Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ,ՀԱՍԱՐԱԿ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Դեկտեմբեր 28,2006 00:00

\"\"Լրագրողները մաղթում են, որ Խոզի տարում իրար խոզություն չանենք

Հարցումները անցկացվել են նախագահականում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Հին տարին ճանապարհելու եկած մի շարք լրագրողների շրջանում: Հարցերը հիմնականում հետեւյալն էին՝ քաղաքական կամ պետական այրերից ո՞վ է ամենից հարմար Ձմեռ պապը, իսկ կին գործիչներից՝ Ձյունանուշիկը, ինչպիսի՞ն է լինելու 2007-ը՝ որպես խորհրդարանական ընտրությունների տարի, կլինե՞ն կրակոցներ, վիրավորանքներ, կռիվ-ղալմաղալներ, եւ արդյո՞ք լրագրողները եւս ունեցել են մանկության երազանքներ կամ՝ ակնկալիքներ Ձմեռ պապերից:

Արա Թադեւոսյան, «Մեդիամաքսի» տնօրեն. «Ամենից հարմար Ձմեռ պապը, կարծում եմ, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կլինի, իսկ Ձյունանուշի հարմար թեկնածու չեմ տեսնում, չկա այդպիսի հմայիչ, բարի կերպար: Հիմա չեմ հիշում, թե փոքր ժամանակ ինչ եմ ուզել Ձմեռ պապից, բայց հիմա ուզում եմ, որ իմ բոլոր մտերիմները լինեն շատ առողջ եւ շատ հաջողակ, որպեսզի ես եւ իմ բոլոր ընկերները շրջապատված լինենք մի լավ, տաք մթնոլորտով»:

Հովհաննես Գալաջյան, «Իրավունքի» գլխավոր խմբագիր. «Ձմեռ պապ կսազի Գալուստ Սահակյանը, քանի որ տարին տասներկու ամիս նա զբաղված է խորհրդարանական մեծամասնությանը ճիպոտով դահլիճ քշելով, գոնե տարին մեկ անգամ պետք է տրամագծորեն հակառակ կերպարը ընդունի, որ հավասարակշռությունը վերականգնվի: Իսկ Ձյունանուշիկ կլինի Հրանուշ Հակոբյանը, որովհետեւ նա կոմերիտական հարուստ անցյալ ունի, իսկ այդ ժամանակներում տարբեր տեսակի միջոցառումներ, կերպարանափոխություններ շատ էին անցկացվում կոմսոմոլի հովանու ներքո»:

Աստղիկ Գեւորգյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ. «Կուզենայի ձեւավորվեր Ձմեռ պապի այսպիսի մի հավաքական կերպար, որը բարություն է բերում, նվերներ, չիր-չամիչ, խաղալիք է բերում երեխաներին՝ առանց հեռահար նպատակներ հետապնդելու»: Աստղիկ Գեւորգյանը վստահ է, որ «մենք արդեն սպառել ենք լարվածության, կրակոցների լիմիտը, ուզում եմ մաղթել, որ լինի քաղաքակիրթ պայքարի տարի, հանդուրժողականության տարի, որովհետեւ մենք շտապում ենք ունենալ նորմալ երկիր»:

Պետրոս Ղազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան. «Երկու կարծիք չի կարող լինել, Ձմեռ պապի ամենից հարմար թեկնածուն Մանուկ Գասպարյանն է, ինքը հայ տղամարդու կերպար է, բայց մյուս կողմից՝ շատ բաց է, բարդույթավորված չէ, ինչը չէի ասի քաղաքական մյուս գործիչների մասին: Հավեսով Ձմեռ պապ կլինի, ու ես եթե փոքր երեխա լինեի, երջանիկ կլինեի, եթե այդպիսի Ձմեռ պապ գար մեր տուն»: Մեր հարցին՝ իսկ կին գործիչներից ո՞ւմ կսազի Ձյունանուշիկի կերպարը, պատասխանեց. «Ավելի «կռիս» հարց ես չէի լսել էս տարվա մեջ, իսկ եթե խոսքը քաղաքական գործիչներին չի վերաբերում, ես կնախընտրեմ Քրիստինա Ագիլերային»: Պետրոս Ղազարյանը 2007-ի մասին ասաց, թե պետք է ձգտել, որ տարին նորմալ ընթացք ունենա. «Չնայած միտումները կարծես հակառակին են գնում, մի կողմից նորմալ է, տարվա վերջ է, մարդկանց նյարդերը չեն դիմանում»:

Ռուզան Խաչատրյան, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող. «Տղամարդ քաղաքական գործիչների մեջ, ինձ թվում է, Ձմեռ պապի ամենահաջող եւ ամենադիպուկ կերպարը ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն է, նրա բարությունը եւ սթափությունը չափ ու սահման չունեն, իսկ Ձյունանո՞ւշ, ճիշտն ասած, Ձյունանուշի համար մի քիչ փոքր տարիք է ենթադրվում, քաղաքական գործիչների մեջ այդ սեռի, այդ տարիքի ներկայացուցիչ չկա, թողնենք մյուս տարվան»:

Տիգրան Կարապետյան, «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար. «Մանուկ Գասպարյանը լավ Ձմեռ պապ կլինի, հումորով է, դա շատ հարմար է: Ձյունանուշի՞կ, ճիշտն ասած, մի քիչ դժվարանում եմ ասել, օրինակ՝ մեր համակարգից Հեղինեին կսազեր Ձյունանուշիկը, իսկ ուրիշ համակարգից չեմ կարող ասել»: Ըստ Տիգրան Կարապետովիչի, 2007-ին «ցավոք կլինի եւ կռիվ, եւ ծեծուջարդ, ցանկալի չէ, բայց որոշակի ուժեր մեծ կարծիքի են իրենց մասին եւ բավարարված չեն ուղղակի ընթացքից, ուզում են ավելի արագացնել»: Մաղթեց խաղաղություն, սեր, հույս եւ էլի մեկը. «Շատ կարեւոր է, որ ընտրություններն անցնեն առանց չարաշահումների, եթե լինեն չարաշահումներ, ապագա չի լինի, որովհետեւ վերջին շանսն են այս ընտրությունները»:

Սաթիկ Սեյրանյան, «168 ժամի» գլխավոր խմբագիր. «Հեղինե Բիշարյանը եւ Հերմինե Նաղդալյանը թող Ձյունանուշիկի պաշտոնը կիսեն իրար մեջ, իսկ Ձմեռ պապ՝ երեւի էջմիածինցի Հակոբ Հակոբյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը, թող իրենք էլ իրար մեջ կիսեն»:

Ռաֆիկ Հովհաննիսյան, «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան. «Ձմեռ պապի կերպարը ամենից շատ կսազի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, բարիքներ բաժանողի տպավորություն է թողնում, բարեհոգի մարդ է: Իսկ Ձյունանուշի՞կ, կին քաղաքական գործիչներից ախր բոլորը էդ տարիքից դուրս եկած են, է»: Մաղթեց, որ աշխարհին խաղաղություն լինի. «Եթե չլինի խաղաղություն, իսկ ես հույս ունեմ, որ կլինի, չի լինի ոչ կոլեկտիվ երջանկություն, ոչ էլ անհատական երջանկություն»:

Գնել Նալբանդյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ. Մեր հարցին՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ կսազեր Ձմեռ պապի կերպարը, պատասխանեց. «Բոլորին եւ յուրաքանչյուրին, նրանք բոլորը ծնված են հատկապես դրա համար: Ձմեռ պապն ի՞նչ է՝ խոստումներ, նվերներ, գլուխ շոյել, դե, իսկ հետո ինչ կգտնես բարձի տակ, ուրեմն քոնն է, եթե կգտնես: Իսկ որպես գենդերային քաղաքականության հաջողություն, յուրաքանչյուր տասը հազար Ձմեռ պապին հասնում է միջին հաշվով 20 Ձյունանուշ, Հայաստանում էդպես է»:

Արամայիս Սահակյան, «Ոզնու» խմբագիր. «Ես քաղաքական գործիչ չեմ, բայց ամենալավ Ձմեռ պապը ես կլինեի, իսկ Ձյունանուշիկը՝ դու»: Նաեւ մաղթեց. «Անցնող տարին քանի որ Շան տարի էր, շատերը շնացան, բայց մյուս տարի Խոզի տարի է, հուսամ, որ խոզությունները քիչ կլինեն եւ գոնե մի անգամ մարդավարի կապրենք»:

Տաթեւիկ Բաղդասարյան, «Հայլուրի» մեկնաբան. «Գագիկ Ծառուկյանը լավ Ձմեռ պապ կլինի, իսկ Ձյունանուշիկ չեմ գտնում: Մաղթում եմ, որ բոլորը նոր տարում զգային այն, ինչ ես եմ զգում՝ մայրության երջանկությունը: Առաջ երբ ասում էին՝ խաղաղություն ենք ցանկանում, շաբլոն էր թվում, բայց հիմա հասկանում ես, որ ավելի թանկ բան չկա՝ երեխաների ապագայից եւ երջանկությունից բացի»:

Տիգրան Լիլոյան, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակից. «Երազանքս է, որ Հայաստանը չհայտնվի միջազգային լրատվության առաջին թողարկումներում եւ էջերում, այսինքն՝ ամեն ինչ հարթ լինի: Իսկ ինչ վերաբերում է Ձմեռ պապին եւ Ձյունանուշիկին, մեր երկրում, չգիտես ինչու, ընդունված է, որ ամեն մեկը զբաղվում է ոչ իր գործով, իսկ ճիշտ կլինի, որ ամեն մեկը զբաղվի իր գործով՝ Ձմեռ պապը եւ Ձյունանուշիկը պետք է լինեն իսկական եւ նրանց գործառույթը որեւէ այլ դեմք չպիտի կատարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել