Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի հայրը պահանջում է արդար նախաքննություն

Մարտ 30,2005 00:00

Մարտի 16-ին, ժամը 18.30-ի
սահմաններում, Տավուշի մարզի Կարմիր քարեր դիտակետի ՊՆ զորամասի կրտսեր հրամանատար
Հայկ Սարգսյանին գտան մահացած: Երեկ Սարգսյանի հայրը՝ Իշխան Սարգսյանը
եւ նրա հարազատները հրավիրել էին լրատվամիջոցներին՝ իրենց պահանջները ներկայացնելու:
Բացի «Առավոտից» եւ «Իրավունքից», որեւէ լրատվամիջոց հարկ չէր համարել «Ազդակ» ակումբում
ներկա գտնվել հանդիպմանը: Խնդիրն այն է, որ Գուգարքի զինդատախազությունը առաջ է քաշել
այն վարկածը, թե Հայկ Սարգսյանը ինքնասպան է եղել, մինչդեռ Իշխան Սարգսյանը հայտարարեց,
որ սուգը թողած, փորձում է իր որդու պատիվը փրկել: Ի. Սարգսյանը հայտնեց, որ սպանության
հաջորդ օրը, ժամը 10-ին, իրեն զինկոմիսարիատ են հրավիրել: Եվ երբ ներկայացել է, այն
տպավորությունն է ստացել, որ խոսակցությունը «ինչ-որ ռազբորկայի» մասին է: Որդու
հուղարկավորության օրը փոխգնդապետ, դաստիարակչական գծով հրամանատար Էդիկ Մելքումյանը
հայտնել է, որ Հայկը «տականք ստահակի ձեռքով ընկավ»: Հայկ Սարգսյանը տնեցիներին
վերջին անգամ նամակ է գրել փետրվարի 10-ին: Նամակում նա գրում էր. «Հոկտեմբերյանում,
համեմատած այստեղի հետ, փառք էր, այստեղ ուստավ է, կարգ ու կանոն, բայց չես ջոկում՝
ով ինչ է ուզում, ինչ է պահանջում: Ես նոյեմբերի 9-ից մինչեւ հունվարի 13-ը Բերդ
քաղաքում էի, կարանտինի վրա, հետո 14-ին ինձ տարան 3-րդ գումարտակ… 3-րդ գումարտակը,
համեմատած մյուս գումարտակների հետ, շատ խիստ է, ամեն մի չնչին բանի համար աֆիցերները
թռնում են դեմքերիդ, որ իրենցից մի բան չեն ներկայացնում: Օինակ, մեր մոտ ինձնից
մի երկու տարով մեծ կա ու հրաման է տալիս, արի ու դիմացի դրանց ձեռքը: «Բերդում»
այնքան պատասխանատվություն է ընկնում ուսերիդ, որ, օրինակ, դասակի բոլոր զինվորների
ամեն ինչի համար դու ես պատասխան տալիս: Մի խոսքով՝ գլխացավանք է»: Վերջին նամակում
նաեւ մի այսպիսի միտք էր զինվորը գրել. «Հոկտեմբերյանի ծառայությունը տեսել եմ, այստեղ
չեմ հարմարվում»: Հայկ Սարգսյանը 6 ամիս եղել էր Արմավիրի ուսումնական զորամասում,
հետո տեղափոխվել էր Տավուշի մարզ: Առհասարակ Սարգսյանները գտնում էին, որ իրենց որդու
գործի վարույթը պետք է տեղափոխվի Երեւան: Այդ կապակցությամբ հեռագրեր են ուղարկել
գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, նրա տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, մարդու իրավունքների
պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Զոհվածի ծնողները կհրաժարվեն պաշտպան ունենալու մտադրությունից,
քանի որ պաշտպաններից մեկը (անունը հասկանալի պատճառով չենք նշում) պահանջել էր 1000
դոլար գումար: Բանակում սպանված զինվորների մայրերի կոմիտեի նախագահ Գոհար Արմենակյանի
դիմումն ուղղված էր պաշտպանության նախարարին, որին հորդորում էր թույլ չտալ կատարված
ոճրագործությունները ներկայացնել իբրեւ ինքնասպանություն: Իսկ երեկվա ասուլիսին ներկա
Կարինե Աղաբալյանը, որը սպանված ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մայրն է, նկատեց, որ «կան
քննիչներ, որ մասնագիտացել են այսօրինակ սցենարների հորինման մեջ»: Զարմանալի զուգադիպությամբ
նրա որդու գործն էլ առնչվել էր զինվորական դատախազության Գուգարքի կայազորի հետ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել