Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է երկրորդ քրեական գործը։ Ո՞վ է պատասխանատու այս հակասության համար. «168 ժամ»

Հոկտեմբեր 15,2026 11:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Սեպտեմբերի 1-ին 168.am-ում հրապարակված «Փաշինյանի «սրտի բլոգեր» Georg X-ը մեղադրյալի կարգավիճակ ունի» հոդվածում ներկայացրել էինք «Georg X» կեղծանվամբ հանդես եկող բլոգերի՝ վարորդական իրավունքի բացակայության պայմաններում մեքենա վարելու դեպքի առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերի մասին։ Քննչական կոմիտեն պատասխանել էր, որ ստացված երկու հաղորդումներից մեկով քրեական վարույթն ուղարկվել էր դատարան՝ մեղադրական եզրակացությամբ, իսկ մյուսով նախաքննությունը շարունակվում էր։

Սակայն դրանից հետո այս պատմությունը ոչ թե հստակություն ստացավ, այլ ավելի շատ հարցեր առաջացրեց։

Սեպտեմբերի 10-ին՝ մեկ պատասխան, հոկտեմբերի 13-ին՝ մեկ այլ պատկեր:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ իրենց մոտ առկա էր միայն առաջին քրեական գործը, որն արդեն ուղարկվել էր դատարան։ Դատական տեղեկատվական համակարգում՝ Դատալեքսում, նույնպես տեսանելի էր ընդամենը մեկ քրեական գործ։

Այսպիսով՝ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե նախաձեռնվել էր ևս մեկ քրեական վարույթ, ապա ի՞նչ ընթացք էր այն ստացել, և որտե՞ղ էր հասել դրա քննությունը։

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, 168.am-ը կրկին հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե։ Ստացված պատասխանի համաձայն՝ դատարան է ուղարկվել արդեն երկու քրեական գործ։

Ավելին՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին և 12-ին ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում Գ․ Թ․-ի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու պայմաններում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում։

ՔԿ-ից նաև հայտնել են, որ կատարվում է նախաքննություն, և այս փուլում Գ․ Թ․-ն դատավարական կարգավիճակ չունի։

Ուշագրավ է, սակայն, որ Քննչական կոմիտեն մի կողմից հայտնում է դատարան ուղարկված երկու քրեական գործի մասին, մյուս կողմից՝ ներկայացնում նոր հաղորդումների հիման վրա նախաձեռնված և մեկ վարույթում միավորված քրեական վարույթի մասին։

Սակայն, եթե դատարան ուղարկված երկու գործերի մասին տեղեկությունը հաստատվում է Քննչական կոմիտեի պատասխանով, ապա ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն չունի երկրորդ գործի մասին, իսկ «Դատալեքս» հարթակում տեսանելի է միայն մեկը։

Ո՞վ է պատասխանատու այս հակասության համար

168.am-ը կրկին հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, և պատասխանի համաձայն՝ Դատախազությունում տեղեկություն չունեն դատարան ուղարկված երկրորդ քրեական գործի մասին, որի առկայության վերաբերյալ հայտնում է Քննչական կոմիտեն։

Որտե՞ղ է երկրորդ քրեական գործը։

Արդյո՞ք այն պատշաճ կարգով ուղարկվել է դատարան, և եթե՝ այո, ապա ինչո՞ւ դրա մասին տեղեկություն չկա Դատախազությունում։ Արդյո՞ք խոսքը տարբեր փուլերում գտնվող քրեական վարույթների մասին է, որոնց վերաբերյալ պետական մարմինների պատասխաններում տարբերություններ են առաջացել, թե՞ առկա է այլ հանգամանք, որը դեռևս չի պարզաբանվել։

Ասատուր ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031