Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթողին

Նոյեմբեր 30,2004 00:00

Հաղթողին չընդունեցին Հայրենասիրական թեմայով շարադրության առաջին մրցանակակիրը գրել էր, որ ինքն ուզում է ապրել Գերմանիայում: Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Նոր Նորքի երիտասարդական թեւը եւ «Նոր Նորքի ուսանողական ասոցիացիա» ՀԿ-ն Նորքի համայնքի շուրջ 17 դպրոցներում կազմակերպել էին շարադրությունների մրցույթ: Շաբաթ օրը արդյունքներին ծանոթանալու համար մասնակիցները ստիպված եղան մոտ 2 ժամ սպասել թաղապետ Դավիթ Պետրոսյանին, սակայն ապարդյուն՝ միջոցառումն իր ներկայությամբ չպատվեց նաեւ թաղապետարանի ոչ մի ներկայացուցիչ: Շարադրությունների մրցույթը անցկացվել էր 2 փուլով՝ ներդպրոցական եւ միջդպրոցական մակարդակով: Առաջին փուլի շարադրությունների թեման եղել է՝ «Հայաստան ասելիս», որը ստուգել են դպրոցների ուսուցիչները: Երկրորդ փուլ անցած հեղինակների աշխատանքները՝ «Հայաստանը՝ համայն հայության հայրենիք» թեմայով, ստուգել են Խ. Աբովյանի անվան համալսարանի ասպիրանտուրայի ուսանողները՝ հիմնականում պատմաբաններ ու հոգեբաններ: Մեր հարցին, թե ինչո՞ւ են շարադրությունները ստուգվել ոչ մասնագետների կողմից, ՀՀԿ անդամ Անի Ղազարյանը պատասխանեց. «Մեր նպատակն էր աշակերտի մեջ արթնացնել Նժդեհի հայրենասիրական, ազգային ոգին, ուստի ուշադրություն է դարձվել միայն բովանդակությանը, հաշվի է առնվել, թե որքանո՞վ է գրվածը պատմական ժամանակաշրջանին համապատասխանում եւ ի՞նչ հոգեբանությամբ է գրված»: Թաղապետարանից «բարձր հյուրերին» սպասելիս, կազմակերպիչները ժամանակ շահելու համար փորձեցին բեմ հրավիրել աշակերտներին ու դպրոցի տնօրեններին՝ «աշխատանքների մասին իրենց հուզառատ տպավորությունները կիսելու, զգացմունքներ ու կարծիքներ արտահայտելու համար»: Հենց սկզբում այդ դերը ստանձնեց թիվ 166 դպրոցի աշակերտուհի Հերմինե Թաշչյանը, որը, ինչպես հետո պարզվեց, առաջին մրցանակակիրն էր: Մասնակիցների համար դժվար չէր նկատել, որ վերջինս բավականին մտերիմ էր մրցույթի կազմակերպիչների հետ, միակն էր, որ եկել էր ծնողների հետ եւ նրա համար առաջին մրցանակը բոլորովին էր անակնկալ չէր: Կազմակերպիչները որոշել էին պատվոգրեր հանձնել երկրորդ փուլ անցած բոլոր աշակերտներին՝ շուրջ 50 հոգի: Մրցանակակիրներից շատերի անուն-ազգանունները սխալ էին գրել. ասենք՝ Արտուշի փոխարեն Անուշ: Երբ հրապարակվեց առաջին մրցանակակրի անունը՝ Հերմինե Թաշչյան, դահլիճում մեծ աղմուկ բարձրացրեց 135 դպրոցի ուսուցիչներից մեկը, որի աշակերտը ընդգրկվել էր միայն լավագույն տասնյակում. «Մրցույթի օրը դուք բերեցիք էդ աղջկան, նստացրիք ձեր առջեւում, հարցուփորձ արիք, թե շարադրությունը բերե՞լ ես, նա էլ տասը րոպեում գրեց ու գնաց, անգամ սեւագրություն չարեց»: Մինչ միմյանց հետ կռվում էին երկու դպրոցների ներկայացուցիչները, Անի Գասպարյանն «Առավոտին» ասաց, որ ինքն էլ համաձայն չէ մրցույթի արդյունքների հետ. «Հերմինեն գրել էր, որ ինքը Հայաստանում չի ուզում ապրել, գնալու է Գերմանիա»: Մրցույթի հաղթող Հերմինեն ինքն էր զարմացել, որ նման բան է գրել, բայց նրա ուսուցչուհին հուշեց, թե «գրել է, բայց հո մշտական չի՞ գնալու, միայն ուսման նպատակով»: Առաջին մրցանակակիրը, չվայելելով հաղթանակի բերկրանքը, ստիպված էր անժամանակ ու հապճեպ թողնել դահլիճը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել