Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՎԱՐՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 31,2002 00:00

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՎԱՐՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հարցազրույց «Հոկտեմբերի 27» դատաքննությանը հետեւող անկախ դիտորդի հետ – «Առավոտում» դուք մի քանի անգամ Ձեր նկատառումներն եք հայտնել 27-ն իրականացրած ահաբեկիչների խմբի վարքաբանության վերաբերյալ դատավարության այն փուլում, երբ ցուցմունքներ էին տալիս խմբի անդամները։ 2002թ. մայիսից, ինչպես հայտնի է, դատարանում ցուցմունքներ են տալիս 27-ի գործով տուժող ճանաչված ԱԺ պատգամավորներն ու կառավարության ներկա եւ նախկին անդամները։ Փոխվե՞լ է ահաբեկիչների վարքաբանությունը տուժողների ցուցմունքների փուլում։ – Միանգամայն համակարծիք եմ մինչ այսօր ընթացած դատավարական գործընթացը Ձեր կողմից հիշատակված երկու փուլերի բաժանելու հետ։ Դրանք ոչ միայն փուլեր են, այլ նաեւ ժամանակաշրջաններ, որոնց ընթացքում զուտ օբյեկտիվ պատճառներով պետք է տարբերվեն ահաբեկիչների վարքաբանական դրսեւորումները։ Դատարանում ահաբեկիչների ցուցմունքներ տալու շրջանը պայմանականորեն կարելի է անվանել ահաբեկիչների «ինֆորմացիոն գրոհի» փուլ։ Ն. Հունանյանի՝ իբրեւ ինֆորմացիայի առաքչի, նպատակը «ինֆորմացիոն ֆոն» ստեղծելն էր դրսի՝ հանրության համար։ Առաջին հասցեատիրոջ ցուցմունքների միջոցով ահաբեկիչները (երկրորդ հասցեատերերը) փորձում էին որոշակի հանրային աջակցություն ձեւավորել։ Ուստի «ձեւավորվելիք» ինֆորմացիոն ֆոնն ուժեղացնելու նպատակով ինքնըստինքյան կարեւոր էին դառնում խմբի անդամների ցուցմունքները, դրանց համաձայնեցվածությունը։ Ուստի այդ նկատառումով էլ ահաբեկիչ Ն. Հունանյանի երկրորդ ֆունկցիան դարձավ խմբի անդամների ցուցմունքների «կոորդինացումը»։ Արդյունքում, նա ջանք չէր խնայում խմբի անդամներին այս կամ այն ճանապարհով հուշել այն պատասխանները, որոնք համահունչ կլինեին իր իսկ ձեւավորած «ցուցմունքային ֆոնին»։ Այդ ֆոնի «առանձնահատկություններին խմբի անդամները, բնականաբար, ծանոթանում էին, երբ վերջիններս բերվում էին դատարանի նիստերի դահլիճ եւ նրանց համար էլ ընթերցում էին իրենց բացակայությամբ տրված ցուցմունքները։ Ներկայիս փուլը, երբ դատարանում ցուցմունքներ են տալիս տուժողները, պայմանականորեն կարելի է անվանել «տուժողների հակագրոհի» կամ «ահաբեկիչների պատասխանի փուլ»։ Ահաբեկիչները օբյեկտիվորեն հարկադրված են պատասխանել կամ պատասխաններ փնտրել տուժողների տված ցուցմունքներին։ – Նկատենք, որ ոչ բոլոր տուժողների մեջ են նրանք ցանկանում պատասխաններ փնտրել։ Հավանաբար, նրանք գիտակցում են, որ տուժողների մեջ կան ակտիվ քաղաքականությամբ զբաղվողներ, կան եւ պարզապես քաղաքականացվածներ։ – Նրանք այդ իսկ պատճառով ավելի զգուշավոր դարձան, շատ դեպքերում տուժողին հակադարձումը տեղափոխելով ժամանակի մեջ, ակնարկելով, որ «իրենք հետո կպատասխանեն»։ Ինչպես այս, այնպես էլ շատ առումներով ահաբեկիչները ընդունել են այն խաղի կանոնները, որոնցով խաղում են նրանք, ում կասկածում կամ մեղադրում են քաղաքական ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ եւ որոնց կարգախոսն է՝ «ասելիք ունենք, բայց հետո կասենք»։ – Իսկ հնարավո՞ր է, որ այն շանտաժի մի ձեւ լինելով՝ «լարվածության» մեջ է պահում «անհայտ ինֆորմացիայի» բոլորիս անհայտ հասցեատիրոջը։ – Հնարավոր կազմակերպիչներին՝ այո։ Նմանօրինակ իրավիճակը վկայում է այն մասին, որ դեռեւս գործ ունենք «սպասումների ժամանակաշրջանի» հետ։ Սպասումներ, որոնք ունեն գործընթացի բոլոր կողմերը, մասնակիցները։ Մասնավորապես, ահաբեկիչների սպասումները կապված են արդեն զուտ «իրավիճակի փոփոխության» եւ ոչ թե հանրային աջակցություն ստանալու հետ։ Վերջինս բնորոշ էր նախորդ փուլերին, նրանք սպասումների մեջ էին, երբ կատարել էին «իրենց գործը» (այդ կապակցությամբ ցուցմունք են տալիս գրեթե բոլոր տուժողները), նաեւ՝ սպասումների մեջ էին իրենց ցուցմունք տալու ընթացքում, երբ ակնկալում էին իրենց համար «բարենպաստ» հանրային կարծիքի ձեւավորում։ Այս երկրորդ շրջանի հետ կապված, իսկապես կասկածելի ու հանցավոր երանգ է ստանում նրանց ցուցմունքների հետ զուգահեռաբար «ընթացող» 27-ի զոհերի վարկաբեկման գործընթացը։ – Ինչը կարծես չհաջողվեց եւ, բնականաբար, «սպասումները» հօդս ցնդեցին։ – Այս երկրորդ իրողությունն էլ հարկադրեց նրանց հերթական անգամ փոխել մարտավարությունը։ Այսօր ահաբեկիչները, եւ առաջին հերթին Ն. Հունանյանը, հասկանում են, որ ստեղծված իրավիճակը մի կողմից դեռեւս չի սպառնում իրենց ֆիզիկական գոյությանը եւ վարքաբանության ինչ-որ մի մասով փորձում են պահպանել այդ իրավիճակը՝ նպաստելով դատավարության ձգձգմանը։ Մյուս կողմից երկարաժամկետ կտրվածքով նրանք հասկանում են, որ հաջողություն ակնկալել չեն կարող, քանզի խոշոր հաշվով երկու էական պահի (ահաբեկչական ակտը կատարելուց հետո եւ դատավարության առաջին փուլում՝ հանրային կարծիքի առումով) նրանց ծրագրերը ձախողվել են։ Մի կողմից ձգձգվող դատավարության ձեռնտու լինելու հանգամանքը, մյուս կողմից սպասումների ձախողումները, գնալով նվազեցնում են քրեական պատասխանատվություն չկրելու հավանականությունը եւ տրամաբանորեն մեծացնում ահաբեկիչների շտապողականությունը։ Այս է պատճառը, որ նրանք մերթընդմերթ դժգոհում են դատավարության ձգձգումներից՝ դրա մեջ մեղադրելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանին (տուժող), մերթընդմերթ էլ նպաստում դատավարության ձգձգմանը՝ հնարավորինս շփոթ ստեղծելով ցուցմունքներում։ Շարունակելի ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել