Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Օգոստոս 31,2001 00:00

ԴՈՒԴՈՒԿՆ ԻՄ ՀՈԳԻՆ Է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1933-ի ապրիլի 20-ին, Երեւանում՝ երաժշտի նտանիքում։ Դեռ փոքրուց ծնողների եւ ընկերների կողմից մկրտվել է փաղաքշական «Լալիկ» մականունով, որով նրան ճանաչում եւ դիմում են բարեկամներն ու մտերիմները, իսկ ընկերների եւ կոլեգաների համար նա նաեւ Վարպետ է։ Բարի է, հյուրընկալ, նրբանկատ, անմիջական եւ անչափ համեստ։ Ընտանիքի հրաշալի հայր է։ Ունի երեք դուստր եւ մեկ որդի։ Որպես առաջատար դուդուկահար, նա տարիներ շարունակ նվագակցել է ՀՀ մի շարք ժողովրդական արտիստների՝ Հ. Բադալյան, Վ. Սամվելյան, Օ. Համբարձումյան… 1978- 88թթ. աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ուր եղել է դուդուկ-շվի բաժնի առաջին ուսուցիչը։ Մասնակցել է մի շարք փառատոների, վերջինը օգոստոսի 5-ին Գյումրիում կայացած դուդուկահարների փառատոնն էր։ Հյուրախաղերով եղել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Ալժիրում, Մոսկվայում եւ այլուր, ամենուր տարածելով մեր դուդուկի հոգեպարար հնչյունները։ Մեծն Սարոյանը, լսելով Վարպետի կատարումները, ասել էր. «Դուդուկն իմ հոգին է, Սերգեյ»։ – Ձեր առաջին քայլերը երաժշտական աշխարհում։ – Երբ դեռ 5-6 տարեկան երեխա էի, դափ էի նվագում եւ սիրում էի ժողովրդական երգեր երգել։ Դպրոցում սովորելու տարիներին երեխաներով խումբ էինք հավաքել եւ համերգներ էինք տալիս։ 1946-ին սկսեցի հաճախել Երեւանի Մանուկների տան Արտեմ Մեջինյանի ղեկավարած ժողգործիքների անսամբլը, այնուհետեւ աշխատել եմ Վարդան Բունիաթյանի խմբում։ 1952-ին քամանչահար Խաչատուր Ներսիսյանի հրավերով, որպես դափահար, մեկ տարի աշխատեցի Գուրգեն Միրզոյանի խմբում, որտեղ պատիվ ունեցա շփվելու շնորհալի շատ երաժիշտների հետ՝ Լեւոն Մադոյան, Ալեքսանդր Սարգսյան, Մարտին Հովհաննիսյան եւ այլք։ Հետո մեկնեցի բանակ, որտեղ ծառայության անցա փողային նվագախմբում որպես կլարնետահար։ – Ե՞րբ եւ ինչպե՞ս ընտրեցիք դուդուկը։ – Զորացրումից հետո լրջորեն տարվել էի կլարնետով։ Այդ ժամանակ ռադիոյի «Միջին ալիքով» 17.30-18.00-ն ուղիղ եթերում հեռարձակվում էր երաժշտական հաղորդում, որտեղ ես կլարնետ էի նվագում։ Հերթական հաղորդումներից մեկը պատահականորեն լսել էր Արամ Մերանգուլյանը եւ բարձր գնահատելով իմ կատարումը՝ լրջորեն հետաքրքրվել էր ինձնով։ Վաչե Հովսեփյանի միջոցով տեղեկանալով, որ ես գիտեմ նոտաները, ինձ հրավիրեց իր մոտ։ Եվ քանի որ այդ ժամանակ նա գրել էր «Դու ինձ համար քարե մուսա» նոր երգը, որտեղ կար կլարնետի պարտիա, առաջարկեց ինձ նվագել այն, որից հետո հրավիրեց խմբում աշխատելու։ Արամ Մերանգուլյանի առաջարկով էլ հենց սկսեցի նվագել դուդուկ։ Դա 1964 թվականին էր։ Ինձ ընդունեցին Մերանգուլյանի ժողգործիքների անսամբլ որպես առաջին դուդուկի՝ Վաչե Հովսեփյանի փոխարինող։ Իսկ Վաչեի մահից հետո, սկսած 1978-ից, ինձ ձեւակերպեցին դուդուկահարների կոնցերտմայստեր եւ մենակատար, որտեղ եւ աշխատում եմ մինչ օրս։ – Իսկ ո՞վ էր Ձեր առաջին ուսուցիչը։ – Իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը՝ կլանետահար Իշխան Կարապետյանը, որն էլ ինձ սովորեցրել է նոտաներն ու կլարնետ նվագել։ – Ունեք հարուստ երաժշտական ավանդ։ Խոսենք նաեւ Ձեր ձայնագրությունների եւ առաջիկա ծրագրերի մասին։ – Տարիներ շարունակ ես նվագել եմ ժողովրդական սիրված շատ մեղեդիներ, այդ թվում՝ Գուսան Շերամ, Սայաթ-Նովա եւ այլն։ Ունեմ ավելի քան չորս ժամանոց ձայնագրություններ։ Ինչպես նաեւ մի շարք սկավառակներ ու ձայներիզներ։ Առաջիկայում եւս մտադիր եմ նոր մեղեդիներ ձայնագրել ու նվիրել իմ ժողովրդին։ – Գիտեմ, որ դուք հիանալի ձայն ունեք եւ շատ լավ երգում եք։ Ինչո՞ւ մինչ օրս չեք ձայնագրել ձեր երգերից որեւէ մեկը։ Առաջիկայում մտադիր չե՞ք ձեր երկրպագուներին հաճելի անակնկալ մատուցել։ – Ես երգել եմ դեռ մանկուց եւ հիմա էլ մտերմիկ շրջանակներում երգում եմ։ Անկեղծ ասած, ուզում եմ մի քանի երգ ձայնագրել ու նվիրել իմ ժողովրդին, թեեւ կարծում եմ, որ դա ավելի վաղ պիտի արվեր։ – Ի՞նչ կմաղթեք սկսնակ երաժիշտներին։ – Թող շատ աշխատեն, որպեսզի լավ երաժիշտներ դառնան։ Լինեն համեստ, հին վարպետներին հարգող ու լսող։ Թող հիշեն, որ փորձը գալիս է տարիների ընթացքում եւ հնարավորության դեպքում խորհուրդներ վերցնեն մեծերից։ Թող երբեք նրանց հոգում տեղ չունենան նախանձն ու մեծամտությունը։ Մենք ուրախանում ենք նրանցով։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել