անձի իրավունքների ու ազատությունների համար առաջացող ռիսկերին համապատասխան լրացուցիչ երաշխիքներ՝ ՀՀ ներպետական և ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ։ Ըստ այդմ, առաջարկել ենք նախագիծը լրացնել կենսաչափական տվյալների մշակման հստակ կանոններով և անհրաժեշտ երաշխիքներով։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ



















































