Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարյան վարկածներ

Ապրիլ 29,2006 00:00

Երեկ հերթական ցինիկ ոտնձգությունն է գրանցվել «Նոր
ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ նրա համախոհների նկատմամբ:
Այս անգամ իշխանությունները նրանց դեմ կիրառել են խոշոր զրահատեխնիկա եւ հրթիռանետներ:
Տեղական դիտորդները նշում են, որ դա հավանաբար Կարապետյանի վերջին հրապարակային դիտարկումների
արդյունքն է՝ կապված Հայաստան-Ռուսաստան կոնֆեդերացիա ստեղծելու անհրաժեշտության
հետ: Ինքը՝ «Նոր ժամանակների» առաջնորդն ամենեւին վախեցած չէ. «Ազգադավ իշխանություններին
չի հաջողվի լռեցնել ժողովրդի ձայնը, իսկ այս ցինիկ հարձակումից հետո մենք պետք է
Ռուսաստանի հետ ոչ թե կոնֆեդերացիա, այլ ֆեդերացիա կազմելու պահանջ դնենք»,- լրատվամիջոցներին
ասել է Արամ Կարապետյանը: Մինչդեռ արտասահմանյան մի շարք հեղինակավոր փորձագետներ
հակված են մտածել, որ ժողովուրդ ասելով Արամ Կարապետյանն ամենեւին էլ հայ ժողովրդին
նկատի չունի, որովհետեւ, ըստ ճանաչված էթնոհոգեբանների եւ ֆիզիոլոգների, որեւէ ժողովուրդ,
զուտ կենսաբանորեն, չի կարող ինքնակամ հրաժարվել անկախությունից եւ ձգտել ձուլվել
այլ ժողովրդի: Երեկ մենք ապարդյուն փորձեցինք կատարվածի մասին պաշտոնական
մեկնաբանություններ հայթայթել բոլոր քիչ թե շատ իրավասու ատյաններից, սակայն նրանց
հեռախոսները լռում էին: Առեղծվածը, թե ինչու պետք է Հայաստանի ուժայինները ուժ գործադրեին
ՀՀ իշխանությունների համար բացարձակ վտանգ չներկայացնող գործչի նկատմամբ, հանգիստ
չէր տալիս նաեւ մեր ընթերցողներին, որոնցից ոմանք, ի դեպ, խմբագրությանն են տրամադրել
իրենց սեփական վարկածները: Դրանցից մեկի համաձայն, Արամ Կարապետյանն ավելի
վաղ Հայաստանի իշխանությունների հետ թաքուն բանակցել է Հյուսիսային պողոտայի մերձակայքում
ռուսական նոր ռազմակայաններ տեղակայելու հարցի շուրջ, սակայն հաջողություն չի ունեցել,
քանի որ Կարապետյանի նախընտրած տարածքում ՀՀ կառավարությունը հանրային գերակա շահի
ճնշման տակ պիցցայանոց է կառուցում: Հիշյալ նպատակով Կարապետյանին առաջարկվել է ցանկացած
այլ տարածք Երեւանի մեծ կենտրոնում, ընդ որում՝ բնակչության արագ, էժան եւ նվազագույն
հակասահմանադրական տեղահանումով: ՆԺ ղեկավարը, սակայն, չի համաձայնել: Այստեղից էլ՝
ուժային գործողությունները: Մեկ այլ վարկածի համաձայն, դիպվածը շատ ավելի պարզ, այսպես
ասած՝ կենցաղային շարժառիթներ ունի: Ըստ չճշտված տեղեկությունների, ավելի վաղ տեղի
ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ Արամ Կարապետյանի եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից
մեկի միջեւ վեճ է ծագել այն հարցի շուրջ, թե ում է նայում պատին փակցված մեծադիր
դիմանկարի մեջ պատկերված անձնավորությունը՝ Վլադիմիր Պուտինը: Փաստորեն, այս վեճի
հետագա զարգացումների ընթացքում անթույլատրելի կերպով օգտագործվել է վարչական ռեսուրսը,
ինչն, ի դեպ, առաջացրել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության որոշ շրջանակների
զայրույթը: Ինչեւէ, ՆԺ մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, թե Արամ Կարապետյանն
առաջիկայում հանդես է գալու Հայաստանի եւ Տամբովի մարզի ինտեգրման հրամայականի մասին
քաղաքական հայտարարությամբ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել