Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանից եւ հակաքոչարյանից անդին

Սեպտեմբեր 28,2002 00:00

Քոչարյանից եւ հակաքոչարյանից անդին Եթե ՀՀ ԿԳ նախարարը չլիներ Լեւոն Մկրտչյանը, մտքովս էլ չէր անցնի ձեռք բերել ՀՀ պետական խորհրդանիշների պահպանմանն առնչվող ԿԳՆ հրամանի տեքստը՝ հասկանալու, թե ինչն է վիճաբանություն եւ ինչը շահարկում բարձրացված աղմուկում: Հրամանով հերթական առիթն է տրվել ՀՀ նախագահի պաշտոնին Քոչարյանի անարժանության թեման հոլովելու /հրամանը քննադատողները մեծ հաշվով դեմ են նրան, որ Քոչարյանը իբրեւ առաջին կարեւորության անձ դաջվի դպրոցականի գիտակցության մեջ/, իսկ ինքս ավելի քան համամիտ եմ դրան: Քոչարյանը ոչ միայն անարժան է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուն, այլեւ՝ նույնիսկ Զամբիայում կամ Բուրկինա-Ֆասոյում նախագահ լինելու: Սակայն ՀՀ ԿԳ նախարարը Լեւոն Մկրտչյանն է: Իսկ նա նախ մտավորական է ու պատմաբան, հետեւաբար նրա որոշումը չէր կարող ուղղակի կամ անուղղակի գործող նախագահի համար հղացվել: Բայց մինչ հրամանին ըստ էության անդրադառնալը՝ 2-3 տեքստային պարզաբանում: 1-ին՝ ԿԳՆ «29. 07.2002թ.» թիվ 285-Մ հրամանը հաստատում է «ՀՀ պետական խորհրդանիշների լավագույն անկյան մրցույթի կարգը եւ դրանց օգտագործման երաշխավորությունները»: Իսկ Կարգում ամրագրված է «Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցները»: Կարող են մասնակցել, կարող են եւ չմասնակցել: ԿԳՆ-ն կազմակերպում է մրցույթ, որի հաղթողները կպարգեւատրվեն մրցանակներով, ոչ թե հրաման է իջեցնում՝ «անկյուններ» ստեղծել: 2-րդ՝ Մրցույթի կարգով առաջարկված է ՀՀ պետական խորհրդանիշների անկյուններում տեղադրել «ՀՀ դրոշը, զինանշանը, օրհներգի տեքստը, Սահմանադրությունը, նախագահի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դիմանկարները»: Երաշխավորությունում հավելված է՝ «նաեւ նախկին նախագահների եւ կաթողիկոսների դիմանկարները», բայց վարչապետների, նախարարների հիշատակում գոյություն չունի: 3-րդ՝ «Սահմանադրական» վեճը՝ նախագահը պետական խորհրդանի՞շ է, թե՞ ոչ: Նախագահն ավելին է, քան պետական խորհրդանիշը՝ նախագահը պետության գլուխ հանդիսացող պետական մարմինն է: «Պետական մարմին», «պետության գլուխ» արդեն սահմանադրական իրավունքի եզրաբանություն են, բայց, սահմանադրությանը հղում կատարողը պետք է այդ հասկացություններից որոշ ըմբռնում ունենա: Չիմացություն է կարծելը, թե պետական էսթաբլիշմենթում գոյություն ունի պետության գլխից կարեւոր ատրիբուտ: Իսկ այժմ՝ ըստ էության: Ովքեր եւ ինչից են դժգոհում: Քոչարյանին մերժողները՝ նրանից, որ դպրոցներում պետք է ՀՀ նախագահի լուսանկար փակցվի: Շարունակենք փակցնել Րաֆֆու նկարները, «Սամվելով» հայ ժողովրդի պատմություն սովորենք, եւ ամեն կարգի գրողների ցնորամտություններով երեխայի գիտակցության մեջ փոխարինենք երկրի քաղաքական պատմությունը: Կամ էլ Թումանյանի ու Շիրվանզադեի դիմանկարները փակցնենք իբրեւ գրական մեծությունների, որ մի օր էլ Բայրոն ու Ստենդալ կարդալուց դպրոցականն անվերջ տարակուսի՝ ի՞նչ ասել է մեծություն: 600 տարի նման կեղծ արժեքներով են սերունդներ դաստիարակվել, որ պետություն չի ստեղծվել: Պե՞տք է երբեւէ հիմքը դրվի, որ այս երկրում էլ երեխան իբրեւ մեծություն նախ պետական գործիչներին ճանաչի: Անգլիայում, Ֆրանսիայում կամ այլուր այդպես են վարվում ոչ թե՝ որովհետեւ չունեն մշակույթի կամ գիտության մեծեր: Իսկ մեր պարագայում. ի՞նչն ավելի զորեղ ու ինքնավստահ քաղաքացի կձեւավորի. Արարատյանից սկսյալ մեր արքայատների պատմությունն ու արքաների կենսագրություննե՞րը, թե՞ արեւելյան աշուղի մակարդակից չբարձրացած գրողների ու լեռնականի տարազով ֆիդայապետերի նկարները: Ոչ թե պատմաբանը, այլ նույնիսկ պատմության սիրող-գիտակը այդտեղ երկու կարծիք ունենալ չի կարող: Սա Քոչարյանի անձից վերացարկված մոտեցում պահանջող խնդիր է: Եվ օրինաչափ է, որ պատմաբան նախարարը սկիզբը դներ պետականության արժեքներով սերունդ դաստիարակելու: Իսկ մտահոգվելը, որ երկրում հպարտության զգացում պատճառող նախագահներ ընտրվեն, արդեն մեծահասակների խնդիրն է. թող մի կողմից՝ քիչ «ղալաթներ անեն», մյուս կողմից էլ՝ ընտրակաշառքներով չկողմնորոշվեն: Բայց դա դպրոցականների քննարկման առարկան չէ: Դպրոցականները պետք է իբրեւ կարեւորագույն անձ ընկալեն երկրի նախագահին, ով էլ նա լինի: Վերջապես ԿԳՆ խնդրո առարկա հրամանի առիթով, կարծում եմ՝ անփութություն է, որ խորհրդանիշների անկյունում օրհներգի տեքստ փակցվելուց առաջ՝ Հայաստանի քարտեզը չի փակցվում: Իսկ նախագահի ու կաթողիկոսի դիմանկարներից առաջ ճիշտ չի՞ լինի մեր 3000-ամյա պետականության բոլոր արքայատների առնվազն իշխանության տարեթվերը, հիմնադիրների եւ մեկ-երկու արքաների դիմանկարները փակցնել: Ասենք՝ Արամե եւ Արգիշտի, Արտաշես 1-ին եւ Տիգրան Մեծ, եւ այլն, մինչեւ 1-ին, 2-րդ, 3-րդ հանրապետություններ: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Խմբագրության տեսակետը ԿԳ նախարարի նախաձեռնության վերաբերյալ հայտնի է. դա վայրագ ասիական-խորհրդային բարքերի ներմուծում է Հայաստան: Բայց, ինչպես տեսնում եք, «Առավոտը» բաց է նաեւ այլ տեսակետների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել