Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԽՈՍՔԸ ՉԱՍԵԼ»

Հունիս 30,2006 00:00

Մեր
թերթին տրված հարցազրույցում ասաց համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը –
Պարոն Աբրահամյան, ինչո՞վ է պայմանավորված Հանրապետական կուսակցության այսքան շուտափույթ
ակտիվացումը, երբ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, եւ թվում է, որ ամռան
ընթացքում գոնե քաղաքական դաշտը համեմատաբար պասիվ պետք է լիներ: Ի՞նչն է անհանգստացնում
Հանրապետականին, որ այսքան արագ սկսեց ակտիվացման գործընթացը: – Հանրապետական
կուսակցությունը միշտ էլ ակտիվ է եղել, պարզապես՝ 2006-ը նախընտրական տարի է, քաղաքական
դաշտում ակտիվ վերադասավորումներ են գնում, եւ բնական է, որ ցանկացած կուսակցություն,
այդ թվում նաեւ ՀՀԿ-ն, ուժերն ու ռեսուրսներն է կենտրոնացնում եւ իր կուսակցական-կազմակերպչական
հարցերն է լուծում։ Իսկ քաղաքականությամբ զբաղվելու համար տարվա հատուկ եղանակներ
պետք չեն, եւ ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ոմանց այդքան անհանգստացրել
Հանրապետականի սպասվող հուլիսյան արտահերթ համագումարը։ Նորմալ քաղաքական գործընթացները
պետք չէ կապել տարվա եղանակների հետ, եւ եթե անելիք ու ասելիք կա, արվում է՝ անկախ
ամեն ինչից: Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե Հանրապետականն ինչ-որ բանից անհանգստացած
է, ասեմ, որ ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որ դատարկ բաներից անհանգստանա. մեր կուսակցությունը
կենսագրություն ունեցող, երկրի եւ ժողովրդի առաջ մշտապես պատասխանատվություն ստանձնած
եւ այդ պատասխանատվությունն իրացրած կուսակցություն է եւ մտահոգվելու որեւէ պատճառ
չունի: Պարզապես, հիմա եկել է այնպիսի փուլ, որ Հանրապետականը չի կարող իր խոսքը
չասել, որը, կարծում եմ, առավել հստակ կներկայացվի կուսակցության համագումարում,
որի ընթացքում մենք ավելի առարկայական կներկայացնենք մեր կատարածը, հաշվետու կլինենք
հասարակության առաջ մեր գործերի համար, կներկայացնենք ՀՀԿ-ին անդամագրված թարմ ուժերին
եւ, բնականաբար, կձեւակերպենք հետագա քաղաքական գործընթացներին մեր մասնակցության
կերպը։ – Սակայն տեղեկություններ կան, որ ձեր նշած թարմ ուժերից շատերը ինքնակամ
չեն անդամակցում կուսակցությանը կամ ինքնակամ չեն համագործակցում։ Շատերը պարզապես
պարտադրված են դա անում, քանի որ հակառակ դեպքում կզրկվեն մինչ այժմ իրենց կուտակած
կապիտալից, տնտեսական եւ վարչական այլ լծակներից: – Դրանք դատարկ եւ պարապ
խոսակցություններ են, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Դուք կարո՞ղ եք տալ
գոնե մեկ գործչի անուն, որին պարտադրվել է մտնել Հանրապետական կուսակցություն։ Չեք
կարող, որովհետեւ նման բան չկա։ – Նման բան ոչ ոք հրապարակավ չի ասի, որովհետեւ
մարդիկ վախենում են իրենց բիզնեսի, ունեցվածքի եւ այլնի համար: – Վախի մասին
խոսելն ուղղակի ծիծաղելի է, եւ ավելի ճիշտ կլիներ այդ հարցին այլ կերպ նայենք եւ
փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են կայացած շատ գործիչներ այսօր գալիս դեպի Հանրապետական
կուսակցություն։ Պատճառը մեկն է՝ անցած տարիների ընթացքում, հանրապետության նախագահի
հետ միասին, կառավարությունը, որի ղեկավարն է ՀՀԿ նախագահը, կոալիցիոն մյուս ուժերի
աջակցությամբ կարողացան ապահովել երկնիշ տնտեսական աճ, կայուն վիճակ ստեղծել թե՛
տնտեսության, թե՛ քաղաքականության մեջ, եւ մարդիկ տեսնելով, որ այս կուսակցությունն
ի զորու է երկրի համար կարեւորագույն հարցերում հաջողություն ապահովել, վստահելով
Հանրապետականին, որոշել են անդամակցել կամ կանգնել ՀՀԿ-ի կողքին: Դա նրանց ազատ ընտրության
իրավունքն է։ – Իսկ հնարավոր չէ՞, որ Հանրապետականի ակտիվացումը պայմանավորված
է «Բարգավաճ Հայաստանի» ակտիվությամբ: Ակնհայտորեն Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը
հավակնում է եթե ոչ Հանրապետականից ավելի, գոնե նրա չափ տեղեր ստանալ խորհրդարանական
ընտրությունների ժամանակ: – Գաղտնիք չէ, որ Հանրապետականը եւ «Բարգավաճ Հայաստանը»
միմյանց հետ համագործակցելու պատրաստ ուժեր են, եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ ասվել
է: Պարզապես «ԲՀ»-ի խնդիրը չկողմնորոշված, ինչ-որ տեղ նաեւ ընդդիմության անգործությունից
հիասթափված զանգվածին իր կողմը բերելն է, որը երբեք չի ենթադրում, թե «ԲՀ»-ի գործունեությունն
ուղղված է Հանրապետականի դեմ եւ՝ հակառակը։ Այս երկու ուժերը միմյանց միայն աջակցում
են, իրար հետ որեւէ խնդիր չունեն, ինչպես նաեւ իրար մեջ կիսելու որեւէ բան չունեն։
– Ստացվում է, որ իշխանական ուժերը իրար մեջ արդեն բաժանել են տեղերը նոր
խորհրդարանում՝ բաժին չթողնելով այլ ուժերի, այդ թվում նաեւ ընդդիմությանը: –
Խորհրդարանի տեղերը պատվերով կամ բաժանելով չեն։ ԱԺ-ում տեղ ունենալու համար հարկավոր
է ընդամենը մեկ բան՝ ստանալ ժողովրդի քվեն: – Եթե ընտրությունների արդյունքները
դարձյալ չկեղծվեն իշխանությունների կողմից: – Իշխանությունը երբեւէ ընտրության
արդյունք չի կեղծել, եւ եթե անգամ եղել են որոշակի ընտրաշեղումներ, դրանք չեն ազդել
ընտրությունների արդյունքի վրա։ Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին, ապա
2007-ին յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է սեփական քաղաքական շահը եւ միանշանակ
է, որ ընտրական պրոցեսը խստագույնս վերահսկվելու է թե՛ իշխանության, թե՛ բոլոր քաղաքական
ուժերի կողմից։ Իսկ այն, որ ընդդիմությունն արդեն այսօրվանից հայտարարում է, որ 2007-ի
ընտրությունների արդյունքները կանխորոշված են, դա իրեն վաղուց սպառած այս ընդդիմության
մշտական գործելաոճն է, որը ձանձրացրել է նաեւ ժողովրդին։ Կարծում եմ, ընդդիմությունն
այս տարիների ընթացքում իրեն այնքան է վարկաբեկել, որ ամենաարդար եւ կատարյալ ընտրությունների
դեպքում անգամ ժողովուրդն այսպիսի ընդդիմությանը ձայն չի տա: Այնպես որ, մենք ինքներս
շահագրգռված ենք, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, որովհետեւ վստահ ենք,
որ ժողովուրդն իր քվեով գնահատելու է անցած տարիների մեր կատարած աշխատանքը։ –
Դուք խոսում եք ձեռքբերումների, դրական բաների մասին՝ մոռանալով նշել, որ երկրում
բազմաթիվ բացասական բաներ կան, այդ թվում նաեւ կրիմինալ տարրերի ակտիվացումը, օրը
ցերեկով փողոցում մարդ սպանելը, կրակոցները եւ այլն: Դրական բաներին տեր եք, վատ
բաներին տեր չե՞ք: – Մենք տեր ենք ամեն ինչին, եւ Հանրապետական կուսակցությունը
երբեք չի հրաժարվել պատասխանատվությունից՝ երկրում տեղի ունեցող թե՛ լավ, թե՛ վատ
երեւույթների համար։ Իսկ ո՞ր երկրում բացասական երեւույթներ չկան. ամեն տեղ էլ կան,
եւ Հայաստանը, այո, բացառություն չէ։ Մեզ եւս նման երեւույթները մտահոգում են, սակայն
իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են նմանօրինակ երեւույթների դեմն առնելու
եւ դրանք կանխելու համար։ Պարզապես ամեն ինչի համար ժամանակ է պետք։ – Ձեր
մասով էլ խոսվում է այն մասին, որ դուք թեպետ հանրապետական եք, սակայն աշխատում եք
նաեւ «ԲՀ»-ի հետ։ Այդպե՞ս է արդյոք: – Այդ թեմայով եղան որոշ հրապարակումներ,
որոնք իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Թերեւս, նման վերլուծականների
հեղինակներին այդօրինակ եզրակացություններ անելու հիմք են տվել իմ եւ Գագիկ Ծառուկյանի
անձնական մտերիմ հարաբերությունները: Մենք Գագիկի հետ տասը տարուց ավելի ընկերություն
ենք անում, եւ այս հանգամանքը ոմանց հիմք է տալիս սխալ վերլուծություններ անել։ Մինչդեռ,
մեր ընկերական հարաբերությունները թե՛ ես, թե՛ Ծառուկյանը երբեք չենք տեղափոխում
քաղաքական հարթություն եւ երբեք չենք միջամտում միմյանց քաղաքական գործերին եւ ծրագրերին։
Ես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եմ եւ պայքարելու եմ Հանրապետականի
շահի համար։ Եվ ընդհանրապես, քաղաքական դաշտում ես ո՛չ թշնամիներ եմ փնտրում եւ ո՛չ
էլ ուզում եմ այդպիսիք ստեղծել: Ես կողմ եմ քաղաքական ուժերի միջեւ ազատ եւ արդար
մրցակցության, եւ այն քաղաքական ուժերը, ում կվստահի ժողովուրդը, մենք բոլորս պարտավոր
կլինենք հարգել ժողովրդի կատարած ընտրությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել