Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակին ընդառաջ

Օգոստոս 31,2002 00:00

Հաղթանակին ընդառաջ ԱՊՀ երկրների վետերանների Համակարգող խորհրդի նախագահ, ծովակալ Ա. Սորոկինի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին մի շարք երկրների վետերանական կազմակերպությունների ղեկավարները։ Այդ ընդլայնված նիստը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-րդ տարեդարձի միջոցառումներին եւ տոնակատարությանը արժանավայել պատրաստվելու հարցերին։ Ինչպես հայտնի է, 2001 թվականի նոյեմբերի 29-ին ԱՊՀ երկրների նախագահների ընդլայնված նիստում քննության է առնվել եւ հավանություն տրվել 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-րդ տարեդարձին լավ պատրաստվելու եւ տոնակատարության միջոցառումների ծրագրին։ Նախագահության նիստում շատ լուրջ խոսակցություն է գնացել Ստալինգրադի վերաբերյալ, որն այժմ կրում է Վոլգոգրադ անունը, որպեսզի նորից վերանվանվի նախկին անունով։ Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ խոշոր վետերանական կազմակերպություններ եւ ԱՊՀ երկրները հավանություն են տվել Վոլգոգրադի մարզային Դումայի առաջարկությանը եւ խնդրել են նախագահ Վ. Պուտինին, որ իր հրամանագրով Վոլգոգրադը վերանվանի Ստալինգրադ։ Մենք, Հայաստանի տարածքում բնակվող պատերազմի վետերաններս նույնպես ողջունում ենք այդ առաջարկությունը եւ մեր հերթին դիմում ենք Պուտինին, որպեսզի նա իր հրամանագրով հարգի այդ խնդրանքը։ ԱՊՀ երկրների Համակարգող խորհուրդը վետերանական բոլոր կազմակերպություններին առաջարկում է գործնական կապեր հաստատել հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ։ Պետք է խոստովանել, որ մեր հանրապետությունում բառի բուն իմաստով գոյություն չունեն նման կապեր։ Եվ դա տեղի իշխանությունների մեղքով է, որ անհետացել է հարգանքը վետերանների նկատմամբ։ Համակարգող խորհուրդը խիստ քննադատեց այն փաստը, որ Հայաստանում ծայրահեղ ցածր է վետերանների թոշակների չափը։ Վճարումները հաճախ կատարվում են բավականին ուշացած։ Այո, սխալված չենք լինի, եթե ասենք, որ կառավարության կողմից բացարձակապես բացակայում է հոգատարությունը վետերանների նկատմամբ։ ԱՊՀ երկրների Համակարգող խորհուրդը առաջարկում է բոլոր երկրների վետերանական կազմակերպություններին առաջնակարգ խնդիր դարձնել վետերանների թոշակների, ինչպես նաեւ կենցաղի հարցերը։ Համակարգող խորհուրդը ընդունել է ծավալուն որոշում, որի որոշ կետերը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։ 2002-03 թվականներին պետք է նշվեն Ստալինգրադի եւ Կուրսկի ազատագրման 60-ամյակը։ Այդ ճակատամարտերը Մեծ հայրենականի պատմությունում կարեւոր տեղ են գրավում։ Հետագայում հանդիսությամբ պետք է նշվեն Դնեպրի եւ Կովկասի, Լենինգրադը շրջափակումից ազատելու, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Մերձբալթիկայի եւ Եվրոպայի մի շարք երկրների ազատագրման 60-ամյակը։ Այնպես որ, վետերանական կազմակերպությունները այս ուղղությամբ մեծ անելիքներ ունեն։ 2005 թ. վետերանական կազմակերպությունները պետք է մասնակցեն միջազգային գիտական կոնֆերանսին, ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հանդես կգան գիտական ելույթներով։ Կոնֆերանսի հիմնական թեման պետք է լինի «Ֆաշիզմի ջախջախման նշանակությունը Մեծ հայրենականի տարիներին»։ Մոսկվայում տեղի կունենա Մեծ հաղթանակի 60-ամյակին նվիրված համաժողովրդական տոնակատարություն, որին կմասնակցեն բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության վետերանների պատվիրակությունը։ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ Պատերազմի եւ աշխատանքի վետերանների Համակարգող խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել