Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն ՆԺ-ին

Մայիս 31,2006 00:00

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շարունակում է պաշտպանել Ռուսաստանի շահերը:

Երբ Մոսկվայում ռուս սափրագլուխները ապրիլի 22-ին սպանեցին 17-ամյա հայ ուսանող Վիգեն Աբրահամյանցին՝ Արամ Կարապետյանն օրեր անց կարծես փորձեց մեղմացնել կատարվածը՝ ասուլիսում հայտարարելով, թե սպանությունը «եղել է նավոդկով, եւ խփել են ղարաբաղցու»: Հավելեց, թե ՌԴ-ում ազգայնականների գործողությունները համակարգվում են եւ հայերին են նեղում, քանի որ «ՀՀ իշխանությունների նկատմամբ հավատ չկա»: Ավելի ուշ նա հայտարարեց. «Համոզված եմ, որ «Արմավիա» ավիաընկերության Ա320 ինքնաթիռի կործանման մեջ ռուսական կողմի մեղքը չկա»:

Իսկ երեկ էլ Արամ Կարապետյանը «Ուշադրություն Ջավախքին» թեմայով հանրահավաք էր կազմակերպել, որի ընթացքում բողոքում էր ռուսական ռազմակայանները Ջավախքից հանելու դեմ: Եվ բնականաբար, այս փոքրաքանակ հանրահավաքն անմիջապես արժանացել էր ռուսաստանյան ԶԼՄ-ների ուշադրությանը: Սակայն ելույթում Արամ Կարապետյանը հակադարձեց պնդումներին, թե այս հանրահավաքը կազմակերպված է ռուսական պատվերով. «Դուրս է գալիս՝ ռուսներն ավելի շա՞տ են մտածում Ջավախքի մասին, քան մենք՝ հայե՞րս: Ուրեմն՝ պատվիրում են, որ մենք հօգուտ Ջավախքի միտի՞նգ անցկացնենք»:

Նշենք, որ հանրահավաքին մասնակցելու առաջարկով «Նոր ժամանակներ»-ը դիմել էր «Հզոր հայրենիք» կուսակցությանը, որը մերժել էր՝ պատճառաբանելով, թե այդ միջոցառումը վնաս կբերի: Արամ Կարապետյանը ելույթում դժգոհեց. «Մեզ բոլորն անխտիր ասում են, թե այս միջոցառումը կարող է խանգարել: Ճիշտն ասած, ես մինչեւ հիմա էլ չհասկացա, թե ինչի՞ն կարող է խանգարել: Ոչ մեկը չբացատրեց: Բայց ես հստակ մի բան գիտեմ. այդ իրողությունը պատմական է եւ այնքան հստակ, որ որեւէ մեկը չի կարողանում բանավիճել: Մենք գիտենք մի բան՝ այնտեղից, որտեղից (ես առանց վախենալու եմ դա ասում) դուրս են եկել ռուսները՝ միշտ, անպայմանորեն, համարյա թե՝ հետեւից հետեւել է հայերի արտագաղթը: Այդպես եղել է Բաքվում, Սարիղամիշում… Այդպես, Աստված մի արասցե՝ կարող է լինել նաեւ Ախալքալաքում՝ Ջավախքում»: Ըստ նրա՝ տարածաշրջանում կայունության հիմնական գրավականը ռուսական ռազմական հենակետն է՝ թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների, թե՛ քաղաքական կայունության առումով: Պնդեց, թե որոշում է կայացվել՝ ռազմական հենակետի դուրսբերումից հետո Ջավախքում փոխվելու է ժողովրդագրական իրավիճակը:

«Այսօր մենք ո՛չ հավաքվել ենք ասելու՝ «Քոչարյան, հեռացիր», ո՛չ էլ՝ «Սերժ Սարգսյան, հեռացիր»: Մենք, որպես քաղաքական կուսակցություն, ասում ենք՝ այնտեղ բավականաչափ վատ գործընթացների նախահիմք կա»,- հայտարարեց պրն Կարապետյանը: Եվ «Նոր ժամանակները» հանրահավաքի անունից կառավարությանը եւ ԱԳՆ-ին, նաեւ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին հղել էր համահունչ ուղերձ-պահանջ, որը հանրահավաքից հետո երթով հասցրին հասցեատերերին:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել