Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ եմ անում Բաքու մարդասիրական այց կազմակերպել

Հոկտեմբեր 09,2026 12:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Հարգելի՛ գործընկերներ,

Դիմում եմ ձեզ որպես ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։

Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։

Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։

209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։

Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։

Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։

Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՆՁԱՄԲ և ՄԻԱՅՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։

Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։

Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։

Հարգելի՛ գործընկերներ,

Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։

Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։

Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղութան գործընթաց։

Լիլիթ Գալստյան,

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ պատվիրակության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031