Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆԻ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆԻ «ԿՌԻՎԸ»

Մարտ 30,2005 00:00

Մրցակցությունն
առավել սուր է բժշկական ուսուցման ոլորտում Սկիզբը՝ նախորդ համարում Արտասահմանցի
ուսանողներին Հայաստանում գտնվելու համար տրվում են կացության վկայականներ: Գոյություն
ունի օրենք՝ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին: Օրենքի 4-րդ
գլխի 27-րդ հոդվածը՝ կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների
իրավունքների ու պարտականությունների մասին, ասում է. «Օտարերկրացի ուսանողի արտերկրյա
երթեւեկության իրավունքը կանոնավորվում է ուսումնական հաստատության կողմից թույլատրված
ժամկետով»: Երեւանի պետական բժշկական համալսարանի՝ արտասահմանցի ուսանողների դեկան
Սամվել Ավետիսյանն ասում է, որ իրենք ուսանողին երկրից բացակայելու թույլտվություն
են տալիս տարեկան 2 անգամ, ինչն էլ կանոնակարգվում է ուսումնական պլանի համաձայն:
«Բացի այդ, Սիրիայում գործող կրթության մասին օրենքով, արտասահմանում սովորող սիրիացին
իրավունք ունի հայրենիքում գտնվելու ոչ ավելի, քան 3 ամիս (որոնց մեծ մասը հենց ամառային
արձակուրդներն են կազմում- Հ. Բ.), իսկ հետդիպլոմային (կլինօրդինատուրայի) շրջանում՝
1 ամիս»: «Հայբուսակ» բժշկական համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը
հաստատեց մեր այն տեղեկությունը, որ իր բուհի արտասահմանցի ուսանողներն իրենց մոտ
են պահում կացության այդ քարտերը: Ավելին՝ «Նրանք երբ ուզեն, կարող են գնալ-գալ,
կացության վկայականը հենց դրա համար է տրվում, որպեսզի ամեն անգամ չվճարեն վիզայի
գումար: Եթե ուսանող է, նա կարող է տարվա մեջ մինիմում 2 անգամ իր արձակուրդների
ընթացքում գնալ տուն եւ վերադառնալ, բայց կարող է մարդ լինի, 3 օրով գնա տուն-գա,
կամ գնա Մոսկվա՝ գա, ուր ուզի: Ինքը ազատ պետք է զգա իրեն այդ ուսումնական տարվա
ընթացքում: Պետական բուհերը վկայականներից պահում են իրենց մոտ, որպեսզի ուսանողը
չկարողանա բուհից բուհ տեղափոխվել»: ԿԳ նախարարը նույնպես մի առիթով մեզ հետ զրույցում
ասաց, որ կացության վկայականներն այդ ուսանողների անձը հաստատող փաստաթղթերն են մեր
երկրում, եւ իրենցից ամեն պահի կարող են ոստիկանները փաստաթուղթ պահանջել: Սամվել
Ավետիսյանն ասում է, որ իրենք կացության վկայականները պահում են բուհում, որպեսզի
ուսանողներն ամեն պահի չկարողանան երկրից բացակայել՝ հետ մնալով դասերից: «Իսկ անձը
հաստատող փաստաթուղթ կարող է լինել բուհի կողմից հաստատված-կնքված ուսանողական տոմսը,
ինչպես նաեւ անձնագիրը»: Ինչ վերաբերում է բուհից բուհ տեղափոխվելուն, ապա, այսպես
թե այնպես, բուհը տեղափոխվելիս նրանց կացության քարտերը պետք է հանձնի ՆԳ անձնագրային
բաժին, այլապես՝ կարող են այդ կացության քարտով այստեղ մնալ, ուսանող չլինել, եւ
դուրս լինել ամեն տեսակ հսկողությունից, նաեւ՝ հարկային դաշտից, որովհետեւ շատերն
են այստեղ առեւտրով զբաղվում: «Մենք քարտերը տալիս ենք ՆԳ անձնագրային բաժնին, ասում
ենք՝ դուք որոշեք, թե ինչ կարգավիճակ եք տալիս այդ մարդուն: Համապատասխան նամակով
դիմում ենք նաեւ դեսպանություն՝ տեղեկացնելով, որ այսինչ ուսանողը հեռացվել է համալսարանից՝
այսինչ պատճառով: Եվ հետո՝ կացության քարտի չտալը չի կարող կանխել տեղափոխումը՝ ոչ
պետական բուհ, մենք հանձնում ենք այնտեղ, որտեղից վերցրել ենք այդ քարտը»,- ասում
է Ս. Ավետիսյանը: Կա նաեւ մի ուրիշ կարեւոր հանգամանք. այդ ուսանողները եւս
իրենց երկրում ունեն բանակում ծառայելու խնդիր: Եվ եթե նա հեռացվում է որեւէ բուհից,
այլեւս ուսանող չէ, մեր ՆԳ-ն իրավունք չունի նրան որեւէ կարգավիճակ տալու: Եվ այդ
ուսանողներն ընտրում են այլընտրանքային բժշկականի տարբերակը՝ իրենց երկիր չվերադառնալու
համար եւ հետեւաբար՝ բանակից խուսափում: «Դեպքեր են եղել, երբ ուսանողը դեկտեմբերին
քննությունները չի հանձնել, նրան հնարավորություն ենք տվել պատրաստվել մինչեւ ապրիլ,
եւ եթե այդ ժամանակ էլ չի հանձնել, հեռացրել ենք: Բայց ոչ պետականը նրան ընդունում
է՝ ձեւակերպելով «պայմանական», առանց առաջին կիսամյակի քննությունները հանձնելու:
Ստացվում է, որ մյուս բուհը սքողում է նրան մեր իսկ երկրում: Հետո էլ Հայաստանի մասին
արտասահմանցին մտածում է՝ ի՜նչ հետաքրքիր համակարգ է գործում այս երկրում, մի տեղից
հեռացնում են, մյուս տեղից բարձր գնահատականներով ավարտում է: Եվ հետո՝ ինչ է նշանակում
ազատ զգալ, ես ինչ գիտեմ, թե ինչ նպատակով է տվյալ անձը իմ երկրից բացակայում: Ցանկացած
դեմոկրատական երկրում պետք է լինի օրենքի դիկտատուրա: Չխառնենք անօրինականությունը
դեմոկրատիայի հետ»,- եզրակացնում է Բժշկական համալսարանի դեկանը: Ս. Ավետիսյանի
բերած այն փաստը, որ հաճախ իրենց են դիմում արտասահմանցիներ, ովքեր ոչ մի փաստաթուղթ
չունեն իրենց մոտ (անգամ՝ դպրոցական ավարտական վկայական), խոսում է այն մասին, որ
մեր կրթական համակարգին անլուրջ են վերաբերվում: Պրն Ավետիսյանը բերեց Քիշնեւի ոչ
պետական բժշկականից եկած մի սիրիացու օրինակ, որը ցանկանում էր շարունակել կրթությունը
պետական բժշկականում, սակայն որեւէ փաստաթուղթ չուներ, որ ապացուցեր, թե ինքն այնտեղ
սովորել է: Եվ եթե ոչ պետական բուհի համար ֆաքսով կամ էլփոստով ուղարկվածը կարող
է փաստաթուղթ համարվել, ապա պետականն այն մերժում է: «Հայբուսակն» էլ ունի
իր դժգոհությունները: «Մենք ծախսեր ենք անում, իրենց երկրում օֆիսներ ենք բացում,
հետո դիմորդները գալիս են ու շատ կասկածամտորեն են վերաբերվում մեզ: Գալիս են, գնում
նախարարություն, եւ մեր նախարարությունը ինֆորմացիա է տալիս պետականի համար: Այդ
կողմնակալությունը 15 տարի է, ինչքա՞ն կարելի է: Ես մի անգամ եմ այդ մասին խոսել
եւ հասկացել եմ, որ անօգուտ է: Մենք ունենք մարդիկ, որ դիմավորում են նրանց, բայց
ինչպե՞ս կարող են թույլ չտալ, որ չմտնի նախարարություն ու հարցուփորձ չանի»,- դժգոհում
է տիկին Հարությունյանը եւ ավելացնում. «Մենք ավելին ենք, քան պետականը, որովհետեւ
մենք հավատարմագիր ենք ստացել, իսկ իրենք ոչ մի ձեւով չեն ստուգվել»: Եթե
մի կողմ դնենք ուսուցման խնդիրները եւ համեմատենք միայն շենքային պայմանները, ապա
կարելի է արձանագրել հետեւյալը: «Հայբուսակն» ունի մոտ 3500 ուսանող, պետական բժշկականը՝
4500: Առաջինն ունի մեկ մասնաշենք՝ 4 հարկով, որի առաջին հարկը ատամնաբուժական կենտրոն
է: Պետական բժշկականն ունի 4 մասնաշենք, որոնցից միայն լաբորատոր մասնաշենքը 9 հարկանի
է: Նկատենք, որ «Հայբուսակում», բացի բժշկական ֆակուլտետներից, գործում են նաեւ տեխնիկական
մի քանի ֆակուլտետներ: Մեր հարցին, թե ինչպես է մի մասնաշենքում տեղավորվում այդքան
ուսանող, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Երկու հերթով տեղավորում ենք, եւ հետո՝
3-րդ կուրսից հիվանդանոցներում են լինում»: Մյուս ոչ պետական բժշկական բուհը,
որտեղ արտասահմանցի ուսանողների թիվը մեծ է՝ «Սուրբ Թերեզան» է: Վերջինիս կանդրադառնանք
առանձին հրապարակմամբ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել