Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալը սպասում է ապագային

Դեկտեմբեր 29,1995 13:55

Հանրապետության եզակի պաշտոնաթերթերից գլխավորը իր 313-րդ համարում ծանուցում էր, որ շինարարները Սպիտակ-Լենինական խճուղին վերանորոգելիս գտել են ստորգետնյա մի ամբողջ քաղաք՝ եկեղեցով, դամբարանով, հավանականով եւ տնտեսական կառույցներով։ Վիթխարի գտածոն թվագրվում է 12-րդ դարով։ Հայտնագործության ժամկետը նրբորեն շրջանցված էր, որը խաբուսիկ տպավորություն էր թողնում, թե այն կատարվել է եթե ոչ այսօր, ապա առնվազն երեկ։ Ուստի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր Արամ Քալանթարյանին զանգահարեցի՝ ընդամենն իմանալու համար, թե որն է ստորգետնյա քաղաքի հնագիտական արժեքը եւ թե՝ երբ են պեղումներ սկսվելու։ Ավելի քան զարմանալի էր բնագավառի գերագույն դեմքից լսել, որ Փամբակ գետի ափի ստորգետնյա բնակավայրը մասնագետների համար նորություն չէ, այն բացվել է 1977թ.: Մի քանի տարի պեղումներ են ընթացել, բայց 1981-ից դրանք դադարեցվել են՝ դրամական միջոցների սղության պատճառով։ Այլեւս հարկ չկար պարզել, թե 18 տարվա վաղեմության լուրը ինչու է հրամցվում իբրեւ սենսացիա։ Դա գործընկերներիս մասնագիտական խնդիրն է, որը չեմ փորփրի։ Առկա է շատ ավելի այժմեական հիմնահարց՝ Հայաստանի համար պեղումներ կատարելը ի՞նչ աստիճանի բարդություն է։

Պրն Քալանթարյանը օլիմպիական հանգստությամբ ասաց, որ, դե, պետությունը միջոցներ չունի, հետեւաբար, բոլոր պեղումները դադարեցվել են։ «Դա ձեզ չի՞ անհանգստացնում» հարցս նրան ստիպեց դիմել փաստերի. 1996-ի համար ներկայացվել են համապատասխան հայտեր, որոնց ֆինանսավորման հարցը պարզ կդառնա ապրիլին։ Իսկ այժմ իրենք գիտական տարբեր կենտրոնների հետ պայմանագրեր ունեն, որոնց շրջանակներում պեղումներ են կատարում Սեւանի, Շիրակի եւ մի շարք այլ բնակավայրերում։ Համագործակցող երկրներից նշվեցին Իտալիան, ԱՄՆ-ը, Բելգիան։ Համատեղ աշխատանքի իմաստը հնագիտական նյութեր հայտնաբերելը եւ դրանք մշակելն է։ Պեղածոները Հայաստանի սեփականությունն են, հանրապետությունից դուրս չեն տարվում։ Սա՝ ի պատասխան իմ անհարկի տագնապի։

Ինստիտուտի տնօրենը նշեց, որ ընթացող պեղումները չնչին մասն են այն հնարավորությունների, որոնցով Հայաստանը հարուստ է։ Փաստորեն, հնագիտական նյութի առատությունը ուսումնասիրման գործնականությանը չի համընկնում։ Սա համարենք ժամանակավոր դադար։ Բայց ի՞նչ վիճակում են հայտնվել կիսապեղված բնակավայրերն ու դամբարանադաշտերը։ Հնարավորություն եղե՞լ է դրանք գոնե միջավայրից մեկուսացնել կամ, ինչպես մասնագիտական բառապաշարում է ընդունված՝ կոնսերվացնել։ Փամբակի քարանձավային քաղաքի առումով եղել են միայն նախագծեր, որոնք լրմանը չեն հասել։ Ըստ պրն Քալանթարյանի հաղորդած տեղեկության, այդ վիմափոր բնակավայրը, որը հնագիտական արժեքավոր նյութ է պարունակում, զգալի վնասներ է կրել։ Իմիջիայլոց, ոչ այնքան այցելուների անփութության, որքան բնական տեղումների պատճառով։ Մասնավորապես անհետեւանք չի եղել 88-ի ավերիչ երկրաշարժի ազդեցությունը։ Ինքն ընդհատված պեղումների վայր է այցելել մի քանի տարի առաջ, ուր նկատել է ակնառու կորուստներ։ Նույնը վերաբերում է նաեւ այն բոլոր վայրերին, որոնց դարավոր պարունակներն սպասում են լավագույն ժամանակների եւ գթառատ ձեռքերի։

«Պետությանն առայժմ հաջողվում է իր միջոցներով պահպանել միայն գիտնականների գենաֆոնդը»,- մեր զրույցի վերջում ասաց լավատես տնօրենը։

Ըստ երեւույթին, ներկա օրերի համար դա էլ փոքր առաքելություն չէ։ Վատ չէր լինի, եթե երկրաշարժը, հողը, ձյունն ու քամին էլ դա հասկանային եւ իրենց հեռու պահեին կոնսերվացված ու չկոնսերվացված վայրերից, ինչպես անում են բոլոր գիտակից այցելուները։

 

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031