Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի

Նոյեմբեր 30,2001 00:00

ԴԱՏԱՎՈՐԻ ԲԱՑԱՐԿԻ ՀԻՄՔԸ «ԱՌԱՎՈՏՆ» ԷՐ «Հայաստանի փաստաբաններ»-«Հայաստանի դատավորներ» մրցապայքարի հաշիվը մինչեւ երեկ բացված չէր։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննության պիտի դրվեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրգործը։ Տուժողը նույն դատարանի դատավոր Գայանե Կարախանյանն էր, որը բացակայում էր (բացակա էր նաեւ Եռագույն դրոշը)։ Նա ապավինել էր մեղադրող Պերճ Տեր-Հարությունյանի մեղադրանքի պաշտպանությանը։ Այս քրգործում «իրեղեն ապացույց» էր ճանաչվել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի շուրթերից արտաբերված «անգրագետ» բառը։ Տուժողը ներկայացուցիչ չուներ դատարանում, իսկ «ամբաստանյալը» ուներ 43 պաշտպան։ Հաշվի առնելով դատարանի փոքր չափերը, պաշտպանները համեստորեն տեղ էին զբաղեցրել դատարանի դահլիճում։ Փաստորեն, «ամբաստանյալի» կողքին մեկ պաշտպան կար, փաստաբան Հայկ Ալումյանը։ Մի քանի փաստաբաններ էլ, որոնք նախորդ նիստին չէին մասնակցել, դատարանին հանձնեցին իրենց լիազորագրերը՝ Նիկոլային պաշտպանելու պատրաստակամությամբ։ «Ամբաստանյալի» պաշտպան Ռուբեն Սահակյանը բացարկ հայտնեց դատավոր Պարգեւ Օհանյանին, բացարկի հիմք նշելով «Առավոտում» (2001թ. օգոստոսի 2) տողերիս հեղինակի եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած հարցազրույցը։ Հարցազրույցում, ըստ փաստաբան Ն. Բաղդասարյանի, «ինքը իր հակակրանքն է ցուցաբերել մեկ այլ քրգործով նախագահող պրն Պ. Օհանյանի նկատմամբ, որը զրկել էր նրան իր դատավարական իրավունքներից, խախտելով դատավարական նորմերը»։ Հետեւաբար, Ռ. Սահակյանը գտնում էր, որ դատավոր Պ. Օհանյանը չի կարող անաչառ լինել, քանի որ «նա հարցազրույցի ձեւակերպումների պատճառով ակամա դարձել է գործի ելքով շահագրգռված անձ»։ Մեղադրող Պ. Տեր-Հարությունյանը հիմնավորված չհամարեց բացարկը. «Ըստ մեզ, հոդվածը չի կարող ազդել բացարկի վրա»։ Դատավորը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց բացարկը. «Հայտնվածն այդպիսի հիմք չի տալիս»։ Հետեւեց երկրորդ բացարկը. այս անգամ բացարկի հիմք նշվեց դատավորների պաշտոնաթերթ «Օրինաթերթը» (2001թ., թիվ 9), որում դատավոր Գայանե Կարախանյանի հետ հարցազրույցն է։ «Ամբաստանյալի» պաշտպան Հայկ Ալումյանը դիմելով դատավոր Պ. Օհանյանին ասաց. «Դուք չեք կարող մասնակցել։ Դուք եւ տուժողը, աշխատելով միեւնույն տեղում, ընկերական հարաբերությունների մեջ եք» եւ նա ընթերցեց Գ. Կարախանյանի հարցազրույցի այս հատվածը. «Երջանիկ եմ, որ հրաշալի կոլեկտիվում (այժմ թիմ են ասում) եմ աշխատում, լավ, բանիմաց, գործընկերներով եմ շրջապատված»։ Նշվեց նաեւ Սահմանադրության 39 հոդվածը, որով «յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզել հավասար պայմաններում…»։ Ինչը չկա։ «Ամբաստանյալը» նշեց, որ դատավորներ Պ. Օհանյանն ու Ռ. Ներսիսյանը Գ. Կարախանյանի ընկերներն են եւ չեն կարող գնալ իրենց ընկերոջ դեմ։ «Կարախանյանն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»,- ասելով՝ դատավորը երկրորդ անգամ գնաց խորհրդակցական սենյակ։ Նա վերադարձավ առանց թիկնոցի, ինչը ենթադրում էր, որ դատաքննությունը շուտով կավարտվի։ Այդպես էլ եղավ. Պ. Օհանյանն ընդունեց իր դեմ հայտնված բացարկը։ «ՀՀ փաստաբաններ»-«ՀՀ դատավորներ» խաղի հաշիվն է՝ 1։0։ Բայց ո՞վ կմտածեր, որ դատավորների պաշտոնաթերթը կդառնա դատավորի համար ծուղակ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել