Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱՎ ՈՉ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԴԵՊԻ ԲԱՔՈՒ

Նոյեմբեր 30,2004 00:00

Հայ
պատվիրակները պատրվա՞կ գտան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ Ադրբեջանի Միլի
մեջլիսի համատեղ «Ռոզ Ռոութ» 58-րդ սեմինարին չմասնակցելու համար, թե՞ պատճառներն
ավելի լուրջ էին: ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանը ափսոսանք է հայտնել
Բաքվում նոյեմբերի 25-27-ն անցկացված ՆԱՏՕ-ի սեմինարին հայ խորհրդարանականների չմասնակցելու
կապակցությամբ: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն եւ ադրբեջանական խորհրդարանը բոլոր անհրաժեշտ պայմանները
ստեղծել էին սեմինարին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության եւ նրանց անվտանգության
ապահովման համար: Տրվել է նաեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի
անձնական հավաստիացումը: Սայմոն Լանը նշել է, թե սեմինարի սկսվելուց 2 օր առաջ հայ
պատվիրակներն առաջադրել են նոր պայմաններ. «Իսկ նոյեմբերի 25-ին նրանք զանգահարեցին
Մոսկվայից եւ ասացին, որ լրացուցիչ պայմաններ չապահովելու պատճառով իրենք հրաժարվում
են մասնակցել սեմինարի աշխատանքին»: Լրացուցիչ պայման են դիտարկվել թերեւս
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական նամակները, որոնք նա հասցեագրել էր Մուրթուզ
Ալեսքերովին եւ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Պիեռ Լելյուշին: Նկատի ունենալով հայերի նկատմամբ
Ադրբեջանում ու ադրբեջանցիների կողմից այլ երկրներում վերջին շրջանում տեղի ունեցած
բռնությունները, նաեւ Բաքվում կազմակերպված ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ սպաների
մասնակցության արգելումը, Բուլղարիայի քաղաքացի, սակայն ազգությամբ հայ մարզական
լրագրող Էդուարդ Փափազյանի՝ Ադրբեջանից տարհանումը՝ Արթուր Բաղդասարյանն այս նամակներով
մտահոգություն էր հայտնել հայ պատգամավորների անվտանգության ապահովման առնչությամբ
եւ ակնկալել, որ նրանց համար «Ռոզ Ռոութ» 58-րդ սեմինարի ընթացքում կապահովվեն անվտանգության
երաշխիքներ: Դրա փոխարեն՝ ադրբեջանական կողմը ինտերնետում տեղեկատվություն տարածեց,
որ ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանը եւ պատվիրակության անդամ
Ալեքսան Կարապետյանը, որոնք պիտի մասնակցեին այդ սեմինարին, ղարաբաղյան պատերազմի
մասնակիցներ են եւ ունեն համապատասխան շքանշաններ: Մհեր Շահգելդյանն արդեն իսկ հերքել
է, թե ինքը մասնակցել է մարտական գործողությունների, եւ Ալեքսան Կարապետյանն էլ մեր
զրույցի ընթացքում ասաց. «Ո՛չ: Ես չեմ մասնակցել Ղարաբաղի տարածքների ազատագրման
մարտերին»: Այսուհանդերձ, սեմինարի ընթացքում նախատեսվում էին քննարկումներ
տարածաշրջանային զարգացումների շուրջ, եւ ցանկալի կլիներ, որ հնչեցվեր Հայաստանի
տեսակետը։ Իսկ Սայմոն Լանի պարզաբանումներից հետեւում է, թե չնայած ստեղծված բավարար
պայմաններին՝ հայկական կողմն ուղղակի չի ցանկացել մասնակցել: «ԱԺ հայտարարությունների
ժամին ես հայտնել եմ «Ազգային միաբանություն» պատգամավորական խմբակցության դիրքորոշումը
եւ կրկնում եմ՝ մենք պաշտպանում ենք այն բոլոր գործողությունները եւ պատրաստակամ
ենք մասնակից լինել այն բոլոր միջոցառումներին, որոնք կազմակերպվում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն
հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում,- ասաց Ալեքսան Կարապետյանը:- Ինչ վերաբերում
է որպես ԱԺ պատգամավոր մասնակցությանս ՆԱՏՕ-ի կազմակերպած «Ռոզ Ռոութ» սեմինարին՝
պաշտոնապես գործուղում չի եղել, իսկ դրա բացակայության պարագայում, բնականաբար, անգամ
իսկ մեկնելով Բաքու՝ ստիպված պիտի լինեի հանդես գալ իբրեւ անհատ պատգամավոր եւ չէի
կարող ներկայացնել ԱԺ պատվիրակությունը: Իսկ թե ինչու գործուղում չի եղել՝ տեղեկատվությանը
լիարժեքորեն տիրապետում է ԱԺ նախագահը, որը կանոնակարգի համաձայն՝ համակարգում եւ
լուծում է այդ հարցերը: Ինձ հասած տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանն այդպես
էլ իր ադրբեջանական գործընկերոջից չի ստացել հավաստիացումներ, թե երաշխավորվում է
հայ պատվիրակների անվտանգությունը»: Մեր հիշեցմանը, թե ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղարը
սա բնորոշում է իբրեւ լրացուցիչ պայման, եւ ստացվում է, թե հայկական կողմը պատրվակներ
է փորձել գտնել՝ սեմինարին չմասնակցելու համար, պրն Կարապետյանն արձագանքեց հետեւյալ
տեղեկություններով, որ ոչ միայն Մոսկվա-Բաքու ինքնաթիռի տոմսերն էին նախապես պատվիրված
իր եւ Մհեր Շահգելդյանի համար, այլ նույնիսկ ճամպրուկն էր արդեն հավաքել. «Սակայն
անգամ արտերկրի հեռուստաալիքներով սփռվեց Մուրթուզ Ալեսքերովի հայտարարությունը,
թե ով իրենց հրավիրում է՝ թող նա էլ տա անվտանգության երաշխիքներ: Չնայած դա էլ դեր
չէր խաղալու: Պարզապես ԱԺ նախագահը համոզված չլինելով, թե կան անվտանգության նման
երաշխիքներ՝ դրսեւորել է հոգատարություն, որ Աստված մի արասցե՝ չկատարվեր այն, ինչ
կատարվեց Բուդապեշտում, երբ կացնահարվեց մեր հայրենակից Գուրգեն Մարգարյանը»: Եզրափակելով
մեր զրույցը՝ «Ազգային միաբանության» փոխնախագահը ադրբեջանցի իր գործընկերներին նախընտրեց
հիշեցնել հայտնի ասացվածքը, որ ապակե տանն ապրողը չպիտի քարեր նետի: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել