Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ
ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԻՄԻՆԱԼԸ

Հունվար 29,2005 00:00

Այդպես
են կարծում հոկտեմբերի 29-ին «Մեղեդի» սրճարանի մոտ սպանվածների հարազատները Հունվարի
26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Ստեֆան
Սուկասյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հրապարակվեց ՀՀ գլխավոր
դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը: Ս Սուկասյանը («Ճուփ»
մականունով, 8-ամյա կրթությամբ, Վրաստանի քաղաքացի) մեղադրվում էր 2004-ի հոկտեմբերի
29-ին Թումանյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի մոտ,
Վրաստանի քաղաքացի, 26-ամյա Գրիգոր Պոդոսյանի եւ 28-ամյա ՀՀ քաղաքացի Ստեփան Ալիխանյանի
սպանության մեջ: Նախօրոք պատվիրված ԳԱԶ-31 մակնիշի, 68ՕՏ 767 պետհամարանիշի սեւ տաքսի
ավտոմեքենայով հայտնվելով քաղաքի կենտրոնում, 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակով
դուրս գալով մեքենայից՝ 8 անգամ կրակել էին Գրիգորի եւ Ստեփանի վրա: Հանցագործներից
մեկը՝ Աշոտ Քանանովը, դեպքի վայրից դիմել էր փախուստի եւ մինչ օրս գտնվում է հետախուզման
մեջ: Առաջին դատական նիստի ժամանակ նիստերի դահլիճում տեղ զբաղեցրին Կիլիկիա
թաղամասի տղաները, եւ հազիվ տեղ մնաց տուժողի իրավահաջորդների համար: Ս. Ալիխանյանն
ավարտելով Ճարտարագիտական համալսարանը՝ աշխատում էր ինտերնետ ակումբում, իսկ Գ. Պոդոսյանը
ավարտել էր Ճեմարանը եւ տնտեսական գործունեությամբ էր զբաղվում: Ս. Ալիխանյանի մայրը՝
Ալինա Ալիխանյանը, կարծում է, որ հանցագործությունը կատարվել է բանդայի կողմից՝ Վրաստանի
կրիմինալի պատվերով: Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ամբաստանյալն ասել
էր, թե զենքն իրենն է եւ «Մակարով» ատրճանակը ձեռք է բերել անծանոթ զինվորականից,
Ախալքալաքում՝ 1993-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ինքը մոտավորապես 15 տարեկան էր:
Այս գործով կդատակոչվի 9 վկա, թեեւ նրանցից մի քանիսը, ըստ գործի նյութերի, որոշակի
դերակատարում է ունեցել հանցագործության իրականացման ժամանակ: Վկա է ճանաչվել ավտոմեքենայում
գտնված, սպանությունից հետո փախած Արամայիս Անտոնյանը: Ըստ Ալիխանյանների, վարույթն
իրականացրած մարմինը կանգ է առել հանցագործի ցուցմունքի վրա, թե իբր նա ունեցել է
թշնամական հարաբերություններ՝ կապված 2003թ. ապրիլի 20-ին Մոսկվայի մարզի Օդինցովո
քաղաքում տեղի ունեցած վիճաբանության հետ, երբ իբր դանակով իրեն բազմաթիվ վնասվածքներ
էր պատճառել Գրիգոր Պոդոսյանը: Իրականում, հարազատների պնդմամբ, նրան 8 տեղից դանակահարել
էր ոմն Հակոբ: Դատական նիստի ժամանակ մարդասպանը մասամբ էր իրեն մեղավոր ճանաչել,
իսկ Ս. Ալիխանյանին դիտավորությամբ սպանելու մասով հայտնել էր, թե մյուս հանցագործի՝
Աշոտ Քանանովի հետ համաձայնություն չի ունեցել Ալիխանյանի վրա կրակելու եւ որ «նրան
սպանել է անզգուշությամբ»: Նկարագրելով դեպքի օրը, նա ասել էր, որ տաքսի ավտոմեքենայում
իր հետ են եղել իր փոքր եղբոր ընկերները՝ Արամայիս Անտոնյանը եւ Հովհաննես Պետրոսյանը:
Եվ պատահաբար է նկատել իրենց առջեւից անցնող ավտոմեքենայի մեջ նստած Գ. Պոդոսյանին,
որը սրճարանի մոտ իջել է ավտոմեքենայից եւ իբր քայլել իր ուղղությամբ: «Տեսնելով,
որ Գրիգոր Պոդոսյանը ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, արագ իջել եմ ավտոմեքենայից
եւ մարտական վիճակի բերելով ատրճանակը՝ կրակել եմ նրա վրա: Մոտենալով՝ շարունակել
եմ կրակել նրա վրա, մինչեւ փամփուշտների ավարտը: Կրակելու պահին եւ դրանից առաջ Պոդոսյանի
հետ այլ մարդու չեմ տեսել, սակայն կրակելուց հետո տեսել եմ նրանից մեկ մետր հեռու
ընկած վերջինիս հորաքրոջ տղա Ստեփան Ալիխանյանին, որի հետ թշնամություն չեմ ունեցել,
նրա վրա չեմ կրակել, բայց վերջինս եւս մահացել է իմ կրակոցներից»,- ցուցմունք էր
տվել «Ճուփը»: Այս դեպքում, եթե սպանությունը կատարել էր ինքը եւ հանցավոր համաձայնություն
չի եղել Աշոտ Քանանովի հետ, ապա անհասկանալի է, թե Ա. Քանանովը ինչո՞ւ է մինչ օրս
թաքնվել: Հայտնի էր նաեւ, որ վերջինս եւս զինված է եղել: Վարորդ Մ. Մարգարյանը ցուցմունք
էր տվել, թե «ստացված պատվերի համաձայն» է վերցրել Ս. Սուկասյանին՝ երեք անծանոթ
տղաների հետ, Կիլիկիայից նրանց բերել է քաղաքի կենտրոն: Սակայն հետաքրքիր մի բան
էլ էր հայտնել նա, թե «Ախալցխա քաղաքի բարբառով խոսող երիտասարդը արտասահմանյան մուգ
գույնի ինչ-որ ավտոմեքենա էր փնտրում փողոցում, ավտոմեքենաների մեջ նայելով՝ հարցնում
էր՝ ա՞յս մեքենան է, թե՞ ոչ, որի ընթացքում Ս. Սուկասյանն ասաց՝ ոչինչ, եթե այսօր
չտեսնենք, վաղն ենք տեսնելու»: Վարորդը նաեւ ցուցմունք է տվել, որ հանցագործը ճանաչել
է Ս. Ալիխանյանին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել