Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դեմոկրատիայի ճակատագիրը

Օգոստոս 30,1995 12:43

Քամին փչում է նաեւ հյուսիսից

Ոմանք կարող են տարակուսանքով վերաբերվել «հայկական դեմոկրատիա» արտահայտությանը, նշելով ներկա իշխանությունների հակադեմոկրատական բազմաթիվ գործողությունները։ Անշուշտ, «մեղքերը» բավականին շատ են, եւ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն չի կարելի միաժամանակ չխոստովանել, որ Հայաստանի ներկա զարգացման հիմնական ուղղությունն ընթանում է դեպի «նոր հասարակարգի» ձեւավորման եւ դեմոկրատական համակարգի հաստատում։

Մեր վերլուծության ներկա առարկան այս հոդվածում հայկական դեմոկրատիայի հաստատման ներքին գործընթացների ուսումնասիրությունը չէ, այլ ռուսական դեմոկրատիայի ճակատագրի հարցը։ Այն դրույթը, թե իբր Ռուսաստանյան գործընթացները լրջորեն չեն կարող ազդել մեզ վրա, քանի որ տնտեսապես զգալիորեն թուլացրել ենք մեր կախվածությունը «հյուսիսային հարեւանից», կարծում եմ, լուրջ չէ: Կախվածությունը, ինչպես հայտնի է, լինում է բնագավառներում, որոնցից ամենակարեւորը անվտանգությունն է։ Կարելի է, իհարկե, վերլուծել կախվածության չափերն ու աստիճանը, սակայն, ընդհանուր առմամբ, պարզ է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգի կտրուկ փոփոխության դեպքում կփոխվի նաեւ մեր համակարգը։

Եթե Ռուսաստանում դեմոկրատական համակարգը ամրապնդվի, դա այն անհրաժեշտ պայմանը կդառնա, որը կստիպի խոսել մեր դեմոկրատիայի զարգացման մասին։ Սակայն եթե «այնտեղ» դեմոկրատիան պարտվի, կդժվարանա նաեւ մեր վիճակը։ Ամենեւին էլ նպատակ չունենք թերահավատության մթնոլորտ ստեղծել, առավել եւս մարդկանց վերադարձնել հին գիտակցությանը, ըստ որի՝ ամեն ինչ որոշվում է Մոսկվայում։ Չբացարձակեցնելով ոչ մի գործոն, պետք է, այնուամենայնիվ, հաշվի առնել յուրաքանչյուրը:

Եվ այսպես, ռուսական դեմոկրատիան արդյո՞ք ապագա ունի: Մինչեւ 1985 թվականը Ռուսաստանում դեմոկրատական շարժումը արտահայտվում էր այսպես կոչված «այլախոհության» տեսքով, իսկ ռուս ժողովրդի գիտակցության մեջ լիբերալ գաղափարները մարգինալ բնույթ էին կրում հիմնականում։ Ավելին, ռուսական ողջ պատմության ընթացքում չափազանց մեծ է եղել պետական իշխանության դերը, իսկ ռուս մարդու համար դժվար է ընկալել ինքնակառավարման եւ մարդու անհատական ազատության գաղափարները: «Ազատության» գաղափարում նա տեսնում էր ոչ թե բնական կյանքի «հիմքը», այլ քաոսի վտանգը։ Ինքնին հասկացությունը ժողովրդի մեծամասնության համար ընկալվում էր որպես «անկարգություն»։ Ռուսը հարգում է ոչ թե մարդկային անձն ու նրա իրավունքները, այլ «ուժ», «իշխանություն» եւ «կրթություն» հասկացությունները։ Ռուսաստանը, ի տարբերություն Եվրոպայի, «վերածննդի» բովով չի անցել եւ չի զարգացել «մարդկային անձի» պաշտամունքի ժամանակաշրջանը։ Այդ պատճառով Ռուսաստանում «անձը» միշտ էլ եղել է միջոց, ոչ թե նպատակ։ Ահա թե ինչու նախկին կոմունիստական քարոզչությունը միշտ ձգտում էր հակադրել «անձնականն» ու «հասարակականը», ընդգծելով առաջինի ոչնչությունն ու վերջինի նշանակությունը։

Սակայն ռուս ժողովրդի գիտակցության մեջ ամուր է նաեւ «արդարության» գաղափարը։ Նրա համար «իշխանությունը» պետք է լինի ոչ միայն «ուժեղ», «անսահման ու բացարձակ», այլեւ՝ «ար¬դար»։ Իշխանության միմիայն այդպիսի նմուշներն են հարազատ ռուս մարդուն։ Ցանկացած այլ իշխանություն ռուսը մերժում է։

«Իշխանությունը պետք է լինի բացարձակ ուժեղ, որպեսզի կարողանա իրականացնել բացարձակ արդար գաղափարը»՝ ահա ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության մնայուն հայտարարը։ Պատմության այս կամ այն փուլում, փոխվում էին ռուս ժողովրդի մտածողության արտաքին հատկանիշները, սակայն ոչ էությունը։ Բնականաբար, «բացարձակ ուժեղ իշխանություն» ու «բացարձակ արդար գաղափար» բանաձեւերին հետեւում էին նաեւ մնացած հատկանիշները, օրինակ, «բացարձակ ուժեղ ղեկավարը», որը պետք է ունենա բացարձակ լիազորություններ, «ուժեղ իշխանության» միջոցով իրագործի «բացարձակ արդարության գաղափարը»։ Այստեղից է գալիս ռուս մարդու մենիշխանական էությունն ու «լավ թագավորների» գաղափարը։ Այս երեք բացարձակ հակասություններին հետեւում է հաջորդը՝ «ողջ մարդկության հանդեպ ռուս ժողովրդի համաշխարհային առաքելության խնդիրը»։ Ըստ չորրորդ դրույթի՝ ռուս ժողովուրդը կոչված է մարդկությանը «երջանկացնելու» իր գաղափարներով։ Ահա այս չորս հիմնարար դրույթներն են, որ առկա են եղել Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում։ Եվ այդ իմաստով քրիստոնեական եւ կոմունիստական Ռուսաստանները «իրական էության» տարբեր ձեւակերպումներն էին։

Իսկ ի՞նչ դեր կարող է ունենալ «նոր դեմոկրատական» Ռուսաստանը, այս խնդիրն են փորձում լուծել ժամանակակից բազմաթիվ եւ բազմաբնույթ քաղաքական կուսակցություններն ու շարժումները, քաղաքագետներն ու գործիչները, արվեստագետներն ու… զինվորները։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031