Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ

Սեպտեմբեր 30,2003 00:00

«ԶԼ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ Համոզված են արտախորհրդարանական լիբերալները ՀՌԱԿ համանախագահ Հարություն Առաքելյանը չի գտնում, որ ԶԼ մասին օրենքն «այսօր հրատապ» հարց էր, քանզի ըստ նրա «օրենքի գաղափարախոսությունն ավելի շատ ուղղված է չինովնիկների պաշտպանությանը մամուլից»։ Հ. Առաքելյանը նաեւ կարծում է. «Եթե իշխանությունն ուզում է մամուլի համար լավ բան անել, նախ՝ կառավարության քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ անկախ մամուլը Հայաստանում եկամուտ բերող լինի»։ Քանի որ եկամտի հիմնական աղբյուրը գովազդն է, պրն Առաքելյանը ճիշտ է համարում, որ պետական լրատվամիջոցներին, որոնք բյուջեից ֆինանսավորվում են, օրենքով արգելվի գովազդով զբաղվելը։ Գովազդային այսօրինակ կուլտուրայի ներմուծմամբ, մեր զրուցակիցը վստահ է, որ կլինեն իրոք անկախ լրատվամիջոցներ՝ լուրջ ֆինանսական կարողություններով։ Արդյունքում, Հ. Առաքելյանի համոզմամբ, լրատվամիջոցները ցանկացած շեշտված կամ ապատեղեկացնող լրատվություն տպագրելիս, այդ ամենը կորցնելու մտավախություն կունենան։ Մինչդեռ՝ «այսօրվա մամուլը մի քանի ջարդված սեղան-աթոռից եւ մի քանի տարի օգտագործված համակարգիչներից բացի՝ կորցնելու բան չունի»,- գտնում է ՀՌԱԿ համանախագահը։ ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանը ժամանակի թելադրանքն է համարում նոր օրենքի ընդունումը, միաժամանակ հատուկ ընդգծելով, որ մինչ այժմ գործող օրենքը լուրջ դերակատարություն ունեցել է չորրորդ իշխանության կայացման գործում։ Պրն Ասլանյանը նաեւ գտնում է, որ նոր օրենքը «չպետք է լինի սահմանափակող օրինագիծ ԶԼՄ-ների համար»։ Նա նաեւ կարծում է, որ անհրաժեշտ է բացառել երկու ծայրահեղություններ. «Մի կողմից, խոսքի ազատությունը չպետք է շփոթել ամենաթողության հետ, մյուս կողմից՝ ԶԼՄ-ների պարտականությունները չպետք է վերածվեն ճնշումների։ Անհրաժեշտ է պահանջել պարտականությունների, պատասխանատվությունների եւ իրավունքների հավասարակշռվածությունը»։ ԺԴԿ առաջնորդը նաեւ լավատես է. «Առաջինից երկրորդ ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում, կարծում եմ, ԱԺ-ն, կառավարությունը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կգնան փոխզիջումների՝ գտնելու անհրաժեշտ ոսկե միջինը»։ ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի մոտեցումը հետեւյալն է. «Որերորդ անգամ միջազգային կազմակերպությունները ճնշում են գործադրում իբրեւ բարելավելու եւ ժողովրդավարացնելու մեր հասարակությունը, բայց հնարավորություն են ընձեռում իշխանություններին ավելի կոշտ եւ ոչ ժողովրդավարական քայլեր անելու՝ ամրապնդելով սեփական տեղը»։ Անդրանիկ Հովակիմյանի համոզմամբ նաեւ «ԶԼ մասին» օրենք ընդհանրապես պետք չէ, որովհետեւ՝ «այն իր մեջ սահմանափակում է պարունակում եւ հնարավորություն է տալիս իշխանություններին իրենց ուզած ձեւով ճնշել»։ Իսկ պատասխանատվությունների հետ կապված խնդիրները, ըստ Ա. Հովակիմյանի, քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերով միանգամայն կարգավորվող հարցեր են։ Վերոհիշյալ համոզմունքը արտահայտեց նաեւ «Նոր ուղի» կուսակցության ղեկավար Աշոտ Բլեյանը։ Նա նույնպես գտնում է, որ «մեր ազգընտիր պատգամավորների բերաններում ծամոն դարձած, նրանց կողմից չարչրկվող»՝ ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը պատուհաս է դառնում ժողովրդի գլխին։ Ընդ որում, Ա. Բլեյանի վկայությամբ, Եվրակոնվենցիայի թիվ մեկ հոդվածը մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ Հայաստանը պարտավորվել է ապահովել արտահայտվելու (սեփական կարծիք ունենալու, այն արտահայտելու եւ տարածելու առանց պետական մարմինների միջամտության) ազատության իրավունքը։ Նույն կոնվենցիայի հոդված 10-ը, ըստ մեր զրուցակցի, արգելում է վերոբերյալ առիթով որեւէ լիցենզիա։ Բացի այդ՝ «Ո՞ւր է գոնե վերջին երկու տարիների այն դատական պրակտիկան,- հարցնում է Ա. Բլեյանը,,- որ ԶԼՄ-ները ոտնահարել են մարդկանց իրավունքը եւ կա նման օրենքի անհրաժեշտություն»։ Նաեւ՝ «Մենք զարգացման այնպիսի փուլում ենք, որ իրավունքների հարգումն առավել կարեւոր է, քան առանձին լրագրողների կամ ԶԼՄ-ների, անտեղյակությունն ու ոչ կոռեկտ պահվածքն օրենքով ճնշելը»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել