Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԵՐԻՆ ՀՅՈՒՐ

Ապրիլ 29,2004 00:00

Հայաստանում անցկացվող Ավստրիայի մշակույթի օրերի շրջանակներում երեկ Հայաստանի գրողների միությունում կազմակերպվել էր գիտաժողով՝ նվիրված հայ-ավստրիական գրական առնչություններին:

Զեկուցումներով հանդես եկան գրականագետներ Կառլեն Մատինյանը, Ալբերտ Մուշեղյանը, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը: Շուրջ 2500 գրող ու գրողների 2 միություն ունեցող Ավստրիայից միջոցառմանը ներկա էին ընդամենը 2 ավստրիացի գրող՝ Քրիստինա Հայդեգերը եւ Պետրա Նագենքյոգելը:

Հայաստանով հատկապես հիացած էր Ք. Հայդեգերը: Վերջինիս դուր էին եկել Հայաստանի մեղմ գարունը, փողոցներում հանդիպող բարեհամբույր անցորդները, անգամ պատրաստակամ տաքսու վարորդները: Հայազգի գրողներից տիկին Հայդեգերը գիտեր միայն Վիլյամ Սարոյանին:

Արդեն 9 գրքի հեղինակի բնորոշմամբ՝ «Ավստրիական գրականությունը ինքնամփոփությամբ ու նեղ թեմայնությամբ տարբերվում է գերմանականից, այն այնքան էլ մոդայիկ չէ: Մեր երկրում կան գրողներ, որ տասնյակ տարիներով աշխատում են 1 վեպի վրա, մարդիկ էլ կան, որ թարգմանվում են 40-50 լեզուներով»:

Ավստրիական Զալցբուրգ քաղաքում բնակվող Ք. Հայդեգերը նշեց նաեւ, որ իրենց երկրում նույնիսկ ավստրիացի գրողների շահերը պաշտպանող կազմակերպություններ կան, մի բան, որի մասին իրենց հայ գրչակիցները կարող են միայն երազել:

Հայաստանում Ավստրիայի դեսպան Հայդե Մարիա Գյուրերը գոհունակություն հայտնեց մեր երկրում Ավստրիայի մշակույթի օրեր անցկացնելու կապակցությամբ: Գրական սիմպոզիումը դեսպանը որակեց իբրեւ կենտրոնական միջոցառում՝ հույս հայտնելով, որ գրողական շփումները այսուհետեւ շարունակական կլինեն:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ, խոսելով Հայաստանում միաժամանակ ընթացող ՌԴ-ի եւ Ավստրիայի Հանրապետության մշակույթի օրերից, ասաց. «Այսկերպ երկխոսության մեջ մտնելով Եվրոպայի հետ, փորձում ենք վերականգնել այն ավանդույթները, որոնք ժամանակին մեծ կուտակումներ ունեին»:

Նա նշեց, որ հայ-ավստրիական գրական կապերի ամրապնդման առումով արդեն բավականին գործ արվել է: Դեռեւս 1999-ից «Գարուն» ամսագրում տպագրվել են 35 ավստրիացի հեղինակների գործեր: Այս առումով կարեւոր առաքելություն է ստանձնել «Արտասահմանյան գրականություն» հանդեսը, որն ընթերցողին ներկայացնում է բարձրարժեք թարգմանություններ: ՀԳՄ նախագահը նկատեց, որ ավստրիական գրականությունը լայնորեն ներկայացվել է հայ ընթերցողին, ինչը չի կարելի ասել հայ գրականության՝ Ավստրիայում ներկայացնելու մասին:

Գրողների միությունում երեկ բացվել էր նաեւ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ժամանակակից ավստրիացի գրողների դիմանկարներ ու գերմաներեն տեղեկություններ վերջիններիս մասին: Հետաքրքիր է, որ լրագրողներին բաժանված տեղեկանքներն էլ էին գերմաներեն: Միջոցառման կազմակերպիչներն արդարացան, որ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել նյութերը հայերեն թարգմանել:

Այս օրերին դասախոսություններ են կազմակերպվել նաեւ Երեւանի պետական եւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարաններում, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում, իսկ Կամերային թատրոնում ցուցադրվել է թատերական ներկայացում՝ նվիրված Ֆ. Վերֆելի կյանքի վերջին տարիներին: Հայաստանում Ավստրիայի մշակույթի օրերը կշարունակվեն մինչեւ ապրիլի 30-ը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել