Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

Ապրիլ 29,2006 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱԲԱԶԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ Իսկ ճոպանուղին կձգվի մինչեւ այնտեղ Ծաղկաձորի վերածնման աշխատանքները այս տարի նոր թափով են շարունակվելու: Երեկ ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը «Առավոտին» հանգամանալից պատմեց կատարվելիք աշխատանքների մասին: «2006 թվականին Ծաղկաձորում մարզական երկու շատ խոշոր ծրագիր ունենք իրականացնելու: Առաջինը նորակառույց ճոպանուղու առաջին գծահերթի վերջի եւ երկրորդի սկզբի հատման կետից դեպի Գլխավոր օլիմպիական մարզաբազայի մոտ գտնվող սարի գագաթը տանող նոր ճոպանուղու կառուցումն է: Ներկայումս բանակցային փուլում ենք «Լայթներ» ընկերության ղեկավարության հետ: Կարծում եմ, պայմանագրի վերջնական տեսքը պատրաստ կլինի մինչեւ մայիսի վերջ, որից հետո աշխատանքները կարող ենք սկսել արդեն հունիս-հուլիս ամիսներին: Հույս ունենք, որ այս մեկն ավելի էժան կլինի, քան նախորդները: Ճոպանուղու կառուցումը եւս երկու դահուկուղիներ հիմնելու հնարավորություն է ստեղծելու: Դրանցից առաջինը, որ տանելու է դեպի օլիմպիական մարզաբազա, արդեն կիսով չափ պատրաստ է, իսկ երկրորդը, որ պետք է կառուցվի, ձգվելու է չորրորդ ճոպանուղու վերջից մինչեւ առաջինի սկիզբը եւ ընդհանուր առմամբ ունենալու է 7,5-8 կիլոմետր երկարություն: Այս ամենին զուգահեռ՝ իրականացնելու ենք նաեւ բոլոր դահուկուղիների շրջակայքի կանաչապատման հսկայական աշխատանքներ: Հիշում եք, որ 2005-ին Թեղենիս լեռան վրա տնկեցինք շուրջ 1000 արծաթափայլ եղեւնի: Այս տարի, եթե եղանակային պայմանները չխանգարեն, մտադիր ենք կատարել եւս 10 հազար եղեւնու ծառատունկ: Այդպես երկու կարեւոր ծրագիր էլ կիրագործենք: Նախ՝ ծառատունկը բնապահպանական կարեւորագույն խնդիրներ կլուծի, երկրորդ՝ այդ եղեւնիները գործող դահուկուղիները քամու եւ հաճախակի ձնաբուքերի դեմ բնական պատնեշի դեր կկատարեն, մի բան, որ մարզական առումով էլ անչափ կարեւոր է: Երկրորդ խոշոր ծրագիրը Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայի հիմնանորոգումն է: Այն իրականացնել ցանկանում է ամերիկահայ գործարար եւ բարերար Ալբեր Բոյաջյանը: Նա մայիսի սկզբներին ժամանելու է Երեւան ու այդ ժամանակ էլ վերջնականապես կհամաձայնեցվեն պայմանագրի բոլոր մանրամասները: Սակայն այժմ կարող եմ մի քանի կետերի մասին խոսել, որոնք արդեն համաձայնեցված են: Առաջինը, որ պայմանագիրը վարձակալական բնույթ ունի: Այսինքն՝ օլիմպիական բազան չի վաճառվում: Երկրորդ՝ հիմնանորոգվելու են հյուրանոցային ամբողջ համալիրը, բոլոր մարզադահլիճները, որոնք ունենալու են իրենց ջեռուցման համակարգերը: Սա ձմեռային մարզումների համար առաջնահերթ կարեւորության խնդիր է: Երրորդ՝ շահագործումից հետո պարտադիր պայման է լինելու հետեւյալը. մարզաբազայից օգտվելը ֆինանսապես ոչ մի ձեւով չի ազդելու մեր հավաքականների վրա: Այստեղ հատուկ կետով նշվում է, որ հավաքները եւ մարզումները, որ հիմա կազմակերպում են ազգային ֆեդերացիաները, անցկացվելու են այն գումարների չափով, ինչ որոշել է կառավարությունը: Եվ վերջինը՝ մենք առաջարկելու ենք, որպեսզի օլիմպիական բազայի շահագործումից ստացվող շահույթի առնվազն 20 տոկոսը փոխանցվի պետական բյուջե: Մեր հաշվարկներով՝ շինարարությունը կարող է տեւել մոտ 1,5-2 տարի: Իսկ շինարարությունն ու գույքի ձեռքբերումը միասին կարժենան մոտ $7 միլիոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել