Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ»

Հունվար 31,2007 00:00

\"\"Զարմանում է ռեժիսոր Արմեն Մազմանյանը, հիշեցնելով, որ «ԱԼՄ»-ի եթերից Տ. Կարապետյանը բազմիցս կաշառակեր է անվանել ՀՀ դատարաններն ու դատախազությունը:

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) շարունակեց քննել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ տուժողը «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն է: Ա. Մազմանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե մեղադրող, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Արթուր Երիցյանը ունի՞ որեւէ փաստաթուղթ, որ կհավաստի նրա՝ որպես մեղադրող հանդես գալու իրավունքը: Նախագահող Մ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ Ա. Երիցյանի մասնակցությունը որպես մեղադրող՝ բավարար կարգով հիմնավորված է, բայց այդ մասին չկա որեւէ գրավոր փաստաթուղթ: Հ. Ալումյանը բացարկ հայտնեց մեղադրողին. «Արթուր Երիցյանը չի կարող որպես մեղադրող ներկայանալ՝ մեղադրանքը պաշտպանելու պատշաճ լիազորություններ չունենալու պատճառով»:

«Մենք դատախազի դեմ ոչինչ չունենք, ուզում ենք ամեն ինչ լինի գրավոր եւ օրենքով, ես բանավոր չեմ ուզում դատվել»,- իր հերթին ասաց Արմեն Մազմանյանը: Նա դժգոհեց, որ ոստիկաններն իրեն բերման ենթարկելու նպատակով մտել են այն բնակարանը, որտեղ ինքը գրանցված է, բայց չի բնակվում եւ անհանգստացրել են իր 87-ամյա մորը: Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանը Ա. Ալումյանի կողմից մեղադրողին հայտնած բացարկը անհիմն համարեց. «Դատախազը օրենքով սահմանված կարգով նշանակված անձ է, հետեւաբար փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա»: Դատարանն էլ մերժեց վերոնշյալ բացարկը:

Ա. Մազմանյանի պաշտպան Հ. Ալումյանը նախագահողի կողմից Ա. Մազմանյանին բերման ենթարկելու մասին դատարանի որոշումը որակեց որպես «միակողմանի մոտեցման արդյունք»: Ըստ պաշտպանի, ինքն ու Ա. Մազմանյանը ճիշտ ժամանակին ներկայանալով դատարան, 40 րոպե սպասել են նիստի սկսվելուն եւ հետո միայն հեռացել, մինչդեռ մեղադրողը իր ուշանալու մասին ընդամենը բանավոր էր զգուշացրել դատական նիստերի քարտուղարին: Հ. Ալումյանի մեկ այլ հայտարարություն վերաբերում էր այն փաստին, որ դատախազության քննիչ Արամ Գրիգորյանը իրականացրել է տվյալ գործով եւ նախաքննությունը, եւ հետաքննությունը: Ըստ փաստաբանի, քննիչը կատարել է մի շարք դատավարական գործողություններ, որոնց իրավունքը չուներ, հետեւաբար «Ա. Գրիգորյանի կողմից ձեռք բերված ապացույցները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում ու պետք է ճանաչվեն անթույլատրելի»: Դատարանը մերժեց Ալումյանի այս միջնորդությունը եւս:

Ա. Մազմանյանն էլ գտնում էր, որ իրեն բերման ենթարկելու որոշման մեջ «չի ներկայացել» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը. «Այն կազուս է, սուտ, որովհետեւ ես 45 րոպե եղել եմ դատարանում, հետո հեռացել»: Ռեժիսորը բացարկ հայտնեց նախագահողին, հայտարարելով, որ իր իրավունքներն անընդհատ ոտնահարվում են դատարանում, իսկ մոր տուն ոստիկաններ ուղարկելը եւ ծեր կնոջը վախեցնելը նա ճնշում որակեց: Նախագահողին հայտնած բացարկը մերժվեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 31-ին:

Ա. Մազմանյանը երեկ «Առավոտին» ասաց, որ Տիգրան Կարապետիչը «ԱԼՄ» հեռուստաընկերության եթերից բազմիցս հայտարարել է, թե Հայաստանի դատարաններն ու դատախազությունը կաշառակեր են: «Տարօրինակ է, որ Հայաստանի դատախազությունը Կարապետիչի՝ իրենց հասցեին ասվածին ընթացք չի տալիս, այսինքն անուղղակի ընդունո՞ւմ են, որ կաշառակեր են, մինչդեռ նույն մարդու դիմումը իմ մասին տեղում դառնում է քրեական գործ ու նմանվում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը»,- փաստեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել